ԼՂՀ պատավիրակությունը հանդիպել է Աբխազիայի նախագահի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մասնակցել է Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը, հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Արարողությունը տեղի է ունեցել Աբխազիայի կառավարության նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնավարման մեկնարկի հետ կապված շնորհավորական ուղերձը:

Երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Աբխազիայի նախագահի հանդիպումը ԼՂՀ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցերը: Կողմերն ընդգծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը, Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վաղարշակ Քոսյանը և պատգամավոր Լևոն Գալստյանը:

Մեկնաբանել