Պրահայի Կարլի համալսարանում վերաբացվել են հայագիտության առարկաները

Սեպտեմբերի 16-ին Չեխիայում Հայաստանի դեսպանության և Պրահայի Կարլի համալսարանի միջև կնքվել է համաձայնագիր՝ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հայագիտության առարկաների դասընթացի վերաբացման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, չեխական կողմից՝ համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիման:

Կարլի համալսարանում հայագիտության դասավանդումն ավանդույթներ ունի: Տարբեր տարիների (1953թ. և 1996թ.) բացվել է ամբիոն կամ անց է կացվել դասախոսությունների շարք:

Կարևորելով համալսարանում հայագիտության դասավանդման ավանդույթների վերականգնումը` Հայաստանի կառավարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով, որոշում է կայացրել ֆինանսական օժանդակություն տրամադրել Կարլի համալսարանին՝ դասավանդումը վերսկսելու նպատակով:

2014-2015թթ. ուսումնական տարվա ընթացքում չեխ ուսանողներին կառաջարկվեն հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի և աշխարհագրության դասընթացներ:

Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին` ռեկտոր Զիման նշել է, որ չափազանց կարևորում է հայագիտության առարկաների դասավանդման վերսկսումը և հայալեզու գրականության գրադարանի վերականգնումը համալսարանում:

Դեսպան Սեյրանյանն իր հերթին առաջարկել է առաջիկայում ուսումնասիրել Պրահայի Կարլի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի կապ հաստատելու հնարավորությունները՝ հետագայում ուսանողների միջև փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման նպատակով:

Արարողությանը և հանդիպմանը ներկա է եղել նաև Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը։

Պրահայի Կարլի համալսարանը հանդիսանում է Եվրոպայում ամենահին և հեղինակավոր համալսարաններից մեկը: Այն հիմնադրվել է 1348թ., ունի 17 ֆակուլտետ և մի շարք ինստիտուտներ, հետազոտական, մասնագիտական, կրթական կենտրոններ: Համալսարանում ուսանում է ավելի քան 53000 ուսանող, որոնցից 7000-ը` արտերկրից: Համալսարանը մասնագիտանում է հիմնականում ավանդական մասնագիտությունների մեջ: Առավել հայտնի են համալսարանի բժշկական, իրավաբանական և հումանիտար ֆակուլտետները: Կարլի համալսարանը համագործակցում է և ծրագրեր է իրականացնում աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ:

Մեկնաբանել