29 հոկտեմբեր, 2014 22:37

«Էյր Արմենիան» ժամանակավոր դադարեցնում է թռիչքները

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ ժամանակավոր դադարեցնում է թռիչքները մի շարք ուղղություններով։ Ընկերությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 2013-ից, երբ մենաշնորհատեր «Արմավիա»-ի սնանկացումից հետո Հայաստանում ազատականացվեց ավիահաղորդակցության ոլորտը:

«Անցած մեկ տարվա ընթացքում «Էյր Արմենիա» ընկերությունը` որպես միակ հայկական ուղևորափոխադրող ավիաընկերություն, իր ծառայություններն է մատուցել քաղաքացիներին` թռիչքներ իրականացնելով դեպի Ռուսաստան և Եվրոպա:

«Էյր Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ընկերությանը սնանկացնելու փորձեր են եղել: Այդ փորձերի թվում ընկերություն նշում է, որ սեպտեմբերի 11-ին Ռուսաստանում ավիահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինը՝ «Ռոսաէռոնավիգացիան», ռուսական լրատվամիջոցների միջոցով հայտարարություն էր տարածել առ այն, որ «Էյր Արմենիա» ընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստան, ինչը մեծ վնաս է հասցրել և լուրջ խնդիրների պատճառ դարձել ընկերության համար։

«Հայտարարությունը խուճապ առաջացրեց թե՛ ուղևորների, թե՛ կրեդիտորների և թե՛ դեբիտորների շրջանում: Բազմաթիվ ուղևորներ սկսեցին վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը: Ուղևորների մի մեծ զանգված հրաժարվեց հայկական ուղևորափխադրողի ծառայություններից: Վաճառքները նվազեցին ավելի քան 60%-ով:

Միաժամանակ բոլոր կրեդիտորները սկսեցին պահանջել իրենց հասանելիք գումարները՝ հրաժարվելով նախկինում պայմանավորված փոխանցումների գրաֆիկներից, իսկ դեբիտորները հրաժարվում էին փոխանցել արդեն իսկ վաճառված տոմսերի գումարները՝ պատճառաբանելով, որ ուղևորների հրաժարվելու դեպքում ստիպված կլինեն ետ վերադարձնել գումարները:

«Էյր Արմենիա» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայում մեկնել են Հոլանդիա տեխնիկական սպասարկման նպատակով: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում: Առաջացած խուճապի և հասարակության շրջանում առկա անորոշությանը զուգահեռ Ա320 տիպի օդանավերի սեփականատերերը պահանջեցին օդանավերից մեկի տեխնիկական հերթական և մյուսի ոչ պլանավորված տեխնիկական սպասարկումը իրականացնել իրենց պատկանող օդանավակայանում իրենց ավելի ապահովագրված զգալու նպատակով:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, ի զարմանս շատերի, իր մեջ գտավ եռանդ, ուժ և միջոցներ՝ թռիչքները կազմակերպելու ընդամենը մեկ օդանավով:

Ավիաընկերության համար լուրջ խնդիրներ առաջացրեց նաև հոկտեմբերի 2-ին 1in.am կայքի կողմից տարածված ապատեղեկատվությունը, ինչի արդյունքում հայկական ավիափոխադրող «Էյր Արմենիա» ընկերությունը ավելի մեծ կորուստներ ունեցավ: Հայաստանում վաճառքները նվազեցին 80%-ով: Միևնույն ժամանակ որոշ գործակալներ իրենց մոտ պահեցին հասույթները, տոմսերի վերադարձի երաշխիք ապահովելու համար: Արդյունքում հասույթները Հայաստանում մոտեցան կրիտիկական մինիմումի, և ներկայում հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ:

Ստեղծված իրավիճակում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա, բարեփոխել չվացուցակը մինչ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա: Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ «Air Armenia»-ին պատկանող երկու Ա320 օդանավերը վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում: