Դատախազությունը ոսկու աշխարհի սեփականատիրոջ դեմ գործ հարուցելու հաղորդմանն ընթացք է տվել

Սեպտեմբերի 25-ին ոսկու շուկայում նրա սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունն ուղարկել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը:

«ԱրմԼուր» լրատվական կայքը սեպտեմբերի 25-ին տեսանյութ էր հրապարակել, որում «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» ոսկու տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն իր ձեռքով քանդում էր շուկայի այն տարածքները և ոսկյա իրերի սեղանիկները, որոնց սեփականատերերն այդ պահին մասնակցում էին կառավարության շենքի դիմաց ընթացող ցույցին։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 1-ին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և դատախազություն, ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առնչությամբ՝ «նրա արարքին պատշաճ որակում տալու և իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում քրեական գործ հարուցելու պահանջով»:

Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ «հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»: 181-րդ հոդվածով նախատեսվում է, որ «հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում կարող է ընդունվել քրեական գործ հարուցելու կամ հարուցելը մերժելու մասին որոշում»:

Մեկնաբանել