23 սեպտեմբեր, 2014 13:27

Մի գիշերում Սերժ Սարգսյանին համոզել են

2014թ․ հունվարին Չեխիա կատարած այցի ընթացքում՝ Պրահայում Հայաստանի դեսպանատանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է տեղի հայերի հարցերին այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը: Պրահայում բնակվող լրագրող Շուշան Ղազարյանը ձայնագրել կամ սղագրել է հարցուպատասխանը, որը տպագրել է «Առավոտ» թերթը սեպտեմբերի 23-ի համարում: Հոդվածը կրճատումներով ներկայացված է ստորև:

Դեսպանության դահլիճից տեսաձայնագրող սարքերը դուրս բերվեցին, թույլատրվեց միայն նախագահի անձնական օպերատորին:

Նախագահի մնացած խոսքը. մոնոտոն զրույց է. տնտեսական աննախադեպ աճ, արտագաղթի նվազում, հաջողություն արտաքին դիվանագիտության մեջ: Հետո մեր հարցերն են, նախագահի պատասխանների մասին դատեք ինքներդ:

Լարիսա Գրիգորյանը, մեջբերելով Ազնավուրի հարցազրույցից՝ «Շատ չի անցնի, և Հայաստանը կդառանա մի դատարկ խեցի, ո՞ւմ է դա ձեռնտու, մեծահարուստ ավազակներին, մի քանի մաֆիոզի՞: Ես գիտեմ, որ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որն օրեցօր մահանում է», հարցրեց.

-Պարոն նախագահ, եթե համամիտ եք այս կարծիքին, ապա ինչպե՞ս կարելի է կանխել օրեցօր ահագնացող արտագաղթն ու սաստկացող աղքատությունը:

-Ես Ազնավուրին շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց նա շատ հեռու է Հայաստանից և չի տիրապետում իրականությանը: Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, դուք հայոց լեզվի ուսուցիչ եք, բայց լավ չեք հասկացել ահագնացող բառի իմաստը:

(Եվ նախագահը շարում է թվեր: Այսքան ու այսքան տնտեսական աճ, համախառն արտադրանքի ավելացում, որն էլ հանգեցրել է 2012թ. արտագաղթի տեմպերի նվազմանը): Դուք համաձայն չե՞ք, որ կյանքը ավելի է լավացել, Երևանի փողոցներում ավելի լավ են հագնվում:

-Ոչ,- վերջին նստարանից գոռաց Թամարա Մելքոնյանը:- Հայաստանը միայն Երևանը չի, գնացեք գյուղեր ու կտեսնեք ինչ աղքատություն է:

-Ոտքի կանգնեք, տեսնեմ ով եք: Դուք էստեղ նստած որտե՞ղից գիտեք:

-Գիտեմ, ինչքան փող էի ուղարկում բարեկամներիս, նույնքան էլ հիմա եմ ուղարկում,- ու նախագահի հետ զուգահեռ խոսում է:

-Թողեք խոսեմ, դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, դուք միջազգային թվերին հավատացեք: Միջազգային մոնիթորինգի տվյալներ են: Սրան հավատացեք:

Արմեն Քոլոյան - Պարոն նախագահ ձեր ասած թվերը գումարել-հանելով ստացվեց, որ 2012-ին 170 հազար մարդ է լքել երկիրը: Իսկ դա շատ մեծ թիվ է:

-Եկել էստեղ անհանգստանում ե՞ք: Վերադարձեք. Շատ լինենք: 2013-ի թվերը դեռ չի հրապարակել մեր վիճվարչությունը: Կհրապարակի կտեսնենք:

Բագրատ Առաքելյան - Չեմ թաքցնում, ես այսօրվա կազմակերպված ցույցի մասնակիցներից եմ: Դրսում ապրող հայերի մեծ մասը դեմ է Մաքսային միությանը Հայաստանի միանալուն: Ինչու չհարցրեցիք համայն հայության կարծիքը որոշում ընդունելիս: Հանրաքվե անկացնեիք:

-Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ: Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը մաքսային միության անդամ լինի, թե՝ ոչ: Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել, դու կարադացել ե՞ս Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագիրը, ինչ պայմաններ կան:

-Ես չեմ կարդացել, ես ուղղակի երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, հետո տեղափոխվել Եվրոպա և կարող եմ համեմատել:

-Մեր ընտրությունը քաղաքակրթական ընտրություն չի: Դա ընտրություն է, որը բխում է մեր ժողովրդի տնտեսական շահերից: Մենք չենք կարող Ազատ առևտրի պայմանագիր կնքել և գազը թանկացնել երեք անգամ, հոսանքը: Եթե պարզվի, որ կոնյակը եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում, խաղող չպիտի աճեցնենք և այլն: Էս ե՞ք ուզում: Էստեղ ենթադրենք մի հինգ հոգով բողոքի ցույց արեցիք, դրանով ինչ եք ուզում ասել, որ դուք այստեղ որոշեք, թե մենք այնտեղ ոնց ապրե՞նք:

-Մենք մեր կարծիքն ենք արտահայտել:

-Դուք ձեր կարծիքը ձեր տանը ասեք: Ես դեռ չգիտեմ դեպք, որ նախագահը գնա բանակցությունների՝ իր բոլոր փաստարկները հրապարակած: Մենք դեռ Մաքսային միության անդամ չենք, դեռ 150 օրենքներ պիտի հաստատի  խորհրդարանը, իսկ Ազգային ժողովը մեր ժողովրդի ձայնն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի սեպտեմբերի 23-ի տպագիր համարում: