Հովիկ Աբրահամյանի խելքն ու պատասխանատվությունը

Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անընդունելի է համարում հանցագործներին կառավարությունում գործի ընդունելը: Նա նաև ասաց, որ Սուրիկ Խաչատրյանին ինքն է առաջարկել մարզպետի պաշտոնում՝ հաշվի առնելով նրա աշխատանքային փորձը:

Սուրիկ Խաչատրյանը կրկնահանցագործ է և ունի երեք դատվածություն՝ ծանր հանցագործությունների հոդվածներով: Եթե Հովիկ Աբրահամյանի համար ընդունելի չէ, որ հանցագործները կառավարությունում գործի անցնեն, ապա ինչո՞ւ և ինչպե՞ս է, որ Սուրիկ Խաչատրյանին առաջարկել է Սյունիքի մարզպետի պաշտոնում:

Աբրահամյանի կողմից Սյունիքի մարզպետի նշանակման պատասխանատվության ստանձնումը անհեթեթություն է։ Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդ գիտի, որ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Բաղրամյան 26-ից, որպեսզի ենթադրվող սահմանադրական փոփոխությունների ժամանակ Խաչատրյանը կարողանա ցուցաբերել Աբրահամյանի հիշատակած կազմակերպչական ձիրքն ու ապահովի ակնկալվող ընտրակեղծիքները: Պարզ է, որ վարչապետը չէր կարող նման որոշում կայացներ՝ դե ֆակտո համապատասխան քաղաքական իշխանություն չունենալու հետևանքով։

Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու և հավելեց. «Ի՞նչ եք ուզում… որ երկրում հեղափոփոխությո՞ւն լինի… չի լինելու դա: Երկրո՞րդ մարտի 1 եք ուզում»: Երբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվում է մարզպետ, երբ փաստացի տեղի է ունենում ՓՄՁ-ների հարկային բեռի ավելացում, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին օղին կեղծելու համար կառավարության արտոնություն է տրվում, երբ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականի ընկերությանը կառավարությունը տալիս է հարկային արտոնություն, երբ այս ամենի ֆոնին ավելանում են գործազրկությունն ու երկրից հեռացողների թիվը, իշխանափոխությունը դառնում է օդի ու ջրի պես անհրաժեշտ։

Մի առիթով Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ ունենալ։ Իրականում ճիշտ հակառակը՝ խելք պետք է ունենալ անարդարությունների դեմ ընդվզող հանրությանը գոնե նոր մարտի 1-ով չսպառնալու, ուրիշների արածի պատասխանատվությունը սեփական ուսերին չվերցնելու և վերջապես հարկային տեռորով իշխանափոխության համար հիմքեր չստեղծելու համար։

Հովիկ Աբրահամյանի վարքագիծը հենց Հովիկ Աբրահամյանին խոստանում է տանել իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի կամ ավելի վատ ճանապարհով:

Մեկնաբանել