23 հոկտեմբեր, 2014 14:46

Բոթսվանայից մինչև Հայաստան

Հս․Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ունը։ Հս․Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ունը։

Հայաստանում ներքաղաքական ակտիվ աշունը թեժացրել է քաղաքական տարբեր հարցերի շուրջ քննարկումները։ Հատկապես շատ են դիտարկվում մարդու քաղաքական վարքագծի պատճառները։ Հաճախ են հնչում տեսակետներ, որ վարքագծի սկզբնաղբյուրը մշակույթը, արժեհամակարգը և մտածելակերպն է։

Հետադարձ հայացք գցենք պատմությունը: Մաքս Վեբերը գտնում էր, որ վարքագծի պատճառ կարելի է  դիտարկել մշակույթը: Ընդ որում, նա պնդում էր, որ կապիտալիզմի և ձեռներեցության պատճառը հենց բողոքական մշակույթն է: Հետագայում կապիտալիզմի տարածումը բողոքական մշակույթ չունեցող երկրներում, ինչպես նաև բողոքականություն դավանող աֆրիկյան երկրներում կապիտալիստական ինստիտուտների բացակայությունը ցույց տվեցին, որ ձեռներեցության կամ կապիտալիզմի հիմքը մշակույթը չէ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկու բնական փորձ ևս ցույց տվեցին, որ արժեհամակարգն ու մտածելակերպը քիչ կապ ունեն վարքագծի հետ, և մարդիկ արագ փոխում են իրենց վարքագիծը, երբ խաղի կանոններն են փոխվում: Երբ Գերմանիան ու Կորեան բաժանվեցին երկու մասի, ու տարբեր կառավարման համակարգեր ներդրվեցին, արդյունքում մարդկանց վարքագիծը շատ արագ փոխվեց: Գրեթե նույն արժեհամակարգ, մտածելակերպ և մշակույթ (նույնիսկ բնակալիմայական պայմանները սահմանին մոտ մասերում նույնն էին) ունեցող երկրները բաժանվեցին երկու մասի, տարբեր կառավարման համակարգեր ստեղծվեցին, իսկ  արդյունքները միանգամայն տարբեր եղան:

Հյուսիսային Կորեան տոտալիտար ռեժիմի պատճառով այսօր աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկն է, իսկ ազատ շուկայական տնտեսություն ունեցող Հարավային Կորեան՝ աշխարհի ամենահարուստների թվում է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ավերվել էր ամբողջ Գերմանիան: Արևմտյան Գերմանիայի ՀՆԱ-ն 1950-ականների վերջին արդեն ավելի էր, քան հաղթանակած Ֆրանսիայի և Բենիլյուքսի երկրների ՀՆԱ-ները՝ միասին վերցրած, մինչդեռ Արևելյան Գերմանիան այդպես էլ չկարողացավ գոնե նվազագույն արդյունավետության տնտեսություն կառուցել: Այս երկու նախադեպերը հուշում են, որ վարքագծի պատճառը կառավարման համակարգն է:

Հաճախ ժողովրդավարության ու զարգացման համար կարևորվում է նաև կրթությունը: Կարծիք կա, որ անհրաժեշտ է ճիշտ կրթել մարդկանց՝ ժողովրդավարություն հասնելու համար: Մինչդեռ ժողովրդավարացման գործընթացները հաճախ հակառակն են ցույց տալիս: Եթե ժողովրդավարացման հիմքերից մեկը կրթությունը լիներ, ապա 1945թ. Գերմանիայում, որը մոտ 12 տարի ֆաշիստական ռեժիմ էր «վայելում», երբեք ժողովրդավարություն չէր հաստատվի: Ֆաշիստական ռեժիմը մարդկանց ռասայական ատելություն էր քարոզում, իսկ երբ կառավարման համակարգը փոխվեց, այդ նույն հասարակության անդամներին հաջողվեց ժողովրդավարություն կառուցել։

Զարգացման տեսանկյունից հետաքրքիր է Բոթսվանայի օրինակը, որի մասին մանրամասն գրել են Դարոն Աճեմօղլուն և Ջեյմս Ռոբինսոնը իրենց «Ինչու են ձախողում պետությունները» հիմնարար աշխատությունում։ 1960-ականներին, երբ Բոթսվանան անկախություն ստացավ, երկրում բարձրագույն կրթություն ունեցող ընդամենը 22, իսկ միջնակարգ կրթություն՝ ընդամենը 100 քաղաքացի ուներ։ Նման փոքրաթիվ կրթական ցուցանիշ ունեցող երկրի բարեկեցությունը 40 տարվա մեջ հասավ Էստոնիայի և Հունգարիայի մակարդակին:

Այս օրինակները ցույց են տալիս, որ քաղաքական կամայական վարքագիծը գլխավորապես կախված է կառավարման համակարգից: Հետևաբար, վարքագիծ փոխելու համար անհրաժեշտ է փոխել կառավարման համակարգը, այլ ոչ թե մշակույթը, մտածելակերպը կամ արժեհամակարգը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: