6 նոյեմբեր, 2014 14:00

Իմ տեսած սովետական պաշտոնյան

vladimir movsisyan Լուսանկարը` PanArmenian.Photo-ի

Ես սովետական աշակերտ էի, երբ Վլադիմիր Մովսիսյանը  մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր: Նրա դեմքը հիշվող էր: Ինձ համար նրանք տարիքով շատ մեծ, իրենց դարն ապրած, ոչ առաջադեմ հայացքներով մարդիկ էին, այնինչ այսօր հաշվում եմ ու հասկանում եմ, որ այդ մարդն ասենք 1986-ին ընդամնեը 53 տարեկան էր: 88-ից հետո նա մնաց: Նրա մասին բոլորն ասում էին իր գործն իմացող մարդ է, աշխատասեր, գործից հասկացող: Նա այն քչերից էր, որի կարիքը նորերը զգացին:

Այս մարդու հանդեպ իմ վերաբերմունքը ձևավորվել է հետսովետական շրանում, երբ արդեն լրագրող էի ու աշխատում էի «Շրջան» ընդդիմադիր թերթում: Սումգայիթի փախստականների մասին նյութ էի արել: Գնացել էի Բյուրեղավան, որտեղ մի քանի բնակարաններում տեղավորել էին դժոխքից փրկված մի քանի ընտանիքի: Ձմեռ, սարսափելի ցուրտ օրեր էին: Նրանց տներից դուրս եկա սարսափած, որովհետև պանելային սառը շենքերում մարդիկ վառելիք չունեին, որ տաքանային, այնինչ նրանց օգնություն էր հասնում, այդ թվում՝ վառելանյութ: Ես հոդված էի տպագրել «Ով է գողանում սումգայիթցիների վառելիքը» վերնագրով:

Որոշ ժամանակ անց  սումգայիթցիների հարցով գնում եմ Փախստականների վարչություն, որի պետն այդ ժամանակ Վլադիմիր Մովսիսյանն էր: Քարտուղարուհին հարցնում է ով լինելս ու հրավիրում ներս: Կոպիտ, խորհրդային երեք էտապ տեսած մարդու դեմք էր, խորհրդային կարգերի փլուզում տեսած, բայց փլատակների տակ չմնացած, որովհետեև հավանաբար բանիմաց մարդու կարիք կար: Գրասեղանի հետևում ծանր ու մեծ նստած Վլադիմիր Մովսիսյանն այնպիսի հնչերանգով ասաց. «Էդ քանի՞ գլխանի ես, որ քո ոտով էլ վեր ես կացել եկել էստեղ»: Անսպասելի էր, թեև երևի պիտի սպասեի: Գրասեղանի դարակը բացեց ու դարակից հանեց  «Շրջան» թերթի այն համարը, որտեղ սումգայիթցիների մասին հոդվածն էր ու հարցրեց. «Էդ Մովսիսյա՞նն ա գողանում սումգայիթցիների վառելիքը»: Միայն կարողացա ասել, որ ես անուն չեմ տվել, ես հարցրել եմ: Ասաց «առաջ արի, նստի»: Թերթը դրեց առջևս ու ես տեսա կարմիր գրիչով իրեն վերաբերող ամեն տողի տակ գծած հոդվածս: Շփոթված էի, որովհետև, նախ այդ տարիքի մարդու հետ դժվար էր քսանչորս տարեկան լրագրողի բանավեճը, հետո էլ նա որևէ անշնորհք բան թույլ չէր տալիս իր խոսքում, ուզում էր ապացուցել, որ ոչ ոք չի գողանում ոչինչ, ու զարմացել էի, որ տող առ տող կարդացել ու նշել էր իր հիմնարկի դեմ ուղղված մեղադրանքները այնպիսի ժամանակներում, երբ  թարսուշիտակվել էր ամեն ինչ: Ավարտեց իր ասելիքն ու հրահանգեց, այո՛, հրահանգեց խորհրդային պաշտոնյայի շեշտով. «Մի շաբաթից չալարես, կգնաս Բյուրեղաան, եթե մեքենա չունեք, կգաս ես կտրամադրեմ ու կնայես վառելիքը հասել ա,թե չէ: Բայց մի պայմանով՝ կգաս կգրես ձեր թերթում՝ ինչ որ տեսնես»:

Ես ալարեցի նորից գնալ, բայց զանգեցի Բյուրեղավան, ինձ սումգայիթցի արդեն ծանոթ ընտանիքի անդամներն ասացին, որ վառելիքը հասել է, բնակարանները տաքացել են ու դեռ ինչ-որ օգնություն էլ էին ստացել մթերքի տեսքով:

Թերթում գրել էինք, որ վառելիքը հասել է, ինչպես խոստացել էի: Փախստականների վարչությունից զանգել էին խմբագրություն ու շնորհակալություն հայտնել պայմանավորվածությունը պահելու կամ խմբագրության բարեխիղճ աշխատանքի համար:

Սովետական պաշտոնյաների հետ շփումս անհնար էր եղել տարիքի պատճառով, բարեխատաբար չեմ տեսել, թե մի թղթի համար քանի անգամ են տանում ու հետ բերում անիմաստ ու կարևորը՝ վերջը չերևացող, բայց Վլադիմիր Մովսիսյանի հետ էսպես շփվեցի, ու հասկացա, որ էսպիսի աշխատաոճ էլ կար ատելի, գարշելի հասարակարգում, եթե մարդը պետքական էր… Իր աստեղային ժամանակներում որևէ պաշտոնյայի դեմ բան չէին գրում, իրենք էին ու իրենց պաշտոնն ու վերադասը, բայց այս մարդուն ես տեսա գործի մեջ:

Հետո, երբ դաշնամուրի էի տանում  երեխայիս ու սպասում, որ դասն ավարտվի, պատուհանից երևում էր նրա կեսօրն ու օրվա մի փոքր մասը: Ընդմիջմանը գալիս էր, միշտ, մինչև վերջին օրը հագնված, կոկիկ, ճերմակ վերնաշապիկով, կոստյումով, փողկապով, իջնում էր մեքենայից, իր ձեռքով իջեցնում մեքենայից  մթերքը, միշտ նույն ժամին, միշտ, ոչ մի րոպե ուշ, ոչ մի րոպե շուտ այս քիթբերանի վրա շուռ եկած ընկած երկրում…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: