Համագործակցություն հանուն վերարտադրության

Հայաստանում չկա քաղաքական հասունություն ունեցող մարդ, որը չի հասկանում, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները փորձում է կյանքի կոչել սեփական իշխանությունը վերարտադրելու համար:

Սահմանադրության 50-րդ հոդվածը Սարգսյանին խանգարում է վերարտադրվել, ինչի համար էլ նա ցանկանում է Սահմանադրությունը հարմարեցնել այնպես, որ ի զորու լինի ոչ միայն վերարտադրվել, այլև իրեն վերապահել լիազորություններ, որոնք կընդարձակեն իր իշխանության սահմանները։ Օրինակ, շրջանառվող նախագծի համաձայն՝ Սարգսյանը կարող է Բաղրամյան 26-ից տեղափոխվել Բաղրամյան 19, զբաղեցնել Գալուստ Սահակյանի աթոռը և թագավորել որքան կամենա։ Վերարտադրությունը որպես Սահմանադրությունը փոխելու միակ շարժառիթ ակնհայտ է բոլորին, անգամ Դաշնակցությանը, որը պատրաստվում է հանդես գալ սեփական փոփոխությունների փաթեթով:

Հիմա երբ Դաշնակցությունը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին չի մասնակցում, հիմնավորելով, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին և ցանկանում է համագործակցել Սարգսյանի հետ ավելի լավ կառավարման համակարգ ունենալու և վերարտադրություն թույլ չտալու համար, նախանշվում է զարգացումների երկու սցենար․

– Եթե սահմանադրական փոփոխություն կատարելու հիմնական նպատակը Սարգսյանի իշխանության վերարտադրությունն է, ապա ցանկացած առաջարկ ցանկացած ուժի կողմից պետք է նպաստի վերարտադրության նպատակի իրականացմանը:

– Եթե այդ առաջարկը չի ապահովելու Սարգսյանի վերարտադրությունը, ինչը պնդում են դաշնակցականները, իրենց փաթեթի մասին խոսելիս, ակնհայտ է, որ այսպես կոչված մասնագիտական հանձնաժողովը փաթեթին կտա առնվազն բացասական գնահատական։

Միամտություն է կարծել, որ Դաշնակցությունը չի պատկերացնում Սերժ Սարգսյանի հետ Սահմանադրության փոփոխությունների շուրջ համագործակցության գնալու անարդյունավետությունը։ Դաշնակցությունը չունի իշխանության վրա ազդելու, այսինքն՝ փոփոխությունների սեփական փաթեթը պարտադրելու գործիքներ։ Դաշնակցությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ մսխել է իր պոտենցիալը քաղաքական և հանրային դաշտում, ինչի հետևանքով այսօր Ազգային ժողովում ունի ընդամենը հինգ պատգամավոր՝ նախորդ գումարման խորհրդարանի 15 պատգամավորի փոխարեն։

Շարունակելով սոցիալական կապիտալի մսխման կամ հանրային սպասելիքների չարդարացման քաղաքականությունը՝ հնարավոր է՝ հաջորդ գումարման Ազգային ժողովում ՀՅԴ-ն այլևս ներկայացված չլինի։

Հայաստանի ներկա քաղաքական կառուցվածքն ու քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ուժ կամ անհատ, որը կհամագործակցի Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու համար, դատապարտված է ոչնչացման։ Դաշնակցությունը, այս պահին գոնե, բռնել է ինքնաոչնչացման ուղին։

Մեկնաբանել