26 սեպտեմբեր, 2014 14:17

Ռուսաստանը վավերացրեց Եվրասիական միության պայմանագիրը

ՌԴ Պետդուման սեպտեմբերի 25-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագիրը, որը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել էին այս տարվա մայիսին։

Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, անհրաժեշտ 226 ձայնի դեպքում «կողմ» է քվեարկել 441 պատգամավոր, դեմ որևէ մեկը չի քվեարկել, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Պետդումայի՝ եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին լիահույս է, որ պայմանագրի մյուս մասնակիցները՝ Ղազախստանն ու Բելառուսը, փաստաթուղթը կվավերացնեն մինչև հոկտեմբերի 9-ի մինսկյան հանդիպումը։ Սլուցկիի խոսքով՝ Ղազախստանի խորհրդարանը ծրագրում է հարցը քննարկել հոկտեմբերի 1-ին, իսկ Բելառուսի խորհրդարանը՝ հոկտեմբերի 7-ին։

Աստանայում մայիսի 29-ին ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ստորագրել էին երեք երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Մայիսի 29-ին Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը։

Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ «Հայաստանը ամենամոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ»։

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսին հաստատել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որը ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։ Սեպտեմբերի 1-ին Պուտինը կարգադրել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանից բացի` պայմանագիրը պետք է հաստատեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` օգոստոսի 26-ին Մինսկում Մաքսային միության պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալու են բանակցություններ, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Հայաստանի և Ղրղզստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը։

Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում իր դասախոսության ընթացքում հայտարարել է, որ «Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար»:

Սեպտեմբերի 25-ին հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի տեքստը։