Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, հուլիսի 30-31-ին գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով, հաղորդում են Մայր աթոռի մամուլի դիվանից:
Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն է բերել խորհրդի անդամներին, որ ընդառաջ հրավերին ժամանել են Մայր Աթոռ` քննարկելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ, հայ հավատացելոց կյանքը հուզող խնդիրներ:
Ժողովի նիստերն ատենապետել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Գերագույն հոգևոր խորհրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր Աթոռի միջոցառումների վերաբերյալ զեկույց է ներկայացրել հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովականներն իրենց գնահատանքն են հայտնել հանձնախմբին` հանձնարարելով շարունակել միջոցառումների ամբողջացման և նախապատրաստման աշխատանքները:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ի գիտություն է ընդունել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցը Թեմական ուղենիշային կանոնադրության պահանջներին թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի վերաբերյալ:
Տեղեկություններ են ներկայացվել սեպտեմբերի 21-28-ը Մայր Աթոռում գումարվելիք Հայ Եկեղեցու Ընդհանուր եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագծի լրամշակման աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել հանձնախմբի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: ԳՀԽ անդամները գնահատանքով են ընդունել զեկույցը` թելադրելով հանձնախմբին շարունակել կանոնադրության լրամշակման գործընթացը:
Գերագույն հոգևոր խորհուրդը քննության է առել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական գրությունը, ինչպես և Ֆրանսիայի հայոց թեմում դրան առնչված զարգացումների հետ կապված հարցեր:
Հետ քննարկության Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունել է Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից և խնդրանք ներկայացրել Վեհափառ Հայրապետին հաստատելու այն:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ափսոսանք է հայտնել հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված անհիմն գնահատականների առնչությամբ: Գերագույն հոգևոր խորհուրդն իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիայի հայոց թեմի թեմական խորհրդին ստեղծված իրավիճակի կարգավորման գործում` հորդորելով նաև թեմի հավատացյալներին և ազգային հաստատություններին ու կազմակերպություններին` քրիստոնեական սիրո ոգով նպաստել Ֆրանսիայի հայոց թեմի բարեկարգությանը և շինությանը: