Հայ-թուրքական երկու արձանագրություններ ստորագրած (հետևաբար՝ ժամանակակից Թուրքիայի սահմանները ճանաչող) և դրանք կյանքի կոչելու պատրաստ Հայաստանի իշխանությունները աջակցելու են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, որը նախաձեռնել է Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու հարցում դատ բացել Թուրքիայի դեմ: Այս մասին շաբաթ օրը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան Պոլսի «Ժամանակ» թերթի խմբագրի հարցի: Մի քանի հարյուր հոգի տեղավորող դահլիճը պայթեց ծափահարությունների տարափից:
Սիսը ժամանակակից Թուրքիայի տարածքում է՝ պատմական Կիլիկիայում՝ Միջերկրականի ափամերձ հատվածում: Մինչև 1441 թվականը, երբ կաթողիկոսությունը վերադարձավ Էջմիածին, Սիսն էր Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կենտրոնը: Սակայն 1441-ից հետո էլ այն կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝ ընդհուպ մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակները, երբ Սիսի կաթողիկոսությունը և կաթողիկոսը դարձան թափառական և հաստատվեցին Անթիլիասում (Լիբանան):
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին հղած օրհնության խոսքում հայտարարեց, որ առաջիկայում Անթիլիասը Թուրքիայի Սահմանադրական դատարանում դատ է բացելու` պահանջելով իր պատմական կենտրոնի` Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջը՝ հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին:
«Զգացական մոտեցումով կամ քարոզչական նկատառումներով չէ, որ դիմում ենք այս հանդուգն քայլին: Սովորական եկեղեցապատկան մի կալվածք պահանջելու մոտեցումով չէ, որ առնում ենք այս հույժ կարևոր քայլը: Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ գտնվող Կիլիկիո կաթողիկոսարանը պատմական, խորհրդանշական խորունկ իմաստ ունի Կիլիկիայի և ողջ հայության համար»,- հայտարարեց Արամ Առաջինը:
Արամ Վեհափառի ներկայությունը և ելույթները Հայաստան-Սփյուռք համաժողովներում միշտ էլ լուսարձակի տակ են առնվում, քանի որ, ի տարբերություն երբեմն բաժակաճառեր ու բարեմաղթանքներ հիշեցնող այլոց ելույթների, նրա խոսքում տեղ են գտնում նաև քննադատություններ Հայաստանի իշխանությունների հասցեին: Այս անգամ Արամ Առաջինը հպանցիկ անդրադարձավ Հայաստանի տնտեսական վիճակին ու արտագաղթին և կենտրոնացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջագծում նախատեսվող անելիքներին: Շուրջ տասը րոպե տևած նրա ելույթը ծափահարություններով ընդհատվեց 15 անգամ:
«Այն պարագայում, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժի մեր դատը, ինչը հավանական է, այն անմիջապես պիտի ներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Եթե դատը շահենք, պատիվն ու հաղթանակը մեր ժողովրդին կգնա, մեր հայրենիքին ու եկեղեցուն։ Եթե կորցնենք, դարձյալ հաղթած են լինելու, որովհետև ցեղասպանին ու միջազգային համայնքին կհիշեցնենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է, որքան էլ տարիների թիվը մեզ հեռացնում է Հայոց ցեղասպանության թվականից»,- շարունակեց Արամ Առաջինը:
Վեհափառը հորդորեց Հայոց ցեղասպանության խնդիրը ճանաչման ու դատապարտման «նեղ շրջագծից դուրս բերել» և հեռու մնալ ճանաչումը Հայ դատի «վախճանակետը նկատելու մտածելակերպից ու գործելակերպից»: Նա ցանկալի համարեց, եթե Հայաստանը ևս, որպես Հայ դատի իրավատեր, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով դիմի միջազգային արդարության ատյանին: Արամ Առաջինը համաժողովի բացմանը ներկա ավելի քան հազար ներկաներին հիշեցրեց, որ 1990-ի Անկախության հռչակագրով Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը իր օրհնության խոսքում ևս անդրադարձավ 100-րդ տարելիցին: «Պիտի շարունակենք մեր համակարգված գործունեությունը` ի խնդիր Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և մեր արդար դատի պաշտպանության: Հայ եկեղեցին իր նվիրապետական աթոռներով, իր բոլոր կառույցներով օրակարգային առաջնահերթություններից է նկատում մեր ժողովրդի դեմ գործված Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդիրը»,- հայտարարեց Ամենայն հայոց հայրապետը:
Գարեգին Երկրորդը հիշեցրեց, որ հայ եկեղեցին շարունակում է աշխատանքները՝ ուղղված «մեր անմեղ զոհերի սրբադասմանը, որը եկեղեցական կանոնով ու ծեսով պիտի կատարենք 2015 թվականի ապրիլին»: Նա երիտասարդ հայ ընտանիքներին հորդորեց նոր երեխաներ ունենալ, քանի որ «100-րդ մեծ տարելիցին մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն գործը կլինի, որ 2015 թ. բազմանան մեր ընտանիքները և աճեն զավակներով»:
2013 թվականի ապրիլին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդես էին եկել հայտարարությամբ, որով Թուրքիային հորդորում էին «ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց, անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին՝ որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները»:
Այս տարվա ապրիլին, փորձելով նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, «1915 թվականի իրադարձությունների» առիթով հայ ժողովրդին ուղերձ էր հղել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այսօր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայ ժողովրդի հետ կատարվածը Էրդողանը որակել էր «տեղահանություն» և ցավ հայտնել Առաջին աշխարհամարտում թուրք, քուրդ, արաբ և հայ զոհերի համար:
Ի պատասխան, հայտարարություն տարածեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ներկայացնելով Արամ Առաջինի պատասխանը. «Ինչ որ տեղի ունեցավ 1915-ին Թուրքիայում, պատերազմի հետևանքով պատահած դեպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ ցեղասպանություն էր հայ ժողովրդի դեմ բառի իրավական ու քաղաքական հասկացողությամբ: Ցեղասպանություն՝ կազմակերպված ու գործադրված քո նախահայրերի` թալեաթ փաշաների ու էնվերների կողմից: Հետևաբար, հայ ժողովուրդը ցավակցության ու բարոյախոսություն չէ, որ սպասում է Թուրքիայից, այլ Հայոց ցեղասպանության ճանաչում ու հատուցում»:
Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում Հայոց ցեղասպանությանը և 100-րդ տարելիցին իրենց օրհնության խոսքում անդրադարձան նաև Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, վերապետվելի Հովել Միքայելյանը և Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը:
Ինչպես հաղորդվել է, 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Սովորական ձեռնարկ չպիտի լինի սա: Այն լինելու է 100-րդ տարելիցի ամենակարևոր իրադարձություններից մեկը, որովհետև այդ օրը Սուրբ Պետրոսի բազիլիկի մեջ համախմբված պետք է լինեն կարդինալներ, հոգևորականներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ: Այդ միջոցառման վրա են լինելու միջազգային լրատվամիջոցների լուսարձակները»,- Հայաստան-Սփյուռք համաժողովի իր օրհնության խոսքում ընդգծեց Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը:
Լուսանկարը` Ֆոտոլուրի