5 դեկտեմբեր, 2014 18:23

Պետություն, միա՛կս, սիրելի՛ս…

mher sedrakyanԴժվար ժամանակները սկսվել էին, ռուսական «Oմոնն» արդեն Ղարաբաղում էր: Բնակչությունը սարսափելի պաշտպանված էր՝ «սարսափելի» բառի ուղղակի իմաստով: Ռուսերենի նախկին ուսուցչուհի տատս իր նախկին աշակերտուհուն, որը մտավոր խնդիրներ ուներ, թեև արդեն հասուն բիոլոգիական տարիքում էր, հոգատար խորհուրդ էր տվել ստացած գումարով գյուղի խանութից կարևոր չփչացող մթերքներ գնել, դնել պահարանի մի անկյունում՝ դժվար ժամանակներ են գալիս, որ ուտելու բան ունենա գոնե: Հավանաբար հարգանքից բացի՝ հոգատարությունից էր շոյվել նախկին աշակերտի՝ բնության կողմից չշոյված հոգին ու միտքը, ու ընդամենը մեկ օր անց նա եկել էր նախկին ուսուցչին հաշվետվություն տալու: Ասել էր. «Ընկեր Մուսայելյան, տասը պաժկա (տուփ) աղ ըմ առալ»: Աղը… Առաջին անհրաժեշտության մթերքը: Ռուսական ալիքներն ասում են «գրեչկան» թանկացել է: Հոգ չէ: Մենք «գրեչկա» ուտող ազգ չենք: Մեր հանապազօրյան ուրիշ հացահատիկ է: Ռուսական ալիքներն ասում են` հագուստ գնեք, շատ է թանկանալու: Նախազգուշացնում են՝ շեշտն իհարկե դնելով սառնասիրտ Արևմուտքի վրա, որը զրկեց ռուս մուժիկին «ինոմարկայից», գրեչկայից ու Լուի վիտոնից: Բայց հասկանալով հանդիսավոր մոտեցող ճգնաժամի անխուսափելիությունը՝ փորձում են նախապատրաստել բնակչությանը՝ թեկուզև բողոքի վեկտորին ուղղություն տալով, բայց նախապատրաստում են ամեն դեպքում:

Մերոնք բան չեն ասում: Գնացինք խորտակվող նավի տախտակամածում կանգնեցինք գոհ, որովհետև ինչպես ասում է ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, «առանց ռուս ազգի մենք չենք կարա գոյատևենք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի, որ մենք ռուսի հետ չեղանք՝ մեզ ուտելու են»: Գեշ անկեղծություն: Հասկանար՝ ինչ է ասում՝ չէր ասի: Հայերի ճնշող մեծամասնությունը հենց այսպես գիտի կյանքը, իր տեղը կյանքում ու իր ինքնագնահատականը, որովհետև բնօրրանից տգետ է, խանձարուրից՝ անլվա, անկամ, խավարասեր: Ամաչելու վիճակ: Որովհետև եթե անգամ, եթե նույնիսկ, մինչև իսկ եթե մենք չենք էլ կարող, եթե մեր գլխին մեկը պետք է, ապա սա ասելու ձևն էլ այս դարում այլ է: Մնացիք աթարի կողքին գերդաստանով քնող ցեղը:

Բա մենք ի՞նչ մեղք ունենք, որ այդպիսին չենք: Մենք ո՞ւր գնանք: Երանի Սեյրան Սարոյանը ճիշտ լիներ, ու մենք էլ «Եվրանյուզին» միանայինք: Այ քեզ պատգմավորական միտք՝ բարբարոս ու անկեղծ: Չգիտեմ՝ ինչ կլինի։ Գուցե քաղաքական բախտը ժպտա ժպիտով առեղծվածի, ու Ռուսական կայսրությունը փլվի սեփական տխմարության տակ, ու մենք էլի անկախանանք մեզնից անկախ, բայց մեր կոկորդի օղակը ձգողը Մհեր Սեդրակյանի տեսակետն է, որովհետև այն բազմապատկվում է տասը հազարով ու շատ ավելին․ չգիտեմ՝ աշխարհում քանի հայ կա հիմա:

Ռուսաստանը հասկանում է, որ իր «Ծիտանիկը» խորտակվում է, ու էսպես կամաց-կամաց զգուշացնում է իր համր բնակչությանը, որ շոր առնեն, կոշիկ, գրեչկա, կաթի փոշի: Բա դուք ինչո՞ւ եք լռել՝ մենք առնելու բան չունե՞նք: Մեզ պետք չէ՞ նախապատրաստել։ Թե՞ մեզ «լուծը» կկերակրի, կհագցնի: Միգուցե գիտեք, թե «լուծը» մա՞րդ է: Չէ, «լուծ» նշանակում է զույգ եզան վզին ամրացվող երկար փայտ, «լուծ» նշանակում է պարտականություն, բեռ: Իսկ «լծի տակ» լինել՝ նշված պատգամավորների բառաֆոնդում մի լավ բառ կա, եթե փորձեն փոխարինել դրանով՝ գուցե հասկանան՝ ինչ են ասում ու անհարմար զգան: Ախր ամեն մարդ իր բառն ունի՝ սրտին մոտիկ ու հասկանալի:

Պետությո՛ւն, սիրելի՛ս, միա՛կս, քո կուռք Ռուսաստանն իր բնակչությանն ասում է՝ ինչ անեն, որ դիմանան դժվար օրերին, իսկ դու մի գյուղի ռուսերենի ուսուցչի չափ էլ չկաս, որ ասես՝ դժվար ժամանակներ են գալու, ինչ առնենք, ոնց անենք, որ դիմանանք, ախր «Ծիտանիկը» խորտակվելու է ամենայն հավանականությամբ: Մի՞թե բան չունես ասելու ժողովրդիդ... Բա եթե գնանք աղ առնենք տասը տուփ, ո՞նց է լինելու։ Չէ՞ որ մենք էլ մտքով չենք փայլում, ինչպես այն խեղճուկրակը, որը ռուսական «Օմոնի» հաշտարար լպիրշության օրոք գնում ու աղ է առնում դժվար օրերի համար:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: