7 հոկտեմբեր, 2014 15:35

Եռյակի առաջնորդները կմասնակցեն հանրահավաքներին

levon ter-petrosyan gagik tzarukyan raffi hovhannisyan bhk hak heritageՈչ իշխանական երեք ուժերի` «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» առաջնորդները կմասնակցեն եռյակի հանրահավաքներին: Այս մասին եռյակի` Ազգային ժողովում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած դռնփակ նիստի ավարտից հետո ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

«Եռյակի լիդերները հանրահավաքներին միանշանակ մասնակցելու են, սակայն թե որ պահին, դեռ չենք հրապարակում, քանի որ տակտիկական խնդիր է»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը` պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք երեք ուժերի առաջնորդները մասնակցելու են հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին:

Հանդիպման օրակարգում էր երեք հարց` հոկտեմբերի 8-ին Գյումրիի հանրահավաքի նախապատրաստումը, իշխանություններին ուղղված 12 կետերի կատարման ամփոփ գնահատականը, որը պետք է հնչի հարթակից, և հոկտեմբերի 10-ին նախատեսված երևանյան հանրահավաքի կազմակերպչական և քաղաքական օրակարգը:

ԲՀԿ-ի` ընդդիմություն լինելու-չլինելու վերաբերյալ հարցին Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ «Հայաստանը գնում է տոտալ փլուզման ճանապարհով, և ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է այն կանխելու համար»:

«Այն, ինչ մենք անում ենք, ճիշտ է: Մենք գտնվում ենք քաղաքական այնպիսի դաշտում, որտեղ հասկանում ենք, որ կան խնդիրներ, որոնք համառորեն չեն լուծվում, և մեր գործողություները միտված են այդ խնդիրների լուծմանը»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

Եռյակը սեպտեմբերի 25-ից մարզային հանրահավաքներ է անցկացնում Հայաստանի ութ քաղաքում: Մարզային հանրահավաքներին և հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին Հայ հեղափոխական դաշնակցությունը չի մասնակցի, թեև հանրահավաքին կտրվի նաև 12 կետերի վերաբերյալ ՀՅԴ գնահատականը: Կուսակցության որոշումը պայմանավորված է սահմանադրական փոփոխությունների շուրջ իր և քառյակի անդամ մյուս երեք ուժերի միջև առկա տարաձայնություններով: