7 հոկտեմբեր, 2014 13:31

Վրաստանն արտերկրում` միայն Ջորջիա

georgia-generalՎրաստանի արտգործնախարարությունը աշխատանքներ է տանում, որպեսզի արտերկրում երկրի աշխարհագրական անվանման համար օգտագործվի նրա անգլերեն տարբերակը՝ Ջորջիա՝ Georgia: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, հաղորդում է civil.ge-ն:

Հոկտեմբերի 6-ին վրացական մի շարք լրատվամիջոցներում տարածվել էր ճապոնական TV-Asahi հեռուստաալիքի ռեպորտաժը, ըստ որի՝ Ճապոնիայի կառավարությունը, ի պատասխան Վրաստանի իշխանությունների բազմաթիվ խնդրանքների, դիտարկում է երկիրը Ջորջիա անվանելու տարբերակը, այլ ոչ «Գրուձիա» ինչպես ճապոներենում հնչում է Վրաստանի անվանումը: Ռեպորտաժում նշվում է, որ Վրաստանի վրացերեն՝ Սաքարթվելո տարբերակը, Վրաստանի իշխանությունները որպես անվանում չեն դիտարկում:

Փանջիկիձեի խոսքով՝ նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: «Հուսով եմ, որ ի վերջո դա կփոխվի»,- ասել է նախարարը: