14 հոկտեմբեր, 2014 15:20

Իշխանափոխության գործընթացի մեկնակետը

derenikԸնդդիմադիր ուժերի հոկտեմբերի 24-ի հանրահավաքը կարող է դառնալ հիմնարար փոփոխությունների կարևոր հանգրվան: ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հոկտեմբերի 10-ի առաջին համատեղ հանրահավաքից հետո հնչեցին մի շարք քննադատություններ, որ փոփոխություններին միտված ճանապարհային քարտեզի մասին չխոսվեց և իշխանափոխության նպատակը հստակ չընդգծվեց: Թեև Սերժ Սարգսյանը նույն օրը Մինսկում ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիր, սակայն Ազատության հրապարակում հավաքված քաղաքական ուժերի օրակարգում դրված խնդիրները արտաքին քաղաքական չէին։

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ուշագրավ էր մի քանի առումներով։

Նախ, Հայաստանի վերջին 23 տարիների ընթացքում գրեթե չկա դեպք, երբ ոչ ընտրական ժամանակահատվածում տեղի է ունենում քաղաքական ուժերի և հասարակության լայն համախմբում՝ ընդդեմ գործող իշխանությունների (2004-ին՝ 2003-ի նախագահական ընտրություններից հետո, նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շուրջ համախմբումը ավելի շատ տարերային է եղել և չի ունեցել դրան նախորդող համակարգված քաղաքական քննարկումների ու համաձայնեցումների շարքը)։

Երկրորդ, ներկայում միմյանց հետ սերտորեն համագործակցող քաղաքական ուժերը ժամանակին ունեցել են բազմաթիվ հակասություններ և նույնիսկ գտնվում են գաղափարախոսական տարբեր տիրույթներում, սակայն նրանց միջև կայացել է կոմպրոմիս: Ուստի հոկտեմբերի 10-ի հանրահավաքը պետք է ընկալել որպես համախմբավծության ցուցադրություն, յուրօրինակ ստուգատես, քանի որ շատերն էին կասկածի տակ առնում երեք ուժերի գործողություններում հանրահավաքային պայքարը: Իսկ իշխանությունը մեծ ջանքեր էր գործադրում եռյակի անդամների միջև այնպիսի հակասություններ գեներացնելու, որոնք կխոչընդոտեին հանրահավաքի կայացմանը:

Երրորդ, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը եռյակի կողմից լայնամասշտաբ հարձակման անցնելու՝ Սերժ Սարգսյանին ուղղված ազդանշան էր: Մի բան է իշխանությանը քննադատել լրատվամիջոցներում և Ազգային ժողովում, բոլորովին այլ բան, երբ քննադատությունն ու պայքարը տեղափոխվում է հրապարակ: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը պետք է դիտարկել որպես հրապարակային ուղերձ Սերժ Սարգսյանին առ այն, որ եռյակը պատրաստ է հրապարակն օգտագործել իշխանափոխության գործընթաց սկսելու համար: Տրամաբանությունը հուշում է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում պետք է իշխանափոխության տեսլական ներկայացվի՝ փուլային կամ փաթեթային, երբ, ինչպես և ինչպիսի քայլերով:

Արմատական փոփոխություններ գեներացնելու համար եռյակին հարկավոր կլինի պասիվ հարձակողական դիրքերից անցնել ակտիվ հարձակողական մարտավարության:

Ինչ վերաբերում է եռյակի քաղաքական օրակարգում արտաքին քաղաքականությանն առնչվող կետերի բացակայությանը, ապա դա միանգամայն տրամաբանական է: Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության և երկրի ներքին իրավիճակի տրամաբանական շարունակությունն է: Եռյակը քաղաքական նպատակ է հռչակել երկրում արմատական փոփոխություններ անելը, որը բնականաբար իր հստակ արտահայտությունն է ունենալու արտաքին քաղաքականության վրա: Այժմ հետևանքների դեմ կռիվ տալը ուժերի ու ջանքերի անիմաստ վատնում է, որի արդյունավետությունը զրոյական է լինելու։ Ավելին, ուկրաինական տրամաբանությամբ մայդանի կրկնությունը Հայաստանում ոչ միայն ցանկալի չէ, այլ պարզապես վտանգավոր է։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: