15 հոկտեմբեր, 2014 21:00

Արեք ձե՛ր հեղափոխությունը

Scan 19Ընդդիմադիր եռյակի՝( ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») հոկտեմբերի 10-ի հանրահավաքին նախորդող շրջանում և հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ համապատասխան շրջանակներից ակտիվացել են քննադատությունները, որ եռյակը չունի քաղաքական օրակարգ, և նրա նպատակն էլ իշխանափոխությունը չէ, կամ որ ընդհանրապես եռյակը չի անում այն հեղափոխությունը, որը հենց իրենք են պատկերացնում:

Եթե նման քնանդատություններ հնչում են լրատավական և քաղաքագիտական շրջանակներից, տրամաբանությունը հասկանալի է: Բնականաբար ոմանք քննադատում են անկեղծորեն՝ նպատակ ունենալով ավելի լավը դարձնել ընդդիմության շարժումը, մյուսներն էլ քննադատում են կոմերցիոն սկզբունքներով:

Այս ամենով հանդերձ, վերոհիշյալ շրջանակներից հնչեցվող քննադատությունները հասկանալի են:

Սակայն երբ խիստ ուղղորդված քննադատությունները սկսում են հնչել ակտիվ քաղաքական կամ քաղաքացիական պայքարով զբաղվող շրջանակներից, մի շարք հարցեր են առաջ գալիս: Այդ շրջանակները եռյակի գործունեությունը հիմնականում քննադատում են արմատական ընդդիմադիրի դիրքերից: Իհարկե, նրանք իրավունք ունեն քննադատություն ու մեղադրանքներ հնչեցնելու: Սակայն ի տարբերություն լրագրողների և քաղաքագետների՝ այդ շրջանակները պետք է քննադատությանը զուգահեռ ներկայացնեն իրենց  այլընտրանքային օրակարգն ու կոնկրետ գործողություններ սկսեն, որի արդյունքում կանեն սեփական պատկերացումներին համապատասխանող հեղափոխություն:

Եռյակի հասցեին մեղադրանքներ ու քննադատություններ հնչեցնելուց բացի՝ նրանց մոտ կարծես այլ օրակարգ չկա: Բնականաբար քաղաքական օրակարգի ձևավորման հիմք պետք է հանդիսանա հասարակական պահանջը: Հասարակությունն արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքական ուժերին պարբերաբար անհապաղ իշխանափոխության պահանջ է պատվիրակում:

Սակայն եռյակին քննադատող ուժերը խոսում են իշխանափոխության մասին՝ ելքեր ու կոնկրետ գործողություններ չառաջարկելով: Որոշներն էլ առաջարկում են սպասել այնքան, մինչև իրենք վստահ կլինեն, որ կկարողանան իշխանափոխություն անել: Իսկ քանի դեռ այդպիսի վստահություն չկա, բնականաբար չկա նաև գործնական հակաիշխանական պայքար:

Այս տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը պետք է մնա իշխանության այնքան, մինչև իրենք պատրաստվեն ու հեղափոխություն անեն: Այդ նախապատրաստական  շրջանի տևողությունը բնականաբար անհայտ է:

Ազատության հրապարակում հանրահավաք անելը վերածվել է հանրային աջակցության չափորոշիչի: Ճիշտ կլիներ, որ եռյակին քննադատող ուժերը կազմակերպվեն և նույն հրապարակում հանրահավաք անելով, ժողովրդի հետ խորհրդակցելով՝ ներկայացնեն իրենց քաղաքական օրակարգը: Միգուցե հանրային աջակցության մակարդակից չհիասթափվե՞ն:

Ընդդիմադիր եռյակը այս պահին միակ քաղաքական միավորումն է, որը կոնկրետ գործողություններով դուրս է եկել պայքարի ընդդեմ Սերժ Սարգսյանի․ և միակն է, որ իր ռեսուրսներով հակակշռում է գործող իշխանությանը: Նման քաղաքական հակակշռի վերացումը պարզապես նվեր կլինի Սերժ Սարգսյանին: Քաղաքական շրջանակների կողմից բացասական տրամաբանությամբ եռյակին ուղղված քննադատությունը բխում է բացառապես իշխանության շահերից:

Միանգամայն հնարավոր է, որ եռյակը չի իրականացնում իրեն քննադատողների պատկերացրած արագ ու արմատական հեղափոխությունը: Սակայն այն նաև չի խանգարում կյանքի կոչել քննադատողների երազած հեղափոխությունը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: