24 սեպտեմբեր, 2014 22:05

Գրողի ծոցը վավերացնեք. Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում մասնակցել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ելույթը ներկայացված է ստորև։

Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ պարոն գլխավոր քարտուղար,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային իրադարձությունների՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի և գալիք տարի նշվելիք 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի ժամանակահատվածում: Շուրջ յոթ տասնամյակ առաջ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Միացյալ ազգերի կազմակերպության առաքելությունն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակույթի ձևավորումն էր, որը կբացառեր անցյալի ողբերգական էջերի կրկնությունը:

2015 թվականը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար: Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915թ. Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, ելույթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կկոչեի Պատվո և Պատասխանատվության ամբիոն, բարձրաձայն ասում եմ.

Շնորհակալություն Ուրուգվայ, Ֆրանսիա, Ռուսաստան:

Շնորհակալություն Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա:

Շնորհակալություն Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս:

Շնորհակալություն Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան:

Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից:

Շնորհակալություն ԱՄՆ-ի, Եվրոպական միության, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք վստահորեն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում: Դա իսկապես խիստ կարևոր է, քանզի ժխտումը ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է:

Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Ավաղ, փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները:

Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, և ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:

Այսօր էլ բոլորիս աչքի առջև են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, երբ կրոնական և ազգային փոքրամասնությունները դառնում են ատելություն դավանող խմբերի թիրախ: Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատվեց և պայթեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող: Սիրիայում և Իրաքի հյուսիսում ստեղված աղետալի իրավիճակն ահագնանում է օր-օրի, և այսօր արդեն ուղղակի վտանգի տակ են հարյուր հազարվոր խաղաղ մարդիկ, այդ թվում նաև Հալեպի տասնյակ հազարավոր հայերը: Սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության և Իրաքի հյուսիս-արևմուտքում բնակվող եզդի բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, և քաջալերված ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում:

Համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանությունը մեր կազմակերպության ստեղծման և գոյության իմաստն է: Վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն ամրապնդել է իր խաղաղապահ կարողությունները՝ նախապատրաստելով մեր երկրի առավել ընդգրկուն ներգրավումը միջազգային խաղաղության և կայունության ապահովմանը: Շատ մոտ ապագայում հայ խաղաղապահները կտեղակայվեն Լիբանանի հարավում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում: Դա հնարավոր դարձավ մեր իտալացի գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ: Վստահ եմ, որ հայ զինծառայողները արժանապատվորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով կիրականացնեն իրենց առաքելությունն՝ օգտագործելով նաև արդեն մեկ տասնամյակի ընթացքում Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում ձեռք բերված հարուստ փորձը:

Հարգելի՛ գործընկերներ,

Արդեն 20 տարուց ավելի է, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են մեր հարևանի ապակառուցողական և առավելապաշտական կեցվածքի պատճառով: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը. Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպես «թիվ մեկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում դիտարկվում է որպես հերոսություն:

Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է՝ միջազգային հարաբերություններում հետևողականորեն առաջ են մղվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշումը: Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետևողականորեն դառնում էթնիկ խնդիրների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից մեկը: Եվ պատահական չէ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հենասյունը ևս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:

Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:

Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման:

Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի Նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:

Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:

Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ:

Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերևարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Թեև, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսևորված վարքագծի հետևանքով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Բարձր գնահատելով ՄԱԿ-ի անփոխարինելի դերը կայուն զարգացման նպատակների մշակման և իրականացման գործում՝ վստահ եմ՝ «2015թ. հետո» զարգացման նոր օրակարգի միջոցով կշարունակենք հազարամյակի զարգացման նպատակներից բխող գլոբալ խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրավերներին դիմակայելու մեր ջանքերը՝ սահուն անցում կատարելով դեպի Կայուն զարգացման նպատակներ:

Եզրափակելով ընդգծեմ, որ ՄԱԿ-ի շրջանակներում մենք միասին զգալի ճանապարհ ենք անցել «Հետ-2015 թվականը զարգացման օրակարգի» ձևավորման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր գործադրել` ճկունություն ցուցաբերելով այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: