«Գնիշիկ»՝ համայնքային կառավարմամբ առաջին պահպանվող լանդշաֆտը Վայոց Ձորում

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և բնապահպանության նախարարությունը սեպտեմբերի 18-ին այսօր կազմակերպել են «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ՄԱԶԾ (UNDP)/ Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ (GEF) ծրագրի ավարտական աշխատաժողովը:

Ծրագրի նպատակն է պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը իսկ խնդիրը՝ նպաստել արգելավայրերի ընդլայնմանը` ապահովելով ներկայիս պահպանվող տարածքներում էկոհամակարգերի առավել ընդգրկուն ներկայացվածությունը և առավել ակտիվ մոտեցում ցուցաբերելով կենսաբազմազանության պահպանության գործընթացում:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի աջակցությամբ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1465-Ն որոշմամբ ստեղծված «Խուստուփ» և ընդլանված «Զանգեզուր» պետական արգելավայրերի մակերեսը կազմում է ավելի քան 15 հազար հեկտար, այսինքն Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի շուրջ 4 տոկոսը: Ըստ նախարարի՝ նորաստեղծ պահպանվող տարածքները ներառում են պահպանվող տարածքների համակարգում մինչ այժմ թերներկայացված լեռնային չորասեր տափաստանները և տափաստանային մարգագետինները, բարձր լեռնային ենթալպյան և ալպյան էկոհամակարգերը, որոնք հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի, կովկասյան ընձառյուծի հիմնական բնակավայրերն են:

Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի ներքո Վայոց Ձորի մարզի Արենի, Գնիշիկ և Խաչիկ համայնքները որոշում են կայացրել ստեղծել «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը` 6 հազար հեկտար մակերեսով, որը համայնքային կառավարմամբ առաջին պահպանվող տարածքը կլինի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Խնդիրը վերջնականորեն կկարգավորվի ծրագրի շրջանակներում լրամշակված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, որի նախագիծը դեռ 2013թ. մայիսին ներկայացվել է Ազգային Ժողով:

Ներկայացնելով կատարված աշխատանքները և հիմնական ձեռքբերումները՝ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատուկ պահպանվող տարածքների համակարգի ավելի լավ զինում, ինչը հնարավորություն կտա ներառել և պահպանել ներկայում թերի ներկայացված էկոհամակարգերը և դրանց կապակցված տեսակները: Համայնքային տարածքներում ծրագիրը ներդրում է ունենում լանդշաֆտների արդյունավետ կառավարման ապահովման գործընթացում, լուծում նաև սոցիալական խնդիրներ: Այն հզորացնում է Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի ֆինանսական կայունությունը:

Նա նաև տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն, ներառյալ համաֆինանսավորումն ու ԳԷՀ-ի միջոցները, կազմում է 2,95 մլնդոլար:

Մեկնաբանել