Կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին միանալու պայմանագրի նախագծին

Կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագծին:

Պայմանագրի տեքստը հրապարակվել էր սեպտեմբերի 25-ին:

Ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում: Պայմանագրի 1-ից 5-րդ հավելվածներով սահմանվում են միջազգային այն 29 պայմանագրերի ցանկը, որոնց միանալու է Հայաստանը, այդ պայմանագրերի փոփոխությունները, անդամակցության պայմանները և անցումային դրույթները, ցանկն այն ապրանքների և դրույքաչափերի, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր և այլն:

Աստանայում մայիսի 29-ին ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ստորագրել էին երեք երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Մայիսի 29-ին Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը։

Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ «Հայաստանը ամենամոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ»։

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսին հաստատել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որը ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։ Ռուսաստանից բացի` պայմանագիրը պետք է հաստատեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` օգոստոսի 26-ին Մինսկում Մաքսային միության պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալու են բանակցություններ, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Հայաստանի և Ղրղզստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը։

Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում իր դասախոսության ընթացքում հայտարարել է, որ «Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար»:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը բացառել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մաքսակետի առկայությունը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո:

Մեկնաբանել