23 սեպտեմբեր, 2014 13:21

ԱՄՆ-ն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը ISIS-ի դեմ պայքարում

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թուրքիան իր 49 պատանդների ազատ արձակումից հետո կներգրավվի ISIS-ի՝ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (վերջերս վերանվանվել է «Իսլամական պետություն», IS - ՍիվիլՆեթ) խմբավորման դեմ պայքարում: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ամերիկյան MSNBC ամերիկյան հեռուստաալիքի եթերում:

Քերիի խոսքով՝ Թուրքիան՝ որպես ԱՄՆ-ի դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ, տարածաշրջանային տարբեր համաժողովներում հանձն է առել աջակցել խմբավորման դեմ պայքարին:

«Նրանք սկզբից պետք է լուծեին պատանդների հետ կապված հարցը: Այժմ կտեսնենք»,- ասել է Քերին:

Սեպտեմբերի 20-ին Թուրքիայի 46 քաղաքացի և երեք իրաքցի, որոնք երեք ամիս առաջ Իրաքի Մոսուլ քաղաքում պատանդ էին վերցվել թուրքական հյուպատոսությունում, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ազատ են արձակվել «առանց արյունահեղության կամ փրկագին վճարելու»:

Սեպտեմբերի 21-ին Էրդողանն ասել է, որ թուրք պաշտոնյաները պատանդների ազատ արձակման համար սակարկություն չեն արել: Էրդողանի խոսքով՝ նրանց ազատ արձակումը «դիվանագիտական և քաղաքական բանակցությունների արդյունք էր»:

«Սա դիվանագիտական հաղթանակ է»,- Today’s Zaman-ի հաղորդմամբ՝ ասել է Էրդողանն ու ընդգծել, որ պատանդների ազատումը Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) նախապես մշակված օպերացիայի արդյունք է: ISIS-ի դեմ կոալիցիային անդրադառնալով՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ այդ հարցը կքննարկի վարչապետի հետ, և «ՄԱԿ-ի գագաթաժողովից հետո կորոշեն՝ որն է լինելու Թուրքիայի մոտեցումը»:

Այս տարվա հունիսի 11-ին Իրաքի Նինվե նահանգի նահանգապետը հայտարարել էր, որ Թուրքիայի հյուպատոս Օզթուրք Յըլմազը և նրա 24 աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները պատանդ են վերցվել նահանգի կենտրոն Մոսուլ քաղաքում «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» զինյալ ահաբեկչական խմբավորման կողմից։ Օրեր անց այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր մամուլին՝ Մոսուլում թուրքական հյուպատոսության գրավման մասին հաղորդագրությունների պատճառով: Ելույթ ունենալով Տրապիզոնում արշավի ժամանակ՝ Էրդողանն ասել էր. «Թուրքիայի մոտ 100 քաղաքացի գտնվում են ISIS-ի տարրերի ձեռքին: Ինչի՞ եք փորձում հասնել՝ սադրելով նրանց մի ժամանակահատվածում, երբ մենք փորձում ենք փրկել պատանդներին: Սա իմ կոչն է գրավոր ու բանավոր մամուլին. «Խնդրում ենք ձեզ հետևել գործընթացին առանց քարոզելու, առանց դրա մասին չափազանց շատ գրելու կամ խոսելու»»: Էրդողանի ելույթից հետո Անկարայի դատարանը գրաքննություն էր սահմանել Մոսուլի դեպքերը լուսաբանող նյութերի վրա:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայում աշխատում է ISIS-ի դեմ միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, որի մեջ փորձում է ներգրավել նաև Թուրքիային:

Օրերս թուրքական Hurriyet օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ընդգծել է Թուրքիայի աշխարհագրական դիրքի կարևորությունը:

«Թուրքիայի գործն է՝ արդյոք նրա ներդրումը կլինի ռազմական, թե ոչ: Մենք Անկարա չենք գնացել հատուկ խնդրանքով: Մենք Անկարա ենք այցելել՝ պարզելու առկա իրավիճակի վերաբերյալ նրանց մոտեցումներն ու հնարավորությունները»,- ասել է Քիրբին ու հավելել, որ օպերացիան միայն ռազմական չի լինելու:

«Սա պարզապես ռազմական գործողություն չէ, սա համապարփակ մոտեցում է՝ տարածաշրջանային, քաղաքական, տնտեսական ու ռազմական առումներով: Ռազմական տարրը առկա է, սակայն միակը չէ, և Թուրքիան, բացի ռազմականից, կարող է ներդրում անել այլ ճանապարհներով»,- ասել է Պենտագոնի խոսնակը:

BBC-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները օդային հարվածներ են հասցրել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դիրքերին Սիրիայում:

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ գործողության մեջ ներգրավված են կործանիչներ, ռմբակոծիչներ և Tomahawk հրթիռներ։

«Հաշվի առնելով այն, որ գործողությունը շարունակվում է, մենք չենք կարող այժմ ներկայացնել հավելյալ մանրամասներ»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ որպես ԱՄՆ դաշնակիցներ հանդես են եկել Կատարը, Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Հարվածները հասցվել են Սիրիայի հյուսիսային Ռաքաա քաղաքում։ Սիրիայի կառավարությունը հաստատել է, որ «ամերիկյան կողմը ՄԱԿ-ի հատուկ բանագնացի միջոցով նախազգուշացրել է Ռաքաայում «Իրաքի և Շամի իսլամական պետության» դեմ ուղղված օդային հարվածների մեկնարկի մասին»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ ավիահարվածները կոչված են թուլացնելու և ոչնչացնելու «Իրաքի և Շամի իսլամական պետությունը», որը հսկայական տարածքներ է գրավել Իրաքում և Սիրիայում։ Այս նույն խմբավորման ահաբեկիչները նախօրեին Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։