4 դեկտեմբեր, 2014 14:35

Ճգնաժամերն ու իշխանական արկածախնդրությունը

Կենտրոնական բանկի՝ ճգնաժամերում լավ հնարավորություններ որսալու ցանկությունը միայն խորացրեց ճգնաժամը: Կենտրոնական բանկի՝ ճգնաժամերում լավ հնարավորություններ որսալու ցանկությունը միայն խորացրեց ճգնաժամը:

Հայաստանում ճգնաժամերի մեջ դրական հնարավորություններ տեսնելն ու դրան պատշաճ չպատրաստվելը իշխանության մոտ կարծես յուրօրինակ ախտորոշում է դարձել։ Արդեն սովորական երևույթ է, երբ ճգնաժամից առաջ կամ դրա ընթացքում իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ ճգնաժամը լավ հնարավորություններ է ընձեռում, մինչդեռ արդյունքում այն իր սև գործն է անում՝ վնաս տալով հանրության մեծ մասին:

2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը կարող է շահել այդ իրավիճակից: Եվ որքան էլ զավեշտալի է՝ հաջորդ տարի երկրում գրանցվեց 14.4 տոկոս տնտեսական անկում, որից մինչ այսօր տնտեսությունն ուշքի չի գալիս և չի հասնում 2008թ. ՀՆԱ-ի մակարդակին։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ոչ թե պատրաստվեց ճգնաժամին, այլ մոլորության մեջ գցեց բոլորին՝ իբր հնարավոր է օգտվել այդ վատթար իրավիճակից: Միգուցե առաջին հերթին ճգնաժամի՞ն պետք է պատրաստվել, այլ ոչ թե հնարավորություն փնտրել դրա մեջ:

«Ճգնաժամ» երևույթի մասին նույն պատկերացումն ունի Սերժ Սարգսյանը. նա ևս ինչ-որ հնարավորություններ ակնկալող քաղաքական գործիչ է: Օգոստոսին Սոչիում «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարեց, որ Ռուսաստան-Արևմուտք փոխադարձ պատժամիջոցները որոշակի հնարավորություն են ստեղծում Հայաստանի արտադրողների համար և թույլ տալիս, որ վերջիններս սպառեն իրենց ապրանքները Ռուսաստանում: Փորձը ցույց տվեց, որ հայկական ապրանքները չեն համապատասխանում ռուսական շուկայի պահանջարկին, ավելին՝ Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով սկսված ճգնաժամը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա: Նույնիսկ տնտեսական աճի թվերը վերանայվեցին Ռուսաստանի խնդիրների պատճառով: Ահա և ճգնաժամերում հնարավորություններ ու օգտվելու լավ առիթներ փնտրող Սարգսյանի քաղաքականության արդյունքները:

Կենտրոնական բանկն այս  առումով հետ չմնաց. նոյեմբերին արտարժույթի շուկայում ստեղծված ճգնաժամին պատշաճ արձագանքելու փոխարեն՝ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ դրամը արժեզրկվում է՝ «նպաստելով արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին»: Կենտրոնական բանկի հայտարարությունից հետո շուկայում խուճապն էլ ավելի մեծացավ, ու դեկտեմբերի 2-ին դոլարի վաճառքի գինը հասել էր 465 դրամի: Կենտրոնական բանկի՝ ճգնաժամերում լավ հնարավորություններ որսալու ցանկությունը միայն խորացրեց ճգնաժամը:

Իհարկե, միշտ էլ կարելի է ճգնաժամերից օգտվել, բայց դրա համար նախ պետք է պատրաստ լինել դիմակայելու այդ իրավիճակին, այնուհետև ստեղծված սահմանափակ հնարավորություններն օգտագործելու մասին մտածել: Պետք չէ մոռանալ, որ ճգնաժամն իր բնույթով ավելի շատ սահմանափակում է հնարավորությունները, ու դրանում միայն օգուտներ փնտրելը պարզապես արկածախնդրություն է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: