26 սեպտեմբեր, 2014 15:11

Ղուրանը Թուրքիայում` արևելահայերեն և արևմտահայերեն

Թուրքիայում առաջիկայում հրատարակվելու է Ղուրանի արևմտահայերեն և արևելահայերեն թարգմանությունը: «Ակօս» թերթի թղթակից Լորա Սարինը զրուցել է Ղուրանի թարգմանությունն իրականացնող BMAR հրատարակչատան աշխատակից Մուրադ Ռումևլեքլիօղլուի հետ: Վերջինիս խոսքով՝ Ղուրանի հայերեն թարգմանությունն իրականացնում է Յավուզ Այդընը, որը փայլուն տիրապետում է թե՛ արևմտահայերենին և թե՛ արևելահայերենին: Այդընն Անկարայի համալսարանի Հայոց լեզվի և գրականութան ամբիոնի ասպիրանտ է: BMAR հրատարակչատան աշխատակիցը նշել է, որ նախկին զինվորական, փոխգնդապետ Յավուզ Այդընը հայերենին տիրապետող լավագույն մասնագետն է:

Ռումևլեքլիօղլուն Լորա Սարինի հետ զրույցում բացահայտել է թարգմանչական գործիորոշ ուշագրավ պահեր: Այսպես, նրա խոսքով՝ մեկ բառ թարգմանելու համար մասնագետին երբեմն հարկավոր է հինգ-վեց ժամ: Ղուրանի թարգմանության խմբագիրը «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն է:

Լորա Սարինի` «Ինչո՞ւ եք Ղուրանը հայերեն թարգմանում, մի՞թե Թուրքիայում նման պահանջ կա» հարցին ի պատասխան` Մուրադ Ռումևլեքլիօղլուն ասել է.«Մենք  նպատակ չունենք որևէ մեկին մուսուլման դարձնել: Սակայն ես ճանաչում եմ հայ երիտասարդների, որոնք ծնողներից գաղտնի իսլամ են ընդունել: Հայերը թուրքերին մշտպես վատ մարդ են համարել, իրենց աղջիկներին կնության չեն տվել: Հայկական համայնքն այս առումով սխալ է վարվել: Մինչդեռ պատմությունը ցույց է տալիս, որ մենք միշտ միասին ենք ապրել, մեր մանկության խաղերն էլ նույնն են եղել: Ես ուզում են ասել հայերին, որ մեր կրոնը հանդուրժողականության և եղբայրության կրոն է: Ղուրանը թարգմանության շնորհիվ  հասանելի կդառնա հայերին. նրանք կկարողանան ծանոթանալ մեր կրոնի մասին ճշմարտությանը»:

Թեև Ղուրանի այս թարգմանությունը թուրքական մամուլում համարվում է առաջինը, սակայն Ղուրանից հատվածներ թարգմանվել են դեռևս 17-րդ դարում, իսկ 1909թ. Ղուրանը թարգմանվել է Աբրահամ Ամիրխանյանցի կողմից: 1911թ. Ղուրանը հայերեն է թարգմանել նաև պոլսահայ բանաստեղծ Լևոն Լարենցը, որը Հայոց ցեղասպանության զոհերից է: 2006թ. Ղուրանը հայերեն է թարգմանվել նաև պարսկերենից: