7 նոյեմբեր, 2014 23:41

Նավարայի խորհրդարանի կոչը միջազգային հանրությանը՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ

Navarre-parliamentՆոյեմբերի 3-ին Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում Նավարայի խորհրդարանը կոչ է անում  միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։

Ինչպես հաղորդում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից, հայտարարության մեջ համոզմունք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան  ցանկացած  ձևաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար և ողջունվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը։

Նավարայի խորհրդարանը իր հայտարարության մասին ծանուցելու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), Եվրոպական Միությանը, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և Լեռնային Ղարաբաղի նախագահին ու խորհրդարանին:

Խոսնակների խորհուրդը  խորհրդարանական մարմին է, որտեղ խորհրդարանական խմբակցությունները ներկայացված են իրենց խոսնակներով։ Այն մասնակցում է խորհրդարանի կողմից քաղաքական բանաձևերի մշակմանն ու ընդունմանը և իրավասու է հանդես գալու պաշտոնական հայտարարություններով։