11 դեկտեմբեր, 2014 09:06

Օմբուդսմենի տնտեսագիտական էվրիկան

karen andreasyanՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տնտեսագիտության ոլորտում նոր հայտնագործություն է արել: Նա պարզել է, որ Հայաստանի տնտեսական խնդիրների մեղավորը Թուրքիան և Ադրբեջանն են: Ըստ Անդրեասյանի՝ Հայաստանում մարդկանց իրավունքները կոպտորեն ոտնահարողները հարևան երկու երկրներն են:

Իհարկե, երբ 2009թ. մարտի 3-ին դրամը կտրուկ արժեզրկվեց, իսկ մինչ այդ Կենտրոնական բանկը խորհուրդ էր տվել քաղաքացիներին խնայողությունները դրամով պահել, մեղավոր է Թուրքիան, ավելի կոնկրետ` վարչապետ Էրդողանը, որի մասնակցությամբ Կենտրոնական բանկը սկզբից խաբեց քաղաքացիներին, իսկ հետո արժեզրկեց դրամը:

Անդրեասյանը հայտնաբերել է, որ Հայաստանի աղքատության, տնտեսական խնդիրների մեղավորը նույնպես երկու հարևան երկրներն են: Իհարկե մենք գնահատում ենք նրա թիմի տնտեսագիտական էվրիկան, բայց միևնույն ժամանակ ցանկանում մի քանի փաստ նշել: 1998-2008 թթ. Հայաստանում աղքատությունը 49 տոկոսից հասել է 26 տոկոսի: Եթե իսկապես Ադրբեջանն ու Թուրքիան կարող են խոչընդոտել, ապա ինչպե՞ս ստացվեց, որ այդ տարիներին մոտ 23 տոկոս նվազել է աղքատությունը: Ի դեպ, 2008-13 թթ. աղքատությունը 26 տոկոսից հասել է 37 տոկոսի: Անդրեասյանի թիմի տնտեսագետները կարող են տեսնել հարևանների դավադրությունը այս աճի մեջ, բայց չտեսնել Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած տնտեսական քաղաքականությունը:

Անդրեասյանի ելույթի որոշ շեշտադրումներ հիշեցնում են Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարի ելույթը, որտեղ Սարգսյանը Հայաստանի տնտեսական զարգացումը բաժանեց 3 նախագահների կառավարման շրջանների ու գովեց իր կառավարման շրջանը: Կարեն Անդրեասյանն իր հերթին երեք նախագահների կառավարման շրջաններից օրինակներ է նշել. իհարկե, առաջին և երկրորդ նախագահների կառավարման շրջանից բերել է բացասական օրինակներ, միայն Սարգսյանի կառավարման փուլի օրինակն է սկսվել նախկինում և դրական ավարտ ունեցել նրա օրոք:

Ըստ օմբուդսմենի՝ Հայաստանի տնտեