9 նոյեմբեր, 2014 12:28

Բյուրոկրատիան ու իշխանափոխության խնդիրը

GDPՀոկտեմբերի 10-ի և 24-ի հանրահավաքների ընթացքում եռյակը հայտարարել է իշխանափոխություն կատարելու իր մտադրության մասին: Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն, որ գործ ունեն ուժեղ ձևավորված պետական ապարատի հետ: Առանց պետական ապարատը թուլացնելու կամ վերջինիս հետ մրցակցող կառույցների ձևավորման դժվար կլինի կազմակերպել իշխանափոխություն:

Հայաստանում պետական ապարատը ձևավորվել է տարերայնորեն, որում մեծ նշանակություն է ունեցել ղարաբաղյան պատերազմը: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը ժամանակ չունեցավ զբաղվելու պետական ապարատի բնականոն ստեղծմամբ ու զարգացմամբ. երկրում պատերազմ էր, ու պատերազմի առաջխաղացումը կանխելու համար առաջնային էր ստեղծել ուժային կառույցներ, որոնք հետագայում դարձան Հայաստանի պետական ապարատի հենասյուները:

Բոլոր ժամանակներում պետական ինստիտուտների ձևավորման գործում կարևոր են եղել պատերազմները: Չարլզ Թիլիի հայտնի տեսությունը, որ պատերազմն ազդում է պետության ձևավորման վրա, իսկ պետությունը պատերազմ է սկսում, արտացոլում է Հայաստանում պետականության ձևավորման գործընթացը:

Օրինակ, 2008թ. շարժումն իր վերջնական նպատակին չկարողացավ հասնել նաև այն պատճառով, որ պետական ապարատում առկա էր կոնսոլիդացիա, և բյուրոկրատիան կասեցրեց իշխանափոխության գործընթացը: Հետաքրքիր է, որ Ուկրաինայում և Վրաստանում փողոցով հնարավորինս հեշտ է կազմակերպվել իշխանափոխությունը: Ուրաինայում և Վրաստանում պետական ապարատն ավելի թույլ է: Ուկրաինայում նույնիսկ կանոնավոր բանակը մինչև վերջերս թույլ կազմակերպված էր: Վրաստանում մինչև 2000-ականները պետական ինստիտուտները նույնիսկ չէին կարողանում վերահսկել երկրի ամբողջ տարածքը:

Հայաստանի դեպքում պատկերն այլ է. պատերազմի ու այդ պատերազմում հաղթանակի արդյունքում ձևավորվել է ուժեղ բյուրոկրատիա, որը կարողացել է կասեցնել իշխանափոխության գործընթացը: Ուժեղ բյուրոկրատիան է պատճառը, որ Հայաստանում իշխանափոխություն չի եղել: Գաղտնիք չէ, որ 2008թ. իշխանափոխության կասեցման գործում հիմնական դերը եղել է ուժային կառույցներինը: Այսօր բյուրոկրատիան ձևավորված ամենաարդյունավետ ինստիտուտն է Հայաստանում:

Ոչ վաղ անցյալում Եգիպտոսում Մուբարաքի դեմ սկսված ցույցերն հաջողություն գրանցեցին, երբ բանակը այլևս չպաշտպանեց Մուբարաքին: Բյուրոկրատիայի դիրքորոշումը կարևոր է: Ոստի և իշխանափոխության հասնելու համար ոչ միայն մարդաշատ փողոց ու հրապարակ է պետք, այլև  անհրաժեշտ է, որ պայքարը կառուցվածքային տեսք ստանա: Միևնույն ժամանակ, եռյակը կարիք ունի հասնելու նրան, որ բյուրոկրատիան չմիջամտի իշխանափոխության գործընթացին, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է լինել կուռ ու կազմակերպված:

Միայն կազմակերպված կառույց դառնալու և բյուրոկրատիային չեզոքացնելու դեպքում է հնարավոր հասնել Սերժ Սարգսյանի հեռացմանն ու կազմակերպել արտահերթ ընտրություններ Հայաստանում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: