«Հայերը. ցեղասպանություն և իտալական 20-րդ դար» խորագրով գիտաժողով Իտալիայի սենատում

Իտալիայի սենատում սեպտեմբերի 23-ին անցկացվել է «Հայերը. ցեղասպանություն և իտալական 20-րդ դար» խորագրով գիտաժողով, հաղորդում են Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Գիտաժողովին, որը կազմակերպել էր Իտալիայի վերին և ստորին պալատներում ձևավորված Հայաստանի հետ բարեկամության խումբը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, ներկա են եղել Իտալիայի սենատորներ և պատգամավորներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով ներկաներին են դիմել բարեկամության խմբի խորհրդի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին, փոխնախագահ, պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլին, խմբի անդամ պատգամավոր Սանդրա Զամպան, ինչպես նաև Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Սենատոր Դե Բիազին ընթերցել է Իտալիայի նախագահի գլխավոր քարտուղար Դոնատո Մառոյի՝ նախագահ Նապոլիտանոյի և սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի անուններից` կոնֆերանսին հղված ողջույնի ուղերձները, որոնցում կարևորվել է 20-րդ դարի ամենաողբերգական էջերից մեկի վերաբերյալ գիտաժողովի անցկացումը և հիշատակվում դարերի արմատներ ունեցող հայ-իտալական բարեկամական հարաբերությունները: Ուղերձում ընդգծվել է, որ որպես ապագայի խաղաղության գրավական հատկապես ներկայիս մարտահրավերների ու ճգնաժամերի պարագայում անհրաժեշտ է անցյալի հիշողության պահպանումը: Սենատի նախագահն իր ուղերձում ողջունել է կոնֆերանսի անցկացումը:

Սենատոր Դե Բիազին իր խոսքում անդրադարձել է իսլամիստների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը և հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում Իտալիայի քաղաքական և հասարակական շրջանակների անունից դատապարտել այդ բարբարոսությունը և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին:

Դեսպան Սարգիս Ղազարյանը շնորհակալություն է հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին ու բանախոսներին, ներկաներին: Նա ընդգծել է, որ Միջին Արևելքի ներկայիս իրադարձությունները վառ ապացույց են, որ չպետք է դադարել ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և ժխտողականության մասին խոսելը: Ղազարյանը մեծապես կարևորել է ցեղասպանությունների մասին հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կանխարգելումը, այդ թվում՝ կրթության միջոցով:

Դեսպանը խոսել է նաև Դեր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման, Միջին Արևելքում փոքրամասնությունների իրավիճակի մասին՝ նշելով, որ տեղի ունեցող վայրագությունները վկայում են, որ ցեղասպանության միտումներն ու վտանգն առկա են նաև մեր օրերում:

Ամփոփիչ խոսքով հանդես է եկելվ նախկին գումարման խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հիմնադիր Ալբերտինա Սոլիանին: Նա իր խոսքում մեծապես կարևորել է ժխտողականության դեմ պայքարը՝ նշելով. «Բոլորս հայ ենք, որովհետև Հայոց հարցը եվրոպական հարց է, իսկ Հայաստանը՝ եվրոպական քաղաքակրթության մաս»:

Մեկնաբանել