15 նոյեմբեր, 2014 17:22

Բթության մեջ խարխափող բոթը

Երբ երկնքից ընկնում է ուղղաթիռը՝ հատելով մի քանի իրական կյանք, ու չափալախելով մեր միալար անիրական կյանքի բութ դեմքին՝ ուզում ես դուրս պրծնել գոռալ, մտածում ես հիմա կխանգարվի քաղաքը, կթափվի տներից դուրս. տղաներ ընկան վառվող ուղղաթիռի մեջ: Երբ երկնքից ընկնում է ուղղաթիռը՝ հատելով մի քանի իրական կյանք, ու չափալախելով մեր միալար անիրական կյանքի բութ դեմքին՝ ուզում ես դուրս պրծնել գոռալ, մտածում ես հիմա կխանգարվի քաղաքը, կթափվի տներից դուրս. տղաներ ընկան վառվող ուղղաթիռի մեջ:

Լուրը էլ մարդ չի սպանում, եթե իհարկե տուն չի մտել…

Ադրբեջանցիները խփել են մեր ուղղաթիռը: Միանգամից գծվում է սահմանը իրական ու հնարած կյանքի միջև: Իրականը սա է. ռազմավարժությունը, ուղղաթիռը, լեյտենանտներ, սահմանը: Մնացածը մի վայրկյանում դառնում է հնարած զբաղմունք. միտինգ, չմիտինգ, եռյակ, քառյակ, հնգյակ, միակ… Ազգային ժողովում հանրապետության իմիտացիա, հոդվածներ, բանավեճեր ու էլ չեմ ասում ֆեյսբուքյան գրառումներ, վեճեր, անսեռ ու անողոք, «ճշմարտություններ», որոնց հետևում թաքնված սեփական սուտն է հիմնականում։

Մենք հեռացել ենք իրական կյանքից, մանավանդ, երբ մի քիչ հանդարտ ենք լինում կամ միալար՝ շատ լավ ենք հեռանում: Երբ երկնքից ընկնում է ուղղաթիռը՝ հատելով մի քանի իրական կյանք, ու չափալախելով մեր միալար անիրական կյանքի բութ դեմքին՝ ուզում ես դուրս պրծնել գոռալ, մտածում ես հիմա կխանգարվի քաղաքը, կթափվի տներից դուրս. տղաներ ընկան վառվող ուղղաթիռի մեջ:

Չէ, ձայն չկա… էլի ասում-խոսում են, էլի վիճում են բաների մասին, որոնցից պիտի որ տեղյակ չլինեն գոնե ստացած կամ չստացած կրթության բերումով:

Ուղղաթիռի մասին հայտնում է «Էլենչո» տաքսու ռադիոն: Տաքսու միջից, եթե ամեն ինչ իրական լիներ, կուզեի բացել դուռը ու գոռալով փախչել. բայց հո գիժ չեմ: Առողջ եմ, զուսպ եմ, խելամիտ եմ ու նման բաներ: Տաքսու դիմացից կրիայի եռանդով շարժվող Աբովյանի ավտոբուսի մեջքին վառվում է «Yerevan –Abovyan-259» լույսերը: Քաղաքային տրանսպորտն աշխատում է անխափան: Տղաներն էլ անխափան մեռնում են: Ֆեյսբուքի մազերպոկոցին էլ է անխափան, ոչ մի բան կանգ չի առնում:

Ինչու են զոհվողների դեմքերը միշտ լավը: Մա՞հն է լավացնում, թե՞ պարզապես մահը իսկապես գտնում է կարգին դեմքերին: Մենք գիտենք հազարավոր անարժան, տխմար, հիմար մարդկանց, նրանց կենսագրություններն ու անգամ կրծքավանդակի սանտիմետրերը, ունեցած կանանց ու ամուսինների քանակը, քաղաքական տխմարությունները մանրամասն՝ ով, ում, ինչու: Օդաչուներին ով էր ճանաչում՝ ոչ ոք: Ընդդիմադիր չէին, իշխանամետ չէին, հանրպետական չէին, մահ կամ ազատություն չէին ուզում, այլընտարնքային չէին, ոչ մի բան էին այս անիրական ոլորտներում. օդաչու էին, զինավարժություն էին անում: Երեխաներ ունեն, հավանաբար իրենցն են՝ հայրաբար են գրկել նկարում: Ինչու քաղաքը կանգ չի առնում, երբ օդաչուներն ընկնում են խփված ուղղաթիռի հետ: Ինչու մենք քար չենք կտրում էլ ոչ մի բանից:

Ինչի նման ենք մենք: Հա՛մ ակտիվիստն է կիսանորմալ, հա՛մ պասիվիստը: Ումից ենք բան սպասում, եթե մենք քար չենք կտրում էլ խփված ուղղաթիռից: Ես ո՛չ Եվրոպա եմ ուզում, ո՛չ Ռուսաստան: Ես ուզում եմ կորել իմ տան մեջ, որ չտեսնեմ բութ ու անտարբեր գոյությունը հայրենակիցներիս անգամ մահվան նկատմամբ, զինվորիների մահն էլ բթությունը չի շարժում մարդկանց, կամ չի զսպում կլինիկական ակտիվությունը:

«Էլենչո» տաքսու վարորդը հարվածում է ղեկին, ուզում է հայհոյել՝ զսպում է: Ասում է՝ «կարող ա ողջ են, չեն թողնում մոտենան վերցնեն»: Ինքը սկսում է ինձ բացատրել այն, ինչ լսեցինք ռադիոյով միասին, ուզում է դրանով մասնակից դառնալ մի բանի, տեղը չի գտնում, պայթում է մարդը ու անցնող սևսաթ մեքենաների հասցեին վատ բաներ է ասում: Հետո ինչ: Հետո՝ ոչինչ: Երեկոյան ժամանցային զվարճալի ծրագրեր էին, կյանքն ու չկյանքը չեն հատվում, հատվում են այն ժամանակ, երբ բոթը մտնում է տուն: Իսկ բոթը կարելի է կանխել, բոթը պետք է կանխել ու բոթը բթանալու հետ ոչ մի կապ չունի. հակառակը…

Ասում են՝ եթե սիրում ես իրոք՝ պետք է բաց թողնես… սիրուն միտք է, ես այդպես չեմ կարող: Ես տիբեթյան սիրո բարձունքներից շատ եմ հեռու, ես որ սիրում եմ՝ բռնում եմ պինդ, պահում եմ ամուր, բաց չեմ թողնում, որ սրտի զարկը զգամ, որ իմանամ՝ ոնց է շնչում, որ զգամ ուրախ է, թե՝ տխուր: Բայց երբեմն մտածում եմ սիրել հայրենակիցներիս տիբեթյան սիրով. բաց թողնեմ շատ սիրելուց, չկռվեմ ու չպահանջեմ, չսպասեմ ու չստիպեմ՝ սիրեն, պայքարեն պահանջեն, ուզեն: Բաց թողնեմ հայրենակիցներիս, ոնց ուզում են ապրեն՝ տիբեթյան մեծ ու իսկական սիրո նշան որպես…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: