7 հոկտեմբեր, 2014 14:41

Հանրապետական երիտօլիգարխիայի վտանգը

Armen GrigoryanՀանրապետական կուսակցությունը 2008-ից յուրահատուկ տրանսֆորմացիայի ենթարկվեց: Կուսակցությունում հայտնվեց մի թև, որը հանրությունում հայտնի դարձավ երիտօլիգարխիա անվանումով: Երիտօլիգարխիան այն անձինք են, որոնք լավ կրթություն են ստացել դրսում, չունեին նախնական մեծ կապիտալ, եկել էին ձևափոխելու Հանրապետական կուսակցությունը: Մամուլը նրանց ներկայացնում էր որպես բարեշրջիչներ, որոնք պետք է Հայաստանը դարձնեին ավելի լավ երկիր:

Երիտհանրապետականների թևի վառ ներակայացուցիչ էր տնտեսագիտության թեկնածու Տիգրան Սարգսյանը: Նա վերապատրաստվել էր Արևմուտքում, հոդվածներ էր հրապարակել պետությունների ապագայի մասին և կարողանում էր հանրությանը ներկայանալ որպես «բանիմաց» քաղաքական գործիչ: Հետագայում պարզ դարձավ, որ նրա դրսևորած քաղաքական վարքագիծն ավելի վտանգավոր էր, քան Հանրապետական հին օլիգարխներից շատերինը։ Նրա ապաշնորհ կառավարման ընթացքում Հայաստանի տնտեսությունը դեռ չի ապաքինվել։ Հետագայում, հայտնվելով  օֆշորային սկանդալի կենտրոնում, պարզ դարձավ, որ Տիգրան Սարգսյանն իր տնտեսական գիտելիքները ծառայեցրել էր փողերի արդյունավետ լվացման գործընթացին։

Երիտօլիգարխիայի թևի վառ ներկայացուցիչ է նաև Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, որն ի տարբերություն շատ ՀՀԿ-ական բնիկ օլիգարխների, դրական է գնահատել Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում: Այսինքն, Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ավարտած Հանրապետական խմբակցության անդամը կրկնահանցագործին պետական պաշտոնում վերանշանակելու գործընթացում վտանգներ չի տեսել կամ չի ցանկացել նկատել։ Նման վարքագիծը երիտօլիգարխիայի առանձնահատկություններից է:

2013թ. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հրապարակեց ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքը, ըստ որի, 2010-2013 թթ. Սերժ Սարգսյանի աշխատակազմը 31 ՀԿ-ներին երեք տարվա կտրվածքով տրամադրել է 500 միլիոն դրամի դրամաշնորհ: Այդ դրամաշնորհների մի մասը ստացել է Լևոն Մարտիրոսյանը, որն այդ ժամանակ աշխատում էր Բաղրամյան 26-ում: Այսինքն, նա օգտագործել է իր պաշտոնը՝ քաղաքացիների վճարած հարկերից ձևավորված գրանտներ ստանալու համար:

Հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Ֆարմանյանը օրերս ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի քննարկման ժամանակ իր բջջային հեռախոսով ֆուտբոլային խաղադրույք էր կատարում: Գիտությունների երիտասարդ թեկնածուն երկրի համար կարևոր հարցերի քննարկման ժամանակ զբաղված էր ղումարբազությամբ։

Իշխանական երիտօլիգարխիայի ամենավառ ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանն է։ Իտալիայում կրթություն ստացած երիտասարդը, որ ներկայում Վատիկանում Հայաստանի դեսպանն է, ոչ թե փորձել է իր ուսանած լիբերալ արժեքները տարածել Հայաստանում, այլ աներոջ իշխանության չարաշահմամբ ստեղծել է մեդիակայսրության և դարձել հանրապետության խոշորագույն ներկրողներից մեկը։

Հանրապետական կուսակցությունը «բարեփոխելու առաքելությունը ստանձնած» երիտօլիգարխիան իր բնույթով ավելի վտանգավոր է պետական համակարգի ու հանրության համար, քանի որ ոչ միայն վարկաբեկում է կրթված մարդու իմիջը, այլև գիտելիքներով ու մեծ եռանդով լծվում է պետության թալանի գործին: Նրանք ինտելեկտուալ քաղաքական գործչի իմիջն օգտագործում են պետությունը թալանելու և իրենց կուսակից ընկերների հանցավոր վարքագիծն արդարացնելու համար։

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: