7 հոկտեմբեր, 2014 15:11

Պուտինը արգելել է հավաքներ անցկացնել գիշերով

protest_moscowՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 6-ին ստորագրել է օրենսդրական փոփոխությունները, որոնք արգելում են հանրահավաքներ, ցույցեր և պիկետներ անցկացնել գիշերային ժամերին։

Փոփոխությունները մտցվել են «Հավաքների, հանրահավքաների, ցույցերի, երթերի և պիկետների մասին» օրենքի 9-րդ հոդվածում։

Համաձայն փոփոխությունների՝ «հանրային միջոցառումը չի կարող սկսվել տեղի ժամանակով ընթացիկ օրվա առավոտվա ժամը 7-ից շուտ և ավարտվել ժամը 22-ից ուշ»։

Բացառություն է արվում «Ռուսաստանի համար հիշարժան օրերին նվիրված» հանրային միջոցառումների և «մշակութային բովանդակություն» ունեցող ակցիաների դեպքում։

Հանրահավաքների մասին օրենքի փոփոխություններին Ռուսաստանի Պետդուման հավանություն էր տվել սեպտեմբերի 19-ին, իսկ Դաշնության խորհուրդը՝ հոկտեմբերի 1-ին։

Ռուսական «Հանուն մարդու իրավունքների» շարժման առաջնորդ Լև Պոնոմարյովը կարծում է, որ այս փոփոխությունների կարիքը չկար, քանի որ «գիշերային ոչ մի հանրահավաք որևէ մեկը երբեք չի համաձայնեցնում»։

Ինչպես ասել է Պոնոմարյովը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, տվյալ փոփոխությունները հավելյալ վերաապահովագրում են՝ մայդան կամ նարնջագույն հեղափոխություն թույլ չտալու համար։