17 նոյեմբեր, 2014 12:42

Ամերիկան հայտնագործել են մուսուլմանները, ոչ թե Կոլումբոսը. Էրդողան

Էրդողանը Կուբայում մասնակցում է Լատինական Ամերիկայի մուսուլման առաջնորդների առաջին գագաթաժողովին Էրդողանը մասնակցում է Լատինական Ամերիկայի մուսուլման առաջնորդների առաջին գագաթաժողովին

Ամերիկան հայտնագործել է ոչ թե Քրիստոփոր Կոլումբոսը, այլ մուսուլմանները: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու խոստացել Կուբայում «այդ բլրի» վրա մզկիթ կառուցել, եթե տեղի իշխանություններն իրենց թույլտվությունը տան, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Լատինական Ամերիկայի մուսուլման առաջնորդների առաջին գագաթաժողովի՝ նոյեմբերի 15-ի փակման արարողությանը ելույթ ունենալով՝ Էրդողանն ասել է. «Մուսուլման նավաստիները Ամերիկայի ափերին են մոտեցել 1178թ.: Իր օրագրերում Քրիստոփոր Կոլումբոսը հիշատակել է Կուբայում՝ լեռան վրա, մի մզկիթի մասին»:

Թուրքական Today’s Zaman-ն էլ գրում է, թե Էրդողանն ասել է, որ «կզրուցի Կուբայի իր եղբայրների հետ այսօր այդ բլրում կրկին մզկիթ կառուցելու հարցի շուրջ»:

«Իսլամը Ամերիկա մայրցամաքի վրա տարածվել է նախքան Կոլումբոսի ժամանումը»,- ասել է Էրդողանը:

Այս տարվա ապրիլին Թուրքիայի կրոնական հարցերի գլխավոր վարչությունը (Diyanet) պատվիրակություն էր ուղարկել Կուբա՝ Հավանայի պատմական կենտրոնին հարմարեցված մզկիթի կառուցման նախագիծ առաջարկելու նպատակով:

«Մարդկանց բռնի ուժով, սրով կրոնափոխ անելը իսլամին երբեք բնորոշ չի եղել: Մեր կրոնը երբեք շահագործման գործիք չի եղել»,- ասել է Էրդողանը՝ պնդելով, որ նրանք, ովքեր գաղութացրել են Ամերիկան ոսկու ու ադամանդների համար, այժմ նույնն անում են Մերձավոր Արևելքում՝ նավթին տիրանալու համար:

Իր ելույթում Թուրքիայի նախագահը քննադատել է նաև իսլամական քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին, որի գլխավորած շարժումը խոր հակասություններ ունի Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:

«Իսլամը շահագործվում է նրանց կողմից, ովքեր Ղուրանն օգտագործում են իրենց շահերի համար, նրանց, ովքեր արտերկրում դպրոցներ են բացում»,- հայտարարել է Էրդողանը ու Լատինական Ամերիկայի մուսուլմաններին խորհուրդ տվել դժգոհությունների դեպքում կապ պահպանել Diyanet-ի հետ: