Ֆրանսիան դատապարտում է Դեր Զորի եկեղեցու ավերումը

Ֆրանսիայի արտոգրծնախարար Լորան Ֆաբիուսը հոկտեմբերի 1-ին դատապարտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը։ Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը տրամադրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

«Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցող Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից:

Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը` հատկապես զինված հակամարտության դեպքում»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Սիրիայից և հարևան երկրներից հազարավոր հայեր հավաքվում էին Դեր Զորում՝ ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։

Եկեղեցու պայթեցումը խստորեն դատապարտել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը»,- ասել էր նախարար Նալբանդյանը։

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ «եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»։

Եկեղեցու պայթեցումը խստորեն դատապարտել էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որակելով այն որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում։

Մայր Աթոռը խստորեն դատապարտելով եկեղեցու պայթեցումը՝ այն համարել է «անթաքույց դրսևորում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին։ Կատարվածն անմարդկային բարբարոսություն է և չի կարող արդարացվել որևէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական և մարդասիրական արժեքների վրա»։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն եկեղեցու ավերումն անվանել էր «բարբարոսություն», իսկ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եկեղեցու պայթեցման մեջ տեսել էր Թուրքիայի մատնահետքը:

Դեր Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը խստորեն դատապարտել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ:

Մեկնաբանել