14 հոկտեմբեր, 2014 16:42

Թեղուտ. դանիական խնդրահարույց ներդրումը Հայաստանում

d-feteured_imageՍկանդինավիան աշխարհում հայտնի է որպես կոռուպցիայի, անհավասարության և շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային ակտիվ պաշտպան: Այդ իսկ պատճառով հայերը Դանիայից, Շվեդիայից և Նորվեգիայից բարձր նշաձող են ակնկալում: Այդուհանդերձ, Դանիան բազմամիլիոն դոլարանոց վարկ է տրամադրում հայկական «Վալեքս գրուպի» Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի նախագծին, որն արտոնվել է կասկածելի քաղաքական որոշումների հիման վրա: Դանիական ներգրավվածությունն ու ներդրումն ամրապնդում են սոցիալական և բնապահպանական անհավասարակշռությունը երկրում` հայ քաղաքական գործիչներին հասկացնելով, որ սա պարզապես բիզնես է: Ինչպե՞ս կարող էր սա պատահել:

Դանիական եռանկյունի

PensionDanmark-ը դանիական մասնավոր կենսաթոշակային հիմնադրամ է, որի կառավարման տակ գտնվող ակտիվները գերազանցում են Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե երեք անգամ: Այն տնօրինում է լուրջ պորտֆել, ներառյալ` ծխախոտային և նավթային ընկերություններ, որոնցից, որպես կանոն, արևմտյան կենսաթոշակային հիմնադրամները խուսափում են: Դանիական Ansvarlig Fremtid ոչ կառավարական կազմակերպության բնորոշմամբ` հիմնադրամը «ոչ ժողովրդավարական» կառավարում ունի: PensionDanmark-ի` $62 մլն-ի չափով կենսաթոշակային ֆոնդերը փոխակերպվել են կապիտալի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում:

ePensionDanmark-ը նաև $9,2 մլն-ի մասնաբաժին ունի FLSmidth-ում: Այս ընկերությունը, որը Դանիայում 20 խոշորագույնների շարքում է, համապարփակ մատակարարման տեխնոլոգիաներ է առաջարկում հանքարդյունաբերության ոլորտի համար: 2008-ին FLSmidth-ը հանքարդյունաբերական հետախուզական սարքավորումներ է մատակարարել Թեղուտի հանքավայրին: Այս կապը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ PensionDanmark-ը «Վալեքս»-ին դանիական նոր կապիտալը տրամադրել էր նախապայմանով, որ «Վալեքս»-ը ֆոնդերը կարող է օգտագործել բացառապես FLSmidth-ից դանիական սարքավորումներ ձեռք բերելու համար: (Պատվերը հաստատվել է, մանրամասները դիտարկվում են): FLSmidth-ի նախկին գլխավոր տնօրեն Յորգեն Հունո Ռասմուսենը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ ընկերության մոտեցումը հետևյալ կերպ է բացատրում. «Մենք միշտ փորձել ենք պարկեշտ լինել, բայց մենք չենք կարող և չպետք է պատասխանատվություն կրենք մեր բոլոր հաճախորդների գործողությունների համար […] Մենք չենք կարող փրկել աշխարհը»:

Հայաստանում իր ներգրավվածության վերաբերյալ ՍիվիլՆեթի բոլոր հարցերը PensionDanmark-ը պատասխանների համար վերահասցեագրել է՝ Դանիայի պետական արտահանման վարկավորման գործակալությանը (EKF):

cԴանիական եռանկյունին ամբողջացնում է EKF-ը: Այս գործարքում նրա հիմնական դերը Հայաստանի՝ նախագծում ներգրավված շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունն է: EKF-ը պատկանում է պետությանը, վայելում է պետության երաշխավորությունը և կարգավորվում է օրենքով, հետևապես` EKF-ի երաշխիքը Դանիայի աջակցությունն ունի: Գործակալության կայքում ասված է. «Որպես պետական գործակալություն` EKF-ը ներդրում է կատարում առանձնահատուկ պատասխանատվությամբ: Եթե ձեր բիզնեսը որևէ կերպ ճանաչվի անպատասխանատու, և´ ձեր ընկերությունը, և´ EKF-ը կենթարկվեն պատասխանտվության»: Ուստի` EKF-ի լիազորությունն է նաև ապահովել համապատասխանություն միջազգային որոշակի չափորոշիչներին: «EKF-ը նախագծի կայունությունը գնահատում է` հիմք ընդունելով մի շարք միջազգային համաձայնագրեր և սկզբունքներ: Տալով հավանություն` EKF-ը հաստատում է ձեր արտահանման գործարքը սոցիալական, բնապահպանական և կոմերցիոն տեսակյունից»:

bEKF-ի գործադիր տնօրենի տեղակալ Սորեն Մալերը խոստովանում է, որ «հանքավայրերը միշտ էլ վտանգավոր են, քանի որ դրանք այն են, ինչ են»: Այնուամենայնիվ, EKF-ը սպառողական վարկի երաշխիք է տվել PensionDanmark-ին: Սա նշանակում է, որ EKF-ը պետք է երաշխավորի դանիացի հարկատուների գումարները այն դեպքում, եթե PensionDanmark-ի վարկը չմարվի: Դա հավանական է, եթե Հայաստանում փոխվի քաղաքական կամ տնտեսական միջավայրը: EKF-ն իր երաշխիքի առավելությունները ներկայացնում է հետևյալ կերպ․ «Դանիական արտահանողների համար առևտրային լավ հնարավորություն, որոնք արտասահմանում պայմանագրերի շուրջ են բանակցում: Եթե նրանք ի վիճակի են մրցունակ վարկային պայմաններ և հուսալի արտադրանք առաջարկել, վաճառքի բոլոր շանսերն առկա են»: Ուստի արդեն կարևոր չէ, որ բնապահպանական և սոցիալական վտանգների համար Թեղուտի հանքը կոշտ քննադատության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։

Կոռուպցիայի մեղադրանքներ

Թեղուտի հանքավայրը կառավարում է «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը «Վալեքս գրուպ»-ի լիիրավ դուստր ընկերությունն է: «Վալեքս»-ը մի քանի հանք է շահագործում Հայաստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, և կառավարվում է ռուսաստանցի գործարար Վալերի Մեջլումյանի կողմից: «Հետք»-ը նրա բաժնետիրական կառուցվածքն անվանել է «ֆինանսական լաբիրինթոս»` Կիպրոսի և Լիխտենշտեյնի հետ օֆշորային կապերով: Քանի որ հանքավայրը դեռ չի շահագործվում, այն չի կարող եկամուտ ապահովել բնական պաշարների իրացման հաշվին: «Վալեքս գրուպ»-ն ակնկալում է, որ արդյունահանումը կսկսվի 2014թ. հոկտեմբերին: Մինչ այդ ընկերությունն ապավինում է իր հիմնական վարկատու և բաժնետեր «ՎՏԲ» բանկի ֆինանսական աջակցությանը:

aՀամաձայն «Վալեքս գրուպ»-ի` ռուսական «ՎՏԲ» բանկը $350 մլն-ի վարկ է տրամադրել Թեղուտի նախագծին: ՍիվիլՆեթի հարցմանն իրենց գրավոր պատասխանում նրանք պարզաբանել են, որ դանիական կապիտալի $62 մլն-ը օգտագործվելու է` նվազեցնելու «ՎՏԲ»-ի վարկի տոկոսադրույքները: Թեև «Վալեքս»-ը փոքրացնում է դանիական վարկի կարևորությունը, այն կազմում է «ՎՏԲ»-ի վարկի ամբողջ ծավալի գրեթե 1/6-ը: Ուստի` հայկական կողմից գործադրվել են համակարգված ջանքեր` ապահովելու EKF-ի երաշխիքը PensionDanmark-ի վարկի համար: Դանիայում Հայաստանի դեսպանը ներգրավված է եղել դանիացի շահագրգիռ կողմերի հետ բանակցություններում: EKF-ը` դանիական կողմի առաջատարը բանակցություններում, պետական գործակալություն է: Այս կապը բիզնեսի և քաղաքականության միջև հարաբերությունների տիպիկ օրինակ է:

Սոնա Այվազյանը` երևանյան «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, «վստահ է, որ այս գործում կոռուպցիա կա»: Այվազյանի կազմակերպությունը «ոչ պաշտոնական տեղեկություն ունի, որ «Վալեքս»-ի ներկայացուցիչները կաշառել են Հայաստանի կառավարության պաշտոնյաների»: Նախկինում տեղ են գտել չարաշահորդության որոշ դեպքեր` կապված Հայաստանի բնապահպանության նախարարության հետ, որը Թեղուտի հանքավայրի վերահսկողության համապատասխանատուն է: Սա հակասում է EKF-ի կորպորատիվ սոցիալան պատասխանատվության քաղաքականությանը, որը սահմանում է «բարոյական և կորպորատիվ պատասխանատվություն` ապահովելու կայունության հնարավոր առավելագույն մակարդակ այն բիզնես գործարքներում, որոնց մասնակցում է»:

Հանքարդյունաբերության քաղաքականությունը

Հանքարդյունաբերությունը էական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար: Զարգացման հայկական գործակալության տվյալներով` 2011-ին երկրի արտահանման ավելի քան կեսը բաժին է ընկել բնական պաշարներին: Փորձագետ Ալեքսանդր Գրիգորյանը` Ապելլա ինստիտուտից, վստահեցնում է, որ հանքարդյունաբերությունը չեզոքացնում է արտաքին ցնցումները Հայաստանի ՀՆԱ-ի համար: Չնայած այս կարևորությանը` ոլորտը նաև ծախսատար է: Տրանսպորտային ծախսերը մեծ են, իսկ պաշարները վերամշակվում են Հայաստանից դուրս` արտասահմանյան ընկերությունների կողմից: Ավելին` անհրաժեշտ է վերահսկողություն, սակայն Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը խոստովանում է, որ Թեղուտի հանքավայրում դեռևս ստուգումներ չեն իրականացվել:

gԳրիգորյանը նշում է, որ հանքավայրերը ստեղծում են կայուն և համեմատաբար լավ վարձատրվող աշխատատեղեր: «Վալեքս գրուպ»-ի համոզմամբ` «լեռնահանքային արդյունաբերությունն ընդհանուր առմամբ էապես նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»: Այդուհանդերձ, Ալեքսանդր Գրիգորյանը նկառում է, որ «հանքարդյունաբերությունը խորացնում է եկամուտների անհավասարությունը» աշխատավարձերի հսկայական տարբերությունների պատճառով: Փոքրաթիվ սեփականատերերի և օտարերկրյա ներդրողների առկայության դեպքում վտանգ կա նաև, որ «փոքրամասնության շահը գերակայի հասարակության շահի նկատմամբ», ասում է Սոնա Այվազյանը: Համապատասխանաբար` Արմինե Իսախանյանը` Լոնդոնի տնտեսագիտության բարձրագույն դպրոցից, վստահեցնում է, որ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» 2012թ. ՀՀ օրենքը փաստացի սահմանում է, որ «հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնները չեն հարկվում»:

Երեք փորձագետները կոչ են անում բարելավել հանքարդյունաբերության ներքին քաղաքականությունը: Հայաստանի բնապահպանական օրենսդրությունում առկա են անվիճելի բացեր, միջազգային չափորոշիչների կոպիտ խախտումներ, և շատ փոքր համընդհանուր օգուտ, եթե այդպիսին կա, Հայաստանի բնակիչների համար: Այս իրավիճակում Հայասատանը պետք է որ դիմի իր միջազգային գործընկերների օգնությանը` բարելավելու հանքարդյունաբերության ոլորտը երկրում: Սակայն դանիական ներդրումը Թեղուտում ազդակ է Հայաստանում որոշում կայացնողների ու հանքարդյունաբերական ձեռներեցների համար, որ իրենք կարող են գործել նախկինի պես:

Սխալ հենց սկզբից

Այսպիսի մի օրինակ է Թեղուտի արտոնագրման գործընթացը: Հանքավայրը շահագործման նախնական արտոնագիր է ստացել 2001-ին: Հարցի առնչությամբ հանրային խորհրդատվություն այդ ժամանակ չի իրականացվել: 2006-ին նշանակվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում` խորհրդատվական փոքր ներգրավվածությամբ: Քանի որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը տվել է դրական եզրակացություն, արդեն տրված արտոնագիրը հաստատվել է: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը «Վալեքսի» համար իրականացրել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը», որը նույնպես պատկանում է «Վալեքսին»: Սոնա Այվազյանի խոսքով` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը «կեղծվել» է մի քանի առումներով: EKF-ը հաստատել է այս կարծիքը. «EKF-ը մեր նախագծերը գնահատում է` ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարողական չափորոշիչների և համապատասխան բնապահպանական, առողջապահական և անվտանգության ուղեցույցների: 2005թ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը միջազգային այս չափորոշիչներին չի համապատասխանում»:

Հետևապես` EKF-ը խոստովանում է, որ Թեղուտին արտոնագիրը տրվել է միջազգային չափորոշիչների խախտմամբ: Նրանք Թեղուտի հանքավայրը դասակարգել են որպես «բնապահպանական և սոցիալական զգալի բացասական ազդեցություն ունեցող»: Այդուհանդերձ, նրանց երաշխիքը $62 մլն է ապահովել այդ նույն նախագծի համար: Մոսկովյան ERM խորհրդատվական գործակալությունը 2010-ին իրականացրել է Թեղուտի նախագծի համեմատական վերլուծություն` հայտնաբերելով միջազգային չափորոշիչներին որոշակի անհամապատասխանություն: ՍիվիլՆեթը ձեռք է բերել այդ զեկույցի նախագծի պատճենը, որում ասվում է, որ «թեև նախագիծը փոփոխվել է, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը չի փոխվել և չի արտացոլում նախագծի վերջին փոփոխությունները»: Ավելին` երբեք չի իրականացվել Թեղուտի նախագծի սոցիալական ազդեցության գնահատում:

EKF-ն իր լիազորության շրջանակում պարտավոր է համահարթել բոլոր այն նախագծերի թերությունները, որոնց համար երաշխիք է տրամադրում: Սա ներառում է այցելություններ օբյեկտներ: Բացի այդ` EKF-ը պահանջել է, որ մանչեստրյան WSP բնապահպանական անկողմնակալ գործակալությունը մշակի բնապահպանական և սոցիալական միջոցառումների ծրագրի հայեցակարգ, որը հասանելի է «Վալեքսի» կայքում: Հաշվի առնելով արտոնագրման գործընթացի թերությունները` սա լավագույն դեպքում նման է փորձի` շտկելու մի բան, որը սխալ է եղել հենց սկզբից: Վատագույն դեպքում սա կարծես թե դանիական եռանկյունու` $62 մլն արժողությամբ գործարքի արդարացում է:

Համարձակ պնդումներ, զուտ հույսեր և դանիական ներգրավվածություն

Անետ Էբերհարդը` EKF-ի գործադիր տնօրենը, հայտարարել է, որ «հանքավայրը կլինի առաջինը Հայաստանում, որ կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին»: Սա համարձակ հայտարարություն է, քանի որ ենթադրում է, որ ներկա պահին Թեղուտն այդ չափորոշիչներին չի համապատասխանում: Իրականացվելու դեպքում WSP-ի ծրագիրն իսկապես կհամապատասխանի Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջազգային չափորոշիչներին: «Վալեքսը», սակայն, պարբերաբար չի զեկուցում դրա կատարման մասին: Զեկույցը առցանց հրապարակվել է 2012-ին: Ավելին` սա նշանակում է, որ Հայաստանի մյուս հանքավայրերը, ներառյալ` «Վալեքսի» կողմից շահագործվողները, չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին:

fԱյսպիսով` «Վալեքսի», ինչպես նաև Թեղուտի` աշխատանքի կատարման ներկա փորձը միջազգային չափորոշիչներին համպատասխանություն չի արտացոլում: Սա EKF-ին պետք է որ պատկերացում տված լիներ «Վալեքսի» բիզնես գործելաոճի մասին: EKF-ի գործադիր տնօրենի տեղակալ Սորեն Մալերը, այդուհանդերձ, դրա և EKF-ի ներգրավվածության միջև հակասություն չի տեսնում: Փոխարենը` դանիական պետական գործակալությունն աշխատում է ենթադրությամբ, որ ապագայում` ինչ-որ պահի, չափորոշիչները կհամապատասխանեն: EKF-ն ակնկալում է «կողմնակի ազդեցություն այլ նախագծերից», սակայն սեփական միամտությունը քողազերծում է Սորեն Մալերի ամփոփիչ խոսքում. «Բայց սա ընդամենը հույս է ինձ համար»: Դանիական այս գործողություններում կարելի կլիներ բարի կամք տեսնել, եթե դրանք, ըստ էության, զուգակցված չլինեին Հայաստանի նկատմամբ խոր անտարբերությամբ:

