3 դեկտեմբեր, 2014 20:46

Դրական չեզոքության հրամայականը

voch-ETMin2Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրի քննարկումը խորհրդարանում բաժանարար գծեր է անցկացնում քաղաքական ուժերի միջև։ Այդ միության դեմ արտահայտվող քաղաքական ուժերը խորհրդարանում ակնհայտ փոքրամասնություն են: Խնդրի հետ կապված պետք է արձանագրել, որ ԵՏՄ անդամակցության կողմ է կամ դեմ չէ հասարակության մեծ մասը։

Այս առումով կարելի է ասել, որ քաղաքական ուժերը ԵՏՄ անդամակցության հարցում խորհրդարանում ներկայացնում են ժողովրդի մեծամասնության տրամադրությունները։

Հասարակության շրջանում ԵՏՄ-ին կողմ լինելը բացատրվում է պրագմատիկ հաշվարկներով։ Տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և արտագնա աշխատանքի մեկնողների հսկայական թիվը չէին կարող ազդեցություն չունենալ հասարական ընդհանուր կարծիքի վրա, և դա բնական է։ Հայաստանում շատ-շատերին, որոնց եկամտի աղբյուրը պայմանավորված է Ռուսաստանով, ավելի շատ հետաքրքրում է այնտեղ, քան Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Քաղաքացիների մեծամասնության ռուսամետ տրամադրությունները պայմանավորված են օբյեկտիվ տնտեսական իրականությամբ։ Միայն տնտեսական իրավիճակի փոփոխությունը կարող է ձևափոխել հասարակական տրամադրությունները։ Իսկ հասարակության որոշ մասն էլ կողմ է կամ առնվազն դեմ չէ ԵՏՄ-ին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրով Սերժ Սարգսյանը պարզապես իրավական ձևակերպում է տալիս Ռուսաստանի կողմից Հայաստանի քաղաքացիներին պահելու ու աշխատանքով ապահովելու արդեն կայացած փաստին։ Ապաշնորհ տնտեսական քաղաքականության պատճառով երկրի տնտեսությունը ի վիճակի չէ պահելու ու աշխատատեղերով ապահովելու սեփական քաղաքացիներին, և դա Հայաստանի փոխարեն այս կամ այն չափով անում է Ռուսաստանը: Այս իրավիճակում անտրամաբանական ու անարդյունք է պայքարել Ռուսաստանի ինտեգրացիոն ծրագրերի դեմ, անիծել և Երևանի կենտրոնում հակապուտինյան կարգախոսներով պահանջել նրա հրաժարականը:

Պետք է պայքարել այնպիսի երկիր ու տնտեսություն ունենալու համար, որը հնարավորություն կտա այլ պետությունների հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցել: ԵՏՄ-ն, Պուտինը, մեկ այլ պետություն կամ ղեկավար հաստատ չեն խանգարում Հայաստանի գործող իշխանություններին պայքարելու կոռուպցիայի դեմ, անցկացնելու տնտեսական բարեփոխումներ, պայքարելու մենաշնորհների և արատավոր այլ երևույթների դեմ։ Ոչնչացված տնտեսությամբ և ոչ արդյունավետ պետական ինստիտուտներով որևէ միության անդամակցությունը հղի է մի շարք վտանգներով, ուստի ԵՏՄ անդամակցությունը ոչ թե Հայաստանի դժբախտությունների պատճառն է, այլ բնականոն հետևանքը: Պատճառը գործող իշխանությունների ավերիչ ներքին ու արտաքին քաղաքականությունն է:

Հայաստանին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ: Քաղաքական-տնտեսական արմատական բարեփոխումների առաջին պարտադիր քայլը պետք է լինի ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ապամոնտաժումը իշխանությունից։

ԵՏՄ անդամակցությունը անկախության կորուստ չէ, անկախության դե ֆակտո կորուստը երկրի տնտեսության հետևողական ավերումն է: Առանց հզոր ու զարգացող տնտեսության չկա անվտանգության և ոչ մի երաշխիք։ Յուրաքանչյուր երկրի անվտանգության համակարգում անկյունաքարային է տնտեսությունը, ռազմականը վերջին գիծն է, որը նույնպես կախված է տնտեսությունից: Ուստի ԵՏՄ անդամակցությունից խուսափելու և Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունների փոխարեն գործընկերական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանում տիրող ստատուս քվոն։

Հակամարտություններով լի բարդ տարածաշրջանում, Արևմուտք-Ռուսաստան հարաճուն դիմակայության պայմաններում Հայաստանի կողմից դրական չեզոքություն պահպանելու քաղաքականությանն այլընտրանք չկա։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: