Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր չէ միջամտել «Բաշնեֆտ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Պուտինն այս մասին ասել է «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ ։
«Հուսով եմ, որ բոլոր որոշումները կլինեն ոչ թե քրեական, այլ քաղաքացիաիրավական հարթության մեջ։ Բայց ես չեմ պատրաստվում խառնվել և ուղղորդող հրահանգներ տալ»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ պետությունը պատրաստ է աջակցել «անհիմն արտաքին սանկցիաների» ենթարկված բոլոր ընկերություններին։
«Սիստեմա» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և 60 տոկոսի բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը սեպտեմբերի 16-ին ձերբակալվել էր։ Նրա նկատմամբսահմանվել է տնային կալանք։
Հետաքննությունը նրան կասկածում է փողերի լվացման մեջ՝ «Սիստեմա»-ի կողմից «Բաշնեֆտ» ընկերության գնման ժամանակ։
Հուլիսին քրեական գործ է հարուցվել «Բաշնեֆտ»-ի նախկին տնօրեն Ուրալ Ռահիմովի դեմ, որը մեղադրվում է ընկերության վաճառքի ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականամցան մեջ։
Հետաքննության համաձայն՝ Եվտուշենկովը մասնակից է եղել այդ եկամուտների օրինականացմանը։
Գործարարը նախկինում արդեն հարցաքննության էր ենթարկվել Ռահիմովի գործի շրջանակում։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ենթադրությունները, որ Եվտուշենկովի գործում առկա են քաղաքական դրդապատճառներ՝ նշելով, որ նախագահ Պուտինը տեղեկացվել է գործի մասին։
Հուլիսին «Բաշնեֆտ»-ի վաճառքի ժամանակ դրամական միջոցների վատնման և օրինականացման հետաքննության շրջանակում ձերբակալվել է նաև արցախցի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը։