16 հոկտեմբեր, 2014 10:00

Յուրաքանչյուր դժբախտ բռնապետ դժբախտ է յուրովի

mikayel minasyan ssԼև Տոլստոյը ասում էր՝ «բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»: Այսօր նույնը կարելի է ասել մերօրյա բռնապետերի մասին: Նրանք միանման երջանիկ են ու դժբախտ՝ յուրովի:

Միանման երջանիկ են, երբ նրանց նեղ կլանի համար պետական համակարգի և հանրային ռեսուրսների հաշվին մեծ հարստություն են կուտակում: Յուրայինների համար ստեղծում են տնտեսական հնարավորություններ, որը հնարավորություն է տալիս հարստություն կուտակելու համար: Եթե Սիրիայում Բաշար Ասադի զարմիկ Ռամի Մախլուֆն է տիրանում տնտեսության 60 տոկոսին ու փորձում երջանկացնել իր զարմիկին, ապա Հայաստանում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է փորձում տիրանալ տնտեսության 50 տոկոսին ու երջանկացնել իր եղբորը: Երկու բռնապետերն էլ իրենց երջանկությունը տեսնում են հավերժ կառավարման մեջ: Նրանց երջանկության աղբյուրը մեկն է՝ լինել ավելի հարուստ ու աթոռը պահել ինչքան հնարավոր է երկար կամ ցմահ:

Մուամար Քադաֆին երջանիկ էր զգում, երբ իր երկրում ճնշումներ էր կիրառում քաղաքացիների ու քաղաքական ուժերի նկատմամբ՝ միաժամանակ միջազգային տարբեր ամբիոներում խոսելով երկրի ժողովրդավարացման մասին: Սերժ Սարգսյանն էլ իրեն երջանիկ է զգում, երբ քաղաքական ճնշումներ է կիրառում, իսկ միջազգային ամբիոներում խոսում Հայաստանի ժողովրդավարացման մասին:

Քանի որ բռնապետերի քաղաքական ուժը հիմնված է կեղծիքների վրա, հենց կեղծիքն էլ դառնում է նրանց երջանկության աղբյուրը:

Ինչպես մնացած բռնապետերը, Վիկտոր Յանուկովիչը ևս երջանկության աղբյուր էր տեսնում հարստության կուտակումը: Նրա որդու հարստությանը կարճ ժամանակում մեծ ծավալների հասավ։ Այդ ամենը նման է Սերժ Սարգսյանի երջանկության աղբյուրին: Նրա ընտանիքի անդամները, մասնավորապես Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանը աներոջ իշխանության չարաշահմամբ ստեղծել է մեդիակայսրության և դարձել

հանրապետության խոշորագույն ներկրողներից մեկը:

Բաշար Ասադը իր երջանկության պատճառով յուրովի դժբախտացավ, երբ 2011թ. ցույցերը վերածվեցին դաժան պատերազմի, որի արդյունքում նա կորցրեց վերահսկողությունը երկրի տարածքի և բնակչության զգալի հատվածի վրա՝ չհաշված հարյուր հազարավոր մարդկային զոհերը:

Քադաֆին չկարողացավ հասկանալ իր երջանկության աղբյուրի աղետալի հնարավոր արդյունքները, որի պատճառով էլ անփառունակ զրկվեց կյանքից։ Յանուկովիչը ստիպված եղավ իր նախագահության շրջանում հեռանալ երկրից և ասուլիսներ հրավիրել Ռուսաստանից, ապա ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն։

Այսօր Սերժ Սարգսյանն էլ կանգնած է ընտրության առաջ: Նա պետք է ընտրի իր դժբախտության տարբերակը: Մինիմալ դժբախտության տարբերակը նա իր համար թողել է՝ պաշտոնից հնարավորինս շուտ ու անցնում հեռանալը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: