Ռուսաստանը ինքնաբավ ուժեր կտեղաբաշխի Ղրիմի ուղղությամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում իրադրության սրումը և ռուսական սահմանի մերձակայքում օտարերկրյա աճող ռազմական ներկայությությունը փոփոխություններ են մտցրել Հարավային ռազմական շրջանի հրամանատարության աշխատանքում, հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։

Շոյգուի խոսքով՝ Հարավային ռազմական շրջանի հրամանատարության առաջնահերթ խնդիրներից մեկը դարձել է զորքերի լիարժեք և ինքնաբավ խմբավորման տեղաբաշխումը Ղրիմի ուղղությամբ։

«Ռազմաքաղաքական իրադրությունը հարավ-արևմտյան ռազմավարական ուղղությունում ընթացիկ տարվա սկզբից էականորեն փոխվել է։ Դա մեծ հաշվով պայմանավորված է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Հարավային ռազմական շրջանի տարածքի ընդարձակմամբ։ Բացի այդ՝ կտրուկ սրվել է իրադրությունը Ուկրաինայում, և մեծացել է օտարերկրյա ռազմական ներկայությունը անմիջապես մեր սահմանի մերձակայքում»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը սեպտեմբերի 16-ին պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին։

Մեկնաբանել