EKF-ը «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ համագործակցում է 2010-ից: Բողոքող քաղաքացիներն ու «Վալեքսի» դուստր ընկերության պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս բախվել են միմյանց վիճելի հանքավայրի հարցով: 2012-ին Թեղուտի մի գյուղացի ծեծի էր ենթարկվել Թեղուտի հանքի անվտանգության աշխատակցի կողմից և հիվանդանոց էր տեղափոխվել կոտրված ոտքով, իսկ քաղաքացիները փակել էին հանքարդյունաբերական համալիր տանող ճանապարհը: ՍիվիլՆեթը զրուցել է Սորեն Մալերի հետ հանքարդյունաբերական համալիրում 2014թ. հունիսին` նրա` Թեղուտ կատարած տեսչական այցի ընթացքում: Մալերը ընկերությանը գովաբանել է «ճիշտ աշխատանքի և կառավարման համար»: Անգամ մի կողմ դնելով այս հանգամանքը` կա՞ արդյոք որոշակի ճշմարտություն Անետ Էբերհարդի այն պնդման մեջ, որ Թեղուտը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին:

Միջազգային չափորոշիչներ

EKF-ը միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիր նախաձեռնությանը: Միջազգային այս չափորոշիչը հիմնված է տասը սկզբունքների վրա: Այդ սկզբունքներից մեկն այն է, օրինակ, որ «բիզնեսը պետք է զգուշավոր մոտեցում ցուցաբերի բնապահպանական մարտահրավերների նկատմամբ»: Թեղուտի թափոնների կառավարման ծրագիրը հաշվի չի առնում Հայաստանի հյուսիսի սեյսմիկ վտանգները: Թեղուտի հանքը ներառելու է բարձր թունավորություն ունեցող պոչամբար` Դեբեդ գետի երկայնքով: Երկրաշարժի դեպքում հարևան Վրաստանը նույնպես կտուժի որոշումից, որը դժվար թե կարելի է անվանել զգուշավոր: Թեղուտի հանքավայրի այս անդրսահմանային կողմը նաև միջազգայորեն կանդրադառնա Հայաստանի վրա: Այդուհանդերձ, բնապահպանության նախարարությունը չի ցանկանում նկատել անդրսահմանային հնարավոր խնդիրը:

Սորեն Մալերը շրջանցեց երկրաշարժերի վերաբերյալ հարցը, խուսափեց նաև քաղաքացիական հանրության ներգրավվածության մակարդակին վերաբերող հարցին պատասխանելուց: ՄԱԿ-ը դատապարտել է «Վալեքսի» և Հայաստանի կառավարության` միջազգայնորեն վավերացված Օրհուսի կոնվենցիային համապատասխանելու շարունակական ձախողումը: Սա տեղի է ունեցել EKF-ի` պղնձի արդյունահանման հայկական նախագծում ներգրավվածության չորս տարիների ընթացքում: Այսպիսով` տեղական համայնքներում առողջապահական խնդիրների մասին հանրային գիտելիքին վերաբերող մտահոգությունը, որն արտացոլված է Օրհուսի կոնվենցիայում և որը և´ Ալեքսանդր Գրիգորյանը, և´ Սոնա Այվազյանը կարևորում են հանքավայրերի պարագայում, խամրում է դանիական ներդրման ֆոնին: Ճակատագրի հեգնանքով` Օրհուսի կոնվենցիան անվանվել է դանիական քաղաքի պատվին:

Հայաստանի` Օրհուսի կոնվենցիային հետևելու ձախողումների վերաբերյալ եզրահանգումները գործող անձինք տարբեր կերպ են մեկնաբանում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը դրանք համարում է իր պատասխանատվությունից դուրս: EKF-ը բարելավման նշաններ է տեսնում, իսկ Սոնա Այվազյանի կարծիքով` դրանք ապացուցում են բնապահպանների մեղադրանքները` ուղղված Թեղուտի նախագծի դեմ: Նմանատիպ կռվախնձոր է անտառների վերականգնման հարցը: Քաղաքացիական ակտիվիստները պնդում են, որ հատվել է ավելի շատ ծառ, քան համաձայնեցված էր ի սկզբանե: Իր հերթին Սոնա Այվազյանը` «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ից, վստահեցնում է, որ անտառավերականգնումը հաջողությամբ չի պսակվի, քանի որ տնկված ոչ բոլոր ծառերը «կապրեն»: EKF-ի և նրա մասնաճյուղերի ներկայացրած փաստաթղթերը, այդուհանդերձ, ենթադրում են, որ անտառավերականգնումը 100%-ով կհաջողի: Ինքնին` «բնապահպանության նախարարությունը անտառահատման և անտառի վերականգնման աշխատանքների ուղղությամբ ստուգումներ դեռ չի իրականացրել»:

Բարոյազուրկ և ոչ կայուն որոշումներ

PensionDanmark-ի սոցիալապես պատասխանատու ներդրումային քաղաքականությունը հստակ փաստում է. «PensionDanmark-ը ներդրում չի կատարում ընկերություններում, որոնք միտումնավոր և պարբերական խախտում են օրենքներն ու նորմերը, որ պետական իշխանության մարմինները սահմանել են շուկաներում, որտեղ գործում է ընկերությունը, կամ միտումնավոր և պարբերական խախտում են միջազգային կազմակերպությունների սահմանած և Դանիայի կողմից վավերացված օրենքներն ու նորմերը»: «Վալեքսը», սակայն, երկուսն էլ անում է:

ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշ եզրահանգումներ հաստատել են, որ «Վալեքս գրուպը» խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթները, որը վավերացրել է նաև Դանիան: Բացի այդ` EKF-ի` իրենց երաշխիքի համար նախապատրաստած փաստաթղթերում ասվում է, որ «նախագծի տարածք կատարած այցի ընթացքում հաստատվել է, որ այդտեղ կա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներից մեկը՝ օձակեր արծիվ»: Սա Հայաստանի ներքին օրենսդրության խախտում է: «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետն արգելում է ընդերքօգտագործումը այն վայրերում, որոնք բնակմիջավայր են Կարմիր գրքում գրանցված տեսակների համար: Թեղուտի բաց հանքում ընդերքն օգտագործվում է` չնայած Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությանը:

Ի վերջո, մանիպուլացնելով իր ներքին նորմատիվ փաստաթղթերը՝ PensionDanmark-ը պատրաստվում է եկամուտ ստանալ Հայաստանի հանքարդյունաբերության հաշվին: Ընդ որում` Հայաստան-Եվրամիություն 1999թ. համաձայնագրով Դանիան պարտավորվել է «խթանել կողմերի միջև առևտուրն ու ներդրումները և ներդաշնակ տնտեսական հարաբերությունները՝ այդպիսով նպաստելով փոխադարձ կայուն տնտեսական զարգացմանը»: Թեղուտի պարագայում փաստերը կասկածի տակ են դնում կայունության վերաբերյալ պահանջը: Սոնա Այվազյանն ասում է. «Գալիք սերունդը պատասխանատվություն կկրի մի բանի համար, որն այսօր արվում է մի քանի օլիգարխների ձեռքով: Ուստի սա արդարացի չէ: Ամբողջ նախագիծը` սկզբից մինչև հիմա, ասես տարաբնույթ խնդիրների կծիկ լինի»:

Վճռական հնարք

Այս ամենի լույսի ներքո PensionDanmark-ը ինչպե՞ս է կարողացել $62 մլն հատկացնել Թեղուտի համար: Կենսաթոշակային հիմնադրամի` 2013-ի օգոստոսի 26-ի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ «FLSmidth-ի, Eksport Kredit Fonden-ի (EKF) և PensionDanmark-ի համագործակցությունը դանիական արտահանման պատվերներ է ապահովել` 350 մլն կրոն [$62 մլն] արժողությամբ, Հայաստանում հանքարդյունաբերական նախագծի համար»: EKF-ը միայն հարցման դեպքում է բացահայտել, որ գումարն իրականում ստացել է «ՎՏԲ» բանկը` Թեղուտի հիմնական վարկատուն ու բաժնետերը «Վալեքս գրուպում»: Թեղուտի գործարքի վերաբերյալ պաշտոնական փաստթղթերում սա բացակայում է:

EKF-ի գործադիր տնօրենի տեղակալ Սորեն Մալերի խոսքով` «գործընթացի հիմնական շարժիչ ուժը «Վալեքս գրուպն» է»: Մինչդեռ գումարը տնօրինում է «ՎՏԲ» բանկը: Այս սխեմայի առավելությունը կապված է PensionDanmark-ի ներքին ուղեցույցերի հետ: «Վալեքսը» խախտում է ներքին և միջազգային նորմերը: Հետևապես` չպետք է ունենա PensionDanmark-ի ֆինանսավորում ստանալու իրավունքը: Ինչպես երևում է, «ՎՏԲ» բանկը, սակայն, կարող է ստանալ բազմամիլիոն դոլարանոց կապիտալի ներդրում և գնված սարքավորումը փոխանցել «Վալեքսին»: Բիզնեսի այս վերակազմակերպման արդյունքում PensionDanmark-ն ունի «Վալեքսի» վրա ազդեցության շատ փոքր լծակներ:

