5 դեկտեմբեր, 2014 12:50

Թուրքիան ալևիների համար կոսմետիկ բարեփոխումներ է անում. Օրհան Քեմալ Ջենգիզ

Ջեմևիներում ալևիներն անցկացնում են իրենց կրոնական, այդ թվում՝ հոգեհանգստի արարողությունները Ջեմէվիներում ալևիներն անցկացնում են իրենց կրոնական, այդ թվում՝ հոգեհանգստի արարողությունները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեկտեմբերի 2-ին վճռել է, որ ալևիների պաշտամունքի վայրերը՝ ջեմէվիները, էլեկտրականության ծախսերից ազատելու Թուրքիայի ձախողումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ խտրականության մասին հոդվածը: Թուրքիայի դեմ հայց էր ներկայացրել Հանրապետական կրթության և մշակույթի հիմնադրամը (Cumhuriyetçi Eğitim ve Kültür Merkezi Vakfı), որը բազմաթիվ ջեմէվիներ է ղեկավարում Թուրքիայում: Հայցում հիմնադրամը բողոքել է Թուրքիայի իշխանությունների դեմ, որոնք ջեմէվիները չեն ազատել էլեկտրականության հաշիվների վճարումից: Հայցվոր կողմը պնդել է, որ Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը խտրական է ջեմէվիների նկատմամբ, քանի որ մզկիթների, եկեղեցիների ու սինագոգերի դեպքում պետությունը հոգում է էլեկտրականության ծախսերը: Ջեմէվիներն այսօր Թուրքիայում պետական մակարդակով չեն ճանաչվում որպես պաշտամունքի վայրեր՝ եկեղեցիների, մզկիթների ու սինագոգերի պես: ՄԻԵԴ-ի դատավճռից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  հայտարարել է, որ Եվրադատարանի որոշումը չի կարող ազդել կառավարության ընթացիկ նախաձեռնությունների վրա, որոնք միտված են ալևիական համայնքի խնդիրների լուծմանը: Այս առթիվ Today’s Zaman-ի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը «ԱԶԿ-ն շարունակում է իր կոսմետիկ բարեփոխումներն ալևիների համար» վերնագրով իր հոդվածում անդրադարձել է նոյեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Դերսիմ այցին և ալևիների համար հռչակված բարեփոխումների փաթեթին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն գնաց Թունջելի, որը տեղացիներն անվանում են Դերսիմ, և արեց որոշ խորհրդանշական ժեստեր, ինչպես օրինակ՝ Թունջելիի համալսարանի վերանվանումը Մունզուրի համալսարանի, որը սրբազան անուն է Թունջելիի ալևիների համար: Նա վերադարձավ Անկարա՝ մտածելով, որ ինչ-որ բան է արել ալևիների համար այս երկրում: 

Բոլոր ալևիները ցանկանում են իրավահավասար լինել այս երկրում: Նրանց ցանկությունն է, որ ոչ ոք չորակի իրենց համոզմունքները, ոչ ոք չհանդգնի ասել, որ ջեմէվիները պաշտամունքի վայրեր չեն:

Դավութօղլուն, առանց շոշափելու ալևիների համար առանցքային այս պահանջերից և որևէ մեկը, պնդում է, որ իր կառավարությունը ինչ-որ բան է անում ալևիների համար: Դավութօղլուն չի հասկանում, որ ալևիները նվաստացած են զգում իրենց, զգում են, որ հարգված չեն, և, ցավոք, Դավութօղլուն միայն խորացնում է այս զգացմունքները՝ անտեղին քայլեր ձեռնարկելով ալևիների պահանջները կատարելու ուղղությամբ:

Հարցի առանցքում ընկած է ալևիների համոզմունքների ու ինքնության հանդեպ խոր անարգանքը: Այս կառավարությունը և դրա կարգադրությամբ գործող կառույցները, ինչպես օրինակ՝ Կրոնական հարցերի վարչությունը (Diyanet), հայտարարում են, որ ջեմէվիները չեն կարող պաշտամունքի վայրեր համարվել, քանի որ Diyanet-ը հավատում է, որ չկա այնպիսի բան, ինչպիսին ալևիական կրոնն է. ալևիզմը դիտարկվում է ընդամենը որպես իսլամի ենթաբաժին: Հենց այստեղից է սկսվում խնդիրը: Դու չես կարող կանոններ սահմանել մյուսների կրոնական հարթությունում՝ հենվելով սեփական կրոնական համոզմունքների վրա: Վարչությունը փորձում է կարգավորել ալևիների կրոնական հարցերը՝ ելնելով սուննիական համոզմունքներից ծագող կանոններից և սկզբունքներից: Ալևիները ջեմէվիներում անցկացնում են իրենց կրոնական, այդ թվում՝ հոգեհանգստի արարողությունները, և Թուրքիայի պետական կառույցները հանդգնում են ասել, որ նրանց պաշտամունքի վայրը պաշտամունքի վայր չէ:

Ալևիների համոզմունքների մշտական հերքումը դրդում է նրանց օգնության դիմել, օրինակ՝ բողոքի հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան,  որը վերջերս «Հանրապետական կրթության և մշակույթի հիմնադրամն ըդդեմ Թուրքիայի» գործով կարևոր դատավճիռ է կայացրել: Դատարանը վճռել է, որ ջեմէվիներին ֆինանսական ծախսերից չազատելը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որով արգելվում է մարդկանց հանդեպ խտրականությունը ցանկացած հողի վրա, այդ թվում և՝ կրոնական: Այս դատավճիռը հստակ ազդանշան է Թուրքիային՝ վերջ տալ այս քաղաքականությանը, որը խախտում է կրոնի ազատությունը, միևնույն ժամանակ՝ ալևի քաղաքացիների իրավունքները:

Մերժելով ջեմէվիներին տրամադրել պաշտամունքի վայրի կարգավիճակ և ստիպելով ալևի աշակերտներին անցնել կրոնական պարտադիր դասընթացներ՝ Թուրքիան ոտնահարում է ալևիների հիմնարար իրավունքները: ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային 2007 և 2014 թվականների իր դատավճիռներում: Երկու գործերում ՄԻԵԴ-ը վճռել է, որ պարտադիր դասընթացներով սուննիական համոզմունքները պարտադրվում են ալևիներին և խախտում նրանց կրոնի ազատության իրավունքը: Կառավարությունն, այդուհանդերձ, շարունակում է քարշ տալ ոտքերը կրոնական պարտադիր դասընթացները վերացնելու հարցում: Դրա փոխարեն՝ նրանք փորձում են կոսմետիկ փոփոխություններ անել՝ հետագայում քննադատությունից խուսափելու համար: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը [ԱԶԿ, Թուրքիայի կառավարող կուսակցություն - ՍիվիլՆեթ] չի կարող հասնել նրան, որ ճանաչի ալևիների կրոնի ազատությունն ու նրանց վերաբերվի որպես իրավահավասար քաղաքացիների: ԱԶԿ-ն շարունակում է բացել բարեփոխումների դատարկ տուփեր և արտասանել հրաշալի, սակայն ալևիների համար անիմաստ խոսքեր: