18 հոկտեմբեր, 2014 14:28

Ոչ ոք չի հիշում 1987-ի հոկտեմբերի 17-ը…

hh00027 copyԴժվար թե մեկնումեկի մտքով անցնի, որ Միլոշ Ֆորմանն ու Հայաստանի էկոլոգիական շարժումը ինչ-որ ձևով կարող էին հատվել, բայց հատվել են:

Ուրեմն, 1987-ի հոկտեմբերի 17-ն էր:Այսինքն՝ 27 տարի առաջ երեկվա օրը:

Էլի աշուն էր, բայց դեռ սովետական: Առաջին կուրսի ուսանող էի: Ու այդ օրը՝ 1987-ի հոկտեմբերի 17-ին, սովորականի նման դաս էր համալսարանի բանասիրական ֆակուլտետում, սովորական անջուր Գետառին նայող 212

Լսարանում։ Ամեն ինչ սովորական էր, բայց ես տնից բերած մի գաղտնիք ունեի հետս. այդ օրը առաջին անգամ իմ կյանքի օրոք Երևանում հանրահավաք պիտի լիներ Նաիրիտը փակելու դեմ: Մի քանիսին, որոնց հասուն ու գրագետ էի համարում ու մտածեցի՝ կգան օպերայի հրապարակ՝ ասացի տնից բերած գաղտնիքս: Առանձնապես ոգևորություն չտեսա, ու իմ «մի բան գիտեմ, բայց մարդու չեմ ասի» հոգեվիճակը մի քիչ կորցրեց իր հզորությունը։ Մյուս կուրսերն ավելի տեղեկացված էին ու դասամիջոցին երջանկությամբ, հենց երջանկությամբ, ոչ թե ուրախությամբ իմացա, որ շատերն են գնալու։ Բայց դասն ավարտելու վրա հայտարարեցին, որ համալսարանի կենտրոնական մասնաշենքում ցուցադրվելու է «Ամադեուսը»։

Երիտասարադ ու վերամբարձ տեխնոլոգիաներին վաղաժամ տիրապետել սկսող սերնդի համար բացատրեմ, որ երկիրն այլ էր, տեխնիկան՝ բոլորովին այլ, բոլոր տներում չէ, որ գունավոր հեռուստացույց կար, շատ քչերն ունեին տեսամագնիտոֆոն, ինչը շքեղություն էր։ Ֆիլմ նայում էինք միայն կինոթատրոններում և բնավ ոչ նոր նկարահանված ու մի քանի ամիս առաջ «Օսկար»-մոսկար ստացած ֆիլմեր, այլ ասենք 12 տարվա վաղեմության, բայց տարիները ֆիլմը չէին փչացնում, ու մեր երջանկությունը նույնպես: Այնպես, որ Միլոշ ֆորմանի «Ամադեուսը» համալսարանի կենտրոնական մասնաշենքում ցուցադրելու արտասովոր փաստը գայթակղություն էր և լուրջ գայթակղություն, եթե մանավանդ հաշվի առնենք, որ ֆիլմը նկարահանվել էր ընդամնեը 1985-ին, իսկ այդ օրը 1987 թվականն էր:

Երբ բանասիրականի Գետառի ափի շենքից դուրս եկանք շատերը, գնացին դեպի կենտրոնական մասնաշենք: Արվեստը հաղթում էր: Բայց ինձ ու շատերի համար ո՛չ աշխարհահռչակ Միլոշ ֆորմանը՝ Չեխոսլովակիայում ծնված ու երկու հզոր համակենտրոնացման ճամբարներում ՝ Աուշվիցում և Բուխենվալդում, ծնողներին կորցրած որբ, որ հասել էր Ամերիկա ու գրավել աշխարհի կինոն ու օսկարները, ո՛չ Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտն իր հանճարով, ո՛չ «Ամադեուսը» իր ութ «Օսկարով» չէին կարող ստիպել հրաժարվել անհայտ, անհասկանալի արտահայտությունից՝ «միտինգ ընդդեմ»… Մենք նոր բանի վկան էինք դառնում:

Սովետական երկրի կարգը խախտվում էր: Շատ մարդիկ, շատ-շատ մարդիկ գնում էին դեպի օպերայի հրապարակ: Աբովյան քաղաքից ցուցարարները երթով պիտի հասնեին այստեղ: Կոմսոմոլի կենտկոմի քարտուղարները հետապնդում էին ուսանողներին, հավաքում կոմերիտական տոմսերը, կյանքը խիտ գույներ էր ստանում:

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Զորի Բալայանն էլի նամակ էր գրել, այս անգամ՝ Գորբաչովին, ու պատմել Հայաստանում աղտոտված օդի աղետալի չափերի մասին: Նամակը դեռ տեղ չէր հասել երևի, էլեկտրոնային փոստ չկար, բայց հանրահավաքը արդեն կայանում էր:

«Էկոլոգիա» բառը բոլորին չէր հասկանալի, ինչպես տարիներ առաջ «գենդերը»: Բայց մարդիկ հարթակից լսած արտահայտությունները կրկնում էին վարժ ու կարևորը՝ առանց վրիպման մեջբերում էին: Առաջին անգամ, իսկ ոմանց համար 65-ի ցույցերից հետո՝ երկրորդ անգամ, հարթակից բողոք էր հնչում ընդդեմ խորհրդային պետության:

Բողոքն ուղղված էր աղտոտվող օդին, բայց մի ուրիշ բան, ավելի հասկանալի, ավելի ուրիշ բան սկսում էր ձև ստանալ:

Հարթակից խոսում էին Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, Խաչիկ Ստամբոլցյանը: Ստամբոլցյանն այնպես մանրակրկիտ նկարագրում էր աղտոտված օդի պատճառով հաշմանդամ ծնվող երեխաների ու կանանց վիժումների մասին, որ սկզբում կարելի էր մտածել, թե ելույթ ունեցողը մի գինեկոլոգիական բաժանմաունքի ղեկավար էր:

Բայց մի քանի հազար հոգով օպերայի հրապարակի կենտրոնում բողոքելու հաճույքն այնքան մեծ էր, որ քննադատության մասին խոսք լինել չէր կարող: Ամեն ինչ ճիշտ էր, միանգամայն ճիշտ, ու մի օրում բոլորիս միակ մտածմունքն ու խնդիրը դարձան օդի աղտոտումից հաշմանդամ ծնվող երեխաները, իսկ Ստամբոլցյանն այնպես մանրամասն էր ներկայացնում «անձեռ», «անոտ» երեխաների տեսքը, որ անհնար էր պատկերացնել քիմիական որևէ ձեռնարկության գոյությունը հաջորդ օրվանից:

Հետո քաղաքի գիտամշակութային բնագավառի մի քսան հոգանոց խումբ դագաղ էր տարել «Նաիրիտ» ու «Պոլիվինիլացետատ» ձեռնարկությունների դիմաց ու կանգնել սուլել էին՝ աշխատակիցներից պահանջելով դադարեցնել աշխատանքը: Ցուցարարների մեջ հայրս էլ էր եղել, լեզվի ինստիտուտի գիտաշխատող: Իսկ «Պոլիվինիլացետատում» աշխատում էր հարազատ հորաքույրս: Նա վերևից տեսնում է, որ իրենց ձևակերպմամբ «խուժանների շայկայի» մեջ նաև իր եղբայրն էր ընկերների հետ: Այդ երեկո հորաքույրս մեր տանը կարդաց բանասերների ձեռքով երկիրը քարուքանդ լինելու վտանգի մասին իր տեսությունը:

Փառահեղ հանրահավաք էր, մեծ բողոքի պաշարով ու պայքարելու ռեսուրսով:

Համացանցում որոնում էի հոկտեմբերի 17-ի մասին նյութեր որոշ ճշտումների համար ու գտա մի նյութ, որում ասվում էր, թե 1987-ի հոկտեմբերի 16-ին Զորի Բալայանը նամակ էր գրել Գորբաչովին Հայաստանի էկոլոգիայի վտանգավոր վիճակի մասին՝ պահանջելով փակել քիմիական մի շարք ձեռնարկություններ: Հետո, վերլուծելով՝ ասվում էր, որ շարժումն համաձայնեցված էր խորհրդային որոշ շերտերի հետ՝ նպատակ ունենալով թուլացնել տեղական իշխանությունների դիրքերը և այլն, և այլն: Նույնիսկ 27 տարի անց տհաճ էր կարդալ անապացուցելի մի բան, որովհետև բոլորս եկել էինք նոր կյանք սկսելու, ու այդ հզոր ընթացքում բոլոր համաձայնեցումները ջրաներկի գույների պես խառնվելու էին իրար, հոսանքն այլ տեղ էր տանելու ֆիզիկայի բոլոր գոյություն ունեցող ուժերով: Բոլորս շատ, չափից շատ ազնիվ էինք՝ միգուցե անթույլատրելի աստիճանի ազնիվ: Էլ թե ով ում դիրքերն էր թուլացնում այդ ընթացքում, մի քանի ամիս անց, այլևս չէր երևում. երկիրը կռվի էր դուրս եկել…

Ոչ ոք արդեն չի հիշում 1987-ի հոկտեմբերի 17-ը…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: