25 սեպտեմբեր, 2014 16:54

Տասնութ տարի առաջ այս օրը

1996-ի սեպտեմբերի 26-ի առավոտյան ես Աբովյան փողոցի գետնանցումից չինական արտադրության սպիտակ բոթասներ առա, որ դրանցով սեպտեմբերի 26-ին շարունակեմ քայլել դեպի Ազգային ժողով ու նախագահական նստավայր, քանի որ նախագահական ընտրությունները կեղծված էին առաջին ու արդեն ոչ վերրջին անգամ: Նախորդ ամբողջ օրը՝ սեպտեմբերի 25-ին, ես հաջողացրել էի հանուն նախագահական արդար ընտրությունների իմ պայքարն իրականացնել բարձրակրունկ կոշիկներով:

Կոշիկներս պատրաստվում էի փոխել ԱԺՄ-ի շենքում, որտեղ գտնվում էր «ԱՅԺՄ» թերթի խմբագրությունը: Հիմա, որ հիշում եմ դեմքիս արտահայտությունը, երբ քսնահինգ տարեկանի երջանկությամբ ու վճռականությամբ ու նաև չհիմնավորված անհոգությամբ մոտեցա Աբովյան փողոցի երկհարկանի շենքին ու համարյա դեմքով, ինչպես հիմա են ասում երիտասարդները՝ «հագա» դռների մոտ ամեն մտնողի թևերը ծալելով ինչ-որ տեղ ուղեկցող ոստիկաններին, այդ պահին միայն նկատեցի, որ «ԱԺՄ» ոսկետառ ցուցանակն արդեն չկար, իսկ դուռը կնքված էր…

Ոստիկանը հարցական նայեց ինձ, բայց արտաքինս այնքան չէր համապատասխանում իշխանություն փոխողի արտաքինի, ու ոչինչ չձեռնարկեց, միայն հարցրեց՝ «ո՞ւր ես գնում», ու ես պատսախանեցի՝ անցնում եմ:

Ես ոտքերս չէի զգում, ոչ թե վախից, այլ այն գիտակցությունից, որ ամեն ինչ վերջացավ… չգիտեի ուր գնալ, բջջային հեռախոս չկար: Բարձրացա «Առագաստ» սրճարան: Մարդ չկար: Գնացի տուն: Տնից արդեն զանգերով իմացա, որ շատերը ձերբակալվել են: Ձերբակալվել էր նաև իմ ընկեր Վահե Վարսանյանը, որի հետ մի ոչ մեծ խմբով գիշերվա դեպքերից հետո ցրվել էինք տուն…

Իսկ դեպքերը հետևյալն էին.

Սեպտեմբերի 25-ին օպերայի հրապարակում անցկացված հանրահավաքից հետո ժողովուրդը շարժվեց Ազգային ժողովի շենքի մոտ՝ պահանջելով անվավեր համարել նախագահական ընտությունները, քանի որ դրանք կեղծված էին: Ցասումը հասցրեց Ազգային ժողովի դարպասները ջարդելուն, ժողովուրդը լցվեց ներս: Սեպտեմբերի 25-ին դարպասների մոտ հավաքվածներից ու անարդարության դեմ բողոքողներից շատերը 2008թ. նորից օպերայի հրապարակում էին, բայց այս անգամ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկից, և նորից պայքարում էին կեղծված ընտրությունների դեմ, այս անգամ՝ հօգուտ Տեր-Պետրոսյանի:

Նրանցից շատերն իմ ընկերներն էին և են: Նրանց ես կարող էի և հարցրել եմ՝ ի՞նչ տրամաբանությամբ կանգնել մի մարդու կողքին, որի օրոք սկսվեց ընտրակեղծիքը Հայաստանում: Ինձ պատասխանում էին, որ եթե էդ տրամաբանությամբ շարժվենք, առաջ չենք գնա: Ես մինչև հիմա մատծում եմ այդ մասին:

Ես երբևէ չեմ կարողացել և չեմ կարողանա ֆամիլյար քննադատության ենթարկել ո՛չ Վազգեն Մանուկյանին, որն այսօր ներկա տարօրինակ իշխանության օրոք ղեկավարում է Հանրային խորհուրդը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, որն այսօր կարծես ընդդիմության առաջնորդ է: Վազգեն Մանուկյանն ինձ համար մտավորականի իրական կերպար էր, որին շատ եմ ուզել տեսնել Հայաստանի նախագահի պաշտոնում՝ տեսնելով նրա արմատական ինտելիգենտությունն ու սկզբունքայնությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ինձ դժվար է խոսել, որովհետև նա հորս ընկերն է, հորս հասակակիցը, և դա ինձ պարտադրում է զուսպ լինել: Ու մի գործոն ևս՝ ես մեծացել եմ՝ անընդհատ լսելով նրա մասին, որ լուրջ գիտնական է, որի նմանները քիչ են:

Այնուհանդերձ, Լևոն Տեր Պետրոսյանի օրոք սկզբանվորվեց ընտրակեղծիքի ավանդույթը: Չափազանց մեծ կորուստ ազնվորեն ձևավորված երկրի համար, որն իրեն առաջնորդ էր ընտրել նրանց, ում հետո պիտի ատեր դաժանորեն:

Սեպտեմբերի 25-ը, արդեն տասնութ տարվա հեռվից, երբ բոլոր մանրամասներն անկարևոր են դարձել, կարևոր է մնում մի քանի կետով: Նախ՝Վազգեն Մանուկյանը կարող էր շարունակել պայքարը, ու այդպիսով 1996թ. մենք անպայման կունենայինք զոհեր: Նրա վերջին ելույթը, որը հնչեց օպերայի հրապարակում գիշերվա ուշ ժամին, երբ Ազգային ժողովի դարպասները ջարդելուց հետո հուժկու կրակոցներով ու ջրցան մեքենաներով մարդկանց ցրեցին, ու նրանք հասան հրապարակ, ես երեկ փնտրել եմ ամբողջ համացանցում, դիմել եմ Վազգեն Մանուկյանի ընտանքի անդամներին: Գտել եմ միայն սղագրություն, որտեղ չկար այն, ինչ ես հիշում եմ: Իսկ ես հիշում եմ հաստատ: Հավատալը թողնում եմ ձեր ընտրությանը: Իր վերջին խոսքում նախքան հետապնդվելը նա ասաց, որ չի ուզում որևէ մեկի արյան գնով հասնել իշխանության, խնդրեց ցրվել՝ հաջորդ օրը պայքարը շարունակելու վճռականությամբ: Սա ես հիշում եմ հաստատ, որովհետև իմ անհաս գիտակցությամբ ես դրա դեմ ներքուստ, մեղմ ասած՝ ընդվզեցի, իսկ 25 տարեկանում կարող էի ինձ թույլ տալ արտահայտություններ, որոնք այսօր երբևէ որևէ պատկառելի տարիքի ու կենսագրության մարդու հանդեպ անել չեմ կարող: Իսկ հետո՝ ավելի հասուն տարքիում, ես ավելի հարգեցի այս մարդու որոշումը, նաև նրա կորցրած նախագահական աթոռը, որին բնավ կառչած չէր: Նա ստացել էր իր կարևոր քվեն ու այն փոխել որևէ մեկի արյունը չհեղելու որոշման հետ:

Երկրորդ կարևոր գործոնը: Ես չգիտեմ՝ ինչ կլիներ, եթե սեպտեմբերի 26-ին շարունակվեր համաժողովրդական պայքարը, բայց այդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, այնուամենայնիվ ժողովրդի վրա չկրակեցին: Թե անձամբ ում շնորհիվ կանխվեց ու չկատարվեց ամենասարսափելին, բազմաթիվ կարծիքներ են եղել, բայց 18 տարվա հեռվից բոլոր մանրամասներն անկարևոր են: Կարևորը փաստն է: Կրակեցին, բայց՝ օդ: Մենք իհարկե կրակների տակ սարսափահար չէինք հասկանում՝ իրականում ուր են կրակում, բայց փաստը մնաց փաստ՝ կրակում էին օդ…

Մյուս կարևոր գործոնը. այդ օրը կոտրվեց ժողովրդի կամքը: Այդ օրվանից ընտրողը թերահավատ է իր կարևորության հարցում, այդ օրվանից ամրապնդվեց շատ հայկական «մենք ով ենք, որ բան որոշենք» մտածելաոճը: Այդ օրվանից հետո շատ բան փոխվեց …

Այսօր սեպտեմբերի 25-ն է: Տասնութ տարի առաջ նույնպիսի եղանակ էր, մարդիկ, շատ մարդիկ, հազարավոր մարդիկ, կարող եք նայել տեսանյութերը՝ պահանջում էին հարգել իրենց ընտրությունն ու թույլ տալ իրենց ընտրյալին լինել նախագահ: Այդ օրը լռեցվեց, անորոշ ժամանակով լռեցվեց ժողվրդի ուժեղ ձայնը: Սեպտեմբերի 26-ին սկսեցին ձերբակալվածների խոշտանգումները: Խոշտանգում էին դաժանաբար: Տարիներ հետո դա էլ մոռացվեց, ու անգամ խոշտանգողներն ու խոշտանգվողներն արդեն միասին նստում են սրճարանում: Կյանքը հարթեցնում է ամեն ինչ, իսկ մարդը սոցիալական էակ է, ու ամեն ինչ մի օր մոռացվում է:

Բայց արմատներն այսօրվա անզոր հուսահատության 18 տարի առաջ այս օրվա մեջ էր:

Իմ սպիտակ չինական բոթասներն այլևս պետք չեկան ինձ, որովհետև դրանից հետո ես ոչ մի բանի էլ չեմ մասնակցել, բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի կարճատև իշխանափոխության, բայց նաև չեմ խոչընդոտել դեռ շատ պատանի զավակներիս հավատալու: 2008թ. տղաս դպրոցական էր, վազում էր օպերայից տուն ու հևիհև ասում «հեսա տես ինչ ենք անելու», ու նորից գնում էր: Մայրս ասում էր՝ «էս էրեխան մեղք չունի, սա դեռ էմբրիոն էր, որ հեղափոխություն էր անում»: 96-ի սեպտեմբերի 25-ին, երբ արդեն Ազգային ժողովի տաարծքում էինք, ինձնից տարիքով մեծ գործընկերուհիս աստիճանների վերևից գոռաց. «Լո՛ւս, դու մի՛ արի, դու կարողա հղի ես»՝ առաջացնելով ապստամբների քրքջոցը: Այդ աննորմալ խառնաշփոթի մեջ մենք քրքջում էինք «Եռանկյունու» Մկրտիչի նման ուղղաթիռից ասած «Համոն պարտքը չի տվել» արտահայտության վրա: Մինչև կհասնեի, դարպասներին արդեն կրակում էին, ու մենք Ազգային ժողովի թաց հողին պառկած՝ գլուխներս ափերի մեջ առած, ուզում էինք ապրել, այնքան ուժեղ էինք ուզում ապրել: Ինը ամիս անց ծնվեց տղաս: Այսպես ստեղծվեց իմ ընտանիքը, այսպես պայքարում էինք, որ արդար լինի: 2008թ. ութ տարեկան աղջիկս գիշերանոցով բարձրանում էր պատուհանի գոգին ու գոռում. «մամ, էս պատերա՞զմ ա»: Պատուհանի առաջ տիեզերագնացի նման ոտ ու գլխով զրահապատ ոստիականներ էին՝ սևազգեստ ու սև վահաններով:Իսկ առջևում, մի քանի օր անց մահն էր:

1996թ. սեպտեմբերի 25-ին մենք կարող էինք ունենալ ուրիշ նախագահ, ուրիշ կարգեր, ու միգուցե ուրիշ ճակատագիր կունենար Հայաստանը:

Եվ, ամենակարևորը, հասարակության ինքնագնահատականը բարձր էր լինելու, ինքը հավատացած էր լինելու, որ իր ձայնը որոշիչ է:

Այսօր՝ սեպետմբերի 25-ի առավոտյան, Սյունիքի մարզպետ նշանակվեց Սուրեն Խաչատրյանը: 1996թ. սեպտեմբերին նա Գորիսի քաղաքապետն էր, ու երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գնում էին Գորիս քարոզարշավի, քարոզարշավն ուղեկցվում էր դաժան ծեծուջարդով: Այդ աշնանն էլ նա աշխատում էր հանուն իշխանության, հանուն Տեր-Պետրոսյանի իշխանության:

Տասնութ տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության հասարակությունը սկսեց չհավատալ իր ձայնի կարևորությանը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: