Բերեք տղամարդավարի քվեարկենք, պրծցնենք. Սեյրան Սարոյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը հոկտեմբերի 1-ին խորհրդարանում դեմ է արտահայտվել այսօրվանից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքին: Նա պատգամավորներին կոչ է արել «տղամարդավարի քվեարկել»:

«Պարո´ն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Ես տենում եմ` սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի: Ի՞նչ եք քվեարկելու էդքան: Բերեք ոնց կա, տենց թողենք, մարդիկ էթան աշխատեն: Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք տենամ` ինչ պիտի խաբեք ժողովրդին: Տենում եմ` սաղիս մտքին կա, սաղս ուզում ենք էդ գործն անենք, բայց չենք ուզում: Քննարկենք: Բերեք, կակ ռազ սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, որ չանցավ էդ օրենքը, պրծցնենք»,- ասել է նա:

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Օրենքը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, առաջացրել է, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը: Նախքան դրա ուժի մեջ մտնելը փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հարցով արտահերթ նիստ էին հրավիրել սեպտեմբերի 30-ին, սակայն այն չկայացավ քվորումի չապահովման պատճառով:

Մեկնաբանել