3 հոկտեմբեր, 2014 18:10

Լևոն Հայրապետյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման մեջ մեղադրվող արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի խափանման նախանական միջոցը` եռամսյա կալանքը տնային կալանքով փոխելու մասին որոշում է ընդունել, հաղորդում է ռուսական TASS գործակալությունը: Որոշման հիմքում գործարարի վատ ինքնազգացողությունն է: Այսպիսով դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը:

Միաժամանակ՝ դատարանը Հայրապետյանին արգելել է զբոսանքները, կապի միջոցներից և համացանցից օգտվելը, հեռուստացույց դիտելը: Դատարանի որոշմամբ՝ Հայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Նիստից հետո գորածարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրեն վատ է զգում:  

Դատարանը «Բաշնեֆտի» գործի հետաքննության ժամկետը երկարաձգել է մինչև հունվարի 28:

Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Քրեական գործի շրջանակում դատարանի կողմից կալանքի տակ է դրվել ռուսական «Բաշնեֆտ» ընկերությունում գործարարի բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին։

Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր գործարարին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու միջնորդությունը։ Հայրապետյանը չէր համաձայնել տվյալ որոշման հետ և այն բողոքարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանում։

Գործարարի ձերբակալման համար հիմք էին ծառայել Իգոր Իզմեստևի ցուցմունքները: Հայրապետյանը իր մեղքը չի ընդունում և հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։

Սեպտեմբերի 12-ին դատարանը Հայրապետյանի կալանքը երկարաձգել էր մինչև դեկտեմբերի 15-ը:

Սեպտեմբերի 13-ին նրա դեմ երկրորդ քրեական գործն էր հարուցվել:

Նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակում:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.։ Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել՝ կապված նավթի մատակարարումների հետ։ Ներկայում համարվում է հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը։