26 սեպտեմբեր, 2014 16:48

Լավ է այն, ինչ լավ է ավարտվում: Հետո՞

Hurriyet Daily News-ում լույս է տեսել սյունակագիր Բուրաք Բեքդիլի հոդվածը՝ «Լավ է այն, ինչ լավ է ավարտվում: Հետո՞» վերնագրով: Հեղինակն անդրադառնում է Իրաքում պատանդ վերցված Թուրքիայի քաղաքացիների ազատ արձակմանը ու հարցադրում անում, թե արդյոք այս գործողությունը վկայում է, որ Թուրքիան, գերտերություն է, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ «հասել է այդ մակարդակին»: Բեքդիլը վստահ է, որ՝ ոչ. ավելի շուտ՝ «Թուրքիան ունի մի մարդու տեսք, որին հաջողվել է վերադարձնել այն, ինչ իրենից խլել էին»: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Արդյոք լա՞վ է այն, ինչ լավ է ավարտվում: Մի՞շտ: Այդպես է, թե ոչ, սակայն վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը և թուրք ցանկացած այլ պաշտոնյա, որը զօրուգիշեր ջանասիրաբար աշխատել է ջիհադական-սալաֆիական «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ISIS - ՍիվիլՆեթ) խմբավորման մոտ պատանդ պահվող թուրք 49 պատանդներին անվտանգ հետ վերադարձնելու համար, արժանի է անկեղծ գովասանքի: Հետո՞: Հետո կա պատմության մնացած մասը:

Անկասկած, պարոն Դավութօղլուի երջանկությունն անկեղծ էր, երբ նա իջնում էր ինքնաթիռից, որը Թուրքիա էր հասցրել 101 օր գերության մեջ անցկացրած քաղաքացիներին: Դա մի մարդու երջանկություն էր, որը վարչապետի պաշտոնում իր առաջին օրերին արժանացել էր հերոսին վայել ողջույնի: Դա մի մարդու երջանկություն չէր, որը հոգու խորքում հաշվում էր, թե այս դրվագը քանի ձայն կբերի հաջորդ հունիսին: Հետո՞: Հետո կա պատմության մնացած մասը, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նախագահի՝ թուրք պատանդների ազատ արձակումը «վկայում է այն մակարդակի մասին, որին հասել է մեծ Թուրքիան»: Ենթադրենք՝ այդպես է: Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում Մոսուլում հյուպատոսության աշխատակիցներին գերի վերցնելը: Սա խաղ է, որն ավարտվեց ոչ ոքի: Չկա հաղթող, բացառությամբ նրա, թե ինչ կարող էր ISIS-ը, իր պնդմամբ, վերցրած լինել Թուրքիայից, և չկա պարտվող, բացառությամբ հոգեբանական այն տրավմայի, որին ենթարկվել են պատանդները, այդ թվում՝ երեխաները:

Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է ավարտվել: Եվ դա չի նշանակում, որ Թուրքիան գերտերություն է: Ավելի իրատեսական՝ Թուրքիան պարզապես ունի մի մարդու տեսք, որին հաջողվել է վերադարձնել այն, ինչ իրենից խլել էին:

Արդյոք այս ամենից քաղվե՞լ են դասեր: Այս սյունակի հեղինակը կարող է գրազ գալ՝ ոչ: Հաղթանակից հետո իր ապրած հպարտության առաջին ժամերին պարոն Դավութօղլուն, մասնավոր ինքնաթիռում խոսելով լրագրողների հատուկ ընտրված խմբի հետ, ասաց. «Մեր ծայրամասային աշխարհագրությունում (ու հավելեց, որ նաև՝ Թուրքիայում) չես կարող որևէ բան բացատրել առանց կրոնական գործոնի»: Այս մտածողությունը Դավութօղլուի արտաքին քաղաքական հաշվարկների առանցքն է և դրա ձախողման հիմնական պատճառը:

Կարո՞ղ է մեծարգո վարչապետը, օրինակ, պարզաբանել՝ ինչպե՞ս է կրոնական գործոնը բացատրում այն, որ Թուրքիայի ծայրամասային աշխարհագրությունը բնորոշվում է աշխարհում մարդկային զարգացման ամենացածր մակարդակով: Ինչպե՞ս է կրոնը բացատրում, թե ինչու է նույն աշխարհագրությունը նավթով հարուստ, սակայն քաղաքակրթական տեսանկյունից՝ աղքատ:

Ինչպե՞ս է կրոնը բացատրում այն, որ Թուրքիայի թիվ մեկ հոգևորական Մեհմեթ Գյորմեզի խոսքով՝ «ամեն օր սպանվում է մոտ հազար մուսուլման, և նրանց 90 տոկոսին սպանում են հենց մուսուլմանները»: Ինչպե՞ս է կրոնը բացատրում՝ ինչու են տարբեր ուղղությունների պատկանող մուսուլմանները ռմբակոծում միմյանց մզկիթները:

Ինչպե՞ս է կրոնը բացատրում շարունակական բռնաբարությունները, սպանությունները, կոռուպցիան և ահաբեկչական գործողությունները Թուրքիայի ծայրամասային աշխարհագրությունում: Պարբերական չարաշահումները, մարդու իրավունքների խախտումները և ժողովրդավարական մշակույթի պակասը: Ինչպե՞ս է կրոնական գործոնը բացատրում, որ նույն ծայրամասային աշխարհագրությունը աշխարհի ամենաբռնիներից մեկն է:

Ինչպե՞ս է կրոնական գործոնը բացատրում, թե ինչու նախագահ Էրդողանը, որը ժամանակին «ռոք աստղ» էր Լիբանանի և Եգիպտոսի նման երկրներում, այսօր այլևս ողջունելի չէ այս երկրներից և ոչ մեկում: Կամ, որ ժամանակին նա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տարածաշրջանային ամենասերտ դաշնակիցն էր, մինչև որ գիտակցեց, որ այս մարդը, վա՜յ, ժողովրդավար առաջնորդ չէ:

Ինչպե՞ս է իսկապես, պարո՛ն Դավութօղլու, կրոնական գործոնը բացատրում, որ Թուրքիայի ծայրամասային աշխարհագրությունում (ու նաև՝ Թուրքիայում) և ոչ աշխարհի այլ հատվածներում (ավելի քաղաքակիրթ) «դու չես կարող որևէ բան բացատրել առանց կրոնական գործոնի»: