1 դեկտեմբեր, 2014 16:40

Հրազդանի կիրճ շինարարական աղբ տեղափոխողները պատժվել են

kamoԵրևանում Հրազդանի կիրճի «Կորեայի ձոր» կոչվող վայր շինարարական թափոններ ապօրինի տեղափոխողները վարչական պատասխանատվության են ենթարկվել, ասված է բնապահապանության նախարարության տարարած հաղորդագրությունում։

2014թ. նոյեմբերի 27-ին էլեկտրոնային կայքերով տարածվել էր տեսանյութ, որով տեղեկացվում էր Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձոր» կոչվող տեղանքում շինարարական թափոնների ապօրինի թափման դեպքի մասին:

Տեսանյութում ամրագրվել էր վերոհիշյալ գործողությունը կատարող «Կամազ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Վարորդներից մեկը ներկայացել էր որպես «Միկշին» ընկերության աշխատակից և ասել, որ իրեն հանձնարարել են թափոնները թափել հենց այդ վայրում:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարել է պարզել դեպքի մանրամասները: Նախարարության աշխատակիցներին «Միկշին» ընկերությունում պարզաբանել են, որ իրենց կողմից վարորդին որևէ հանձնարարություն չի եղել՝ թափոնը չնախատեսված վայրում թափելու համար:

Տեսանյութում ամրագրված երկու մեքենաների վարորդները բնապահպանական պետական տեսչության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության:

«Միևնույն ժամանակ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները կազմակերպել են քննարկում Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում, որտեղ տեղյակ են եղել Հրազդանի կիրճի այդ հատվածում կատարվող նմանատիպ իրավախախտումների մասին»,- ասված է բնապահպանության նախարարության հաղորդագրությունում։