26 սեպտեմբեր, 2014 17:43

Պետական աջակցություն Ստամբուլի հայկական դպրոցներին՝ 40-ամյա դադարից հետո

Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը պատրաստվում է ֆինանսական աջակցություն տրամադրել երկրի ազգային փոքրամասնությունների դպրոցներին (Լոզանի պայմանագրով Թուրքիայում փոքրամասնություն են ճանաչվել հայերը, հույներն ու հրեաները - ՍիվիլՆեթ): Այս մասին հաղորդում է Պոլսում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը:

«Պետության կողմից մասնավոր դպրոցներին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է կենդանություն հաղորդել դժվարին պայմաններում գտնվող և փոքրամասնությունների՝ գոյությունը հազիվհազ պահպանող  դպրոցներին»,- գրել է «Ակօսը»:

Հայկական դպրոցներին կտրամադրվի 6-7 մլն թուրքական լիրա (մոտ 3-3,5 մլն դոլար), թեև Ստամբուլում գործող հայկական դպրոցները տարեկան 25 մլն թուրքական լիրային համարժեք գումար են ծախսում: Ինչևէ` Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ փոքրամասնությունների դպրոցներին այսքան մեծ գումար է հատկացվում:

Ազգային կրթության նախարարության որոշմամբ` հայկական դպրոցներին հատկացվող ֆինանսական օգնությունը տրամադրվելու է ավելի քան երկու հազար աշակերտի հաշվարկով:

Նախակրթարանի մեկ աշակերտի դիմաց դպրոցին կտրամադրվի 2500 թուրքական լիրա, ավագ դպրոցի մեկ աշակերտի դիմաց` 3500 լիրա:

Պոլսի հնագույն դպրոցներից մեկի` Դպրեվանքի տնօրեն Արմեն Սարուխանյանը դրական է գնահատել Թուրքիայի Ազգային կրթության նախարարության որոշումը և հույս հայտնել, որ պետության ֆինանսական օգնությունը շարունակական կլինի:

Ստամբուլում գործող 17 հայկական դպրոցների տարեկան ընդհանուր ծախսը կազմում է 25 մլն թուրքական լիրա: Թեև պետական օժանդակությամբ բոլոր ծախսերը ծածկել հնարավոր չէ, այդուհանդերձ, օժանդակությունը կարևոր նշանակություն կունենա դպրոցների ֆինանսական կարիքները հոգալու տեսանկյունից: Հայկական վարժարաններում դասավանդող մոտ 400 ուսուցիչների աշխատավարձը վճարվում է դպրոցի բյուջեից:

Ի դեպ՝ Լոզանի պայմանագրի 41-րդ հոդվածի համաձայն` Թուրքիան պարտավոր է օգնություն ցուցաբերել ազգային փոքրամասնությունների հաստատություններին, այդ թվում՝ դպրոցներին:

Մինչև 1970թ. պետությունը մեկ աշակերտի դիմաց շատ աննշան գումար էր փոխանցում ազգային փոքրամասնությունների դպրոցներին: Տարեցտարի արժեզրկման հետևանքով այդ գումարն առհասարակ զրոյացավ և սկսեց այլևս չվճարվել: Այսպիսով` 1970-ականներից հետո առաջին անգամ պետությունը բյուջեից գումար է հատկացնում փոքրամասնությունների դպրոցներին: