14 նոյեմբեր, 2014 11:59

Բան Կի Մունը մտահոգ է ուղղաթիռի խոցման համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային այլ գործընկերների լուրջ մտահոգությունները՝ արտահայտված նոյեմբերի 12-ին ղարաբաղյան ուղղաթիռի խոցման առնչությամբ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

Նրա խոսքով՝ Բան Կի Մունը բոլոր կողմերին կրկին կոչ է անում լիովին հարգել զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը և հավատարիմ մնալ դրան։

«Գլխավոր քարտուղարը նաև բոլոր կողմերին կոչ է անում խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրադրության հետագա սրման, ինչպես նաև հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ լուծում գտնելու իրենց պարտավորություններին»,- ասել է Ֆարհան Հաքը։

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները։

Հայաստանի արտգործնախարարությունն ու պաշտպանության նախարարությունը սադրանք են որակել ղարաբաղյան ուղղաթիռի կործանումը: Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զգուշացրել է, որ ուղղաթիռի խոցման հետևանքները Ադրբեջանի համար «ցավոտ են լինելու»: Նա ընդգծել է, որ ուղղաթիռը զինված չի եղել և մարտական գործողություն չի կատարել։

Ղարաբաղյան ուղղաթիռի խոցման կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` նշելով, որ «միջադեպը հակամարտության սրման վտանգ է պարունակում»:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրամիությունը՝ կոչ անելով հետաքննել ուղղաթիռի խոցման միջադեպը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) «աննախադեպ» են որակել ուղղաթիռի կործանումը։

Ռուսաստանի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել ուղղաթիռի խոցման առնչությամբ։