19 սեպտեմբեր, 2014 18:51

ԱՄՆ Սենատում քննել են Հայաստանում և Ադրբեջանում դեսպանների թեկնածուներին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սեպտեմբերի 18-ին տեղի են ունեցել Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեքութայի և Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի հաստատման հարցով լսումներ։

Լսումների ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր խնդիրներ, ներառյալ՝ Ադրբեջանում օրենքի գերակայության ամրապնդմանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Հայաստանի դեմ քվեարկելու կապակցությամբ ԱՄՆ-ի հիասթափությանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող հարցեր։

Համաձայն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դեսպանի թեկնածու Միլսն իր ելույթում չի կարողացել 1915թ․ զանգվածային սպանությունները բնութագրել որպես ցեղասպանություն։ Այդուհանդերձ, նա վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգները և ամբողջ աշխարհը համերաշխություն կհայտնի հայ ժողովրդին հաջորդ տարի՝ 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկի 100-րդ տարելիցի կապակցությամբ»։

«Այսօրվա ելույթը 2015թ․ 100-րդ տարելիցի նախաշեմին կորսված հնարավորություն էր Օբամայի վարչակազմի համար՝ վերջնականապես մերժելու Անկարայի լռեցնելու ամոթալի քաղաքականությունը, որն ամերիկացի պաշտոնյաներին արգելում է ազնվորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին»,- ասում է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Վերջին դեսպանը, որ սատարել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Ջոն Էվանսն է եղել՝ 2006-ին։

Համբարյանը շարունակում է․ «Վարչակազմն ակնհայտորեն ձախողեց նաև՝ չօգտագործելով Ադրբեջանում դեսպանի թեկնածու Սեքութայի հաստատման լսումները որպես հնարավորություն՝ արձագանքելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմական ներուժի մտահոգիչ մեծացմանը, պատերազմի աճող սպառնալիքներին, Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի ուղղակի դրսևորումներին: Անխոհեմ լռություն, որը միմիայն կխրախուսի Բաքվի ռազմատենչությունը»։

Դեսպանի թեկնածու Միլսը խնդրել է Թուրքիային «լեզու գտնել Հայաստանի հետ՝ հասնելու փաստերի ամբողջական, ազնիվ և արդարացի ճանաչման, որպեսզի երկու երկրները կարողանան հաստատել խաղաղ, արդյունավետ և զարգացող հարաբերություններ»։ Նա նաև աջակցություն է հայտնել հայ-թուրքական արձանագրություններին՝ վստահեցնելով, որ գործընթացը փակուղի մտավ Թուրքիայի՝ փաստաթղթի վավերացումից հրաժարվելու պատճառով։

Միլսը քննադատել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու ծրագրերը։ Փոխարենը նա հանդես է եկել՝ հօգուտ ԱՄՆ-Հայաստան ավելի մեծ ներդրումների՝ նշելով, որ Միացյալ Նահանգները «դիտարկում է Երևանի հետ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությունը»։

Կոնեկտիկուտը և Վիսկոնսինը ներկայացնող սենատորներ Քրիս Մերֆիի և Ռոն Ջոնսոնի՝ դեսպանի թեկնածուներին ուղղված հարցերի կենտրոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ղարաբաղյան խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը նպաստելու ջանքերն են եղել։ Երկու թեկնածուներն էլ սատարել են ԵԱՀԿ ջանքերին և ցանկություն են հայտնել սերտ համագործակցել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ՝ կողմերին կարգավորմանը մոտեցնելու նպատակով։