Գումարը տրամադրվել է` առանց «Վալեքսի» բիզնես գործելաոճի վրա ազդելու հնարավորության: Իր հերթին` EKF-ի երաշխիքը դառնում է կարևոր, քանի որ Թեղուտի նախագծի վրա ազդեցության գործիք է: Միայն EKF-ի ներգրավվածության միջոցով է հնարավոր ազդել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են անտառների վերականգնումը կամ աշխատանքի անվտանգ պայմանները: Եթե EKF-ը հրաժարվի իր երաշխիքից, PensionDanmark-ը վերահսկման լծակ չի ունենա «Վալեքսի» նկատմամբ` հուսալով, որ «ՎՏԲ» բանկը կմարի վարկը: Ուստի միայն EKF-ի երաշխիքն է վարկին տալիս հուսալիություն: Բացի այդ` այն սխալ ազդանշան է տալիս հայ քաղաքական գործիչներին, որ նույնիսկ դանիացի գործընկերները միշտ չէ, որ խաղում են կանոնների համաձայն: Հայաստանի գործող օրենսդրությունը կատարյալ չէ, բայց ըստ ամենայնի` բավարար է` ապահովելու $62 մլն Դանիայից` չանսալով Ալեքսանդր Գրիգորյանի և Սոնա Այվազյանի պես փորձագետների՝ օրենսդրական բարեփոխման կոչերին:

teghut-1«Ինչ-որ բան փտած է Դանիայում»

«Վալեքսը» վստահեցնում է, «որ դանիական ընկերությունները որոշումը կայացրել են` հիմք ընդունելով Միջազգային ֆինանսական կորպորացիայի առաջադրած կատարողական չափորոշիչներին սեփական համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ ընկերության գործողությունների արդյունքները»: Հավասարապես, EKF-ի դիրքորոշումն ամփոփված է նրանց հայտարարությունում, ըստ որի` «լինելով ի վիճակ համապատասխանելու Միջազգային ֆինանսական կորպորացիայի չափորոշիչներին` նախագիծն ընդունելի է մեզ համար»: Ինչպես երևում է, «Վալեքս գրուպի» կողմից Հայաստանի ներքին օրենքների խախտումները երկրորդական մտահոգություն են դանիական պետական գործակալության համար: Իրականում EKF-ի նախապատրաստած և անաչառ ու հայտնի գործակալությունների հեղինակած փաստաթղթերը, որոնք նախատեսված են իրադրության բարելավման համար, նմանատիպ ներքին խախտումների հստակ ապացույց են: Դանիական եռանկյունին` գործելով տանդեմով, ցանկացած երկրում կարող էր օգուտ քաղել հանքարդյունաբերության ոլորտից: Այս անգամ դա տեղի է ունեցել Հայաստանում:

Ինչո՞ւ Հայաստանում: Որովհետև դանիական կապիտալը կենսական նշանակություն ունի Թեղուտի հանքի համար: Ձեռք բերված սարքավորումը առաջընթաց կապահովի հանքավայրի հետախուզման հարցում: EKF-ը կարծես վստահում է Հայաստանի կառավարության և «Վալեքսի» հետ իր համագործակցությանը: Սա արվում է` ի հեճուկս Սոնա Այվազյանի և հանքավայրին դեմ մյուս ակտիվիստների հիասթափության. «Մենք իսկապես լավ հանդիպում էինք ունեցել [դանիացիների հետ]: Մենք ներկայացրել էինք մեր բոլոր փաստարկները, նրանք լսել էին ու հասկացել ամեն բան: Եվ մենք վստահ էինք, որ նրանք չեն կարող ներդնել Թեղուտում` լինելով դանիացի: Գիտեք` դա Դանիան էր, նրանք ունեն բնապահպանական ավելի բարձր չափորոշիչներ և տարբեր մոտեցումներ: Բայց ավելի ուշ մենք լսեցինք, որ նրանք իսկապես ֆինանսավորել են նախագիծը»:

Հետազոտության փաստաթղթերն ամբողջությամբ հասանելի են այստեղ:

Բենեդիկտ վան դեն Բում, «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավիրյալ լրագրող

Թարգմանությունը՝ Սյուզաննա Հովհաննիսյանի

Read the article in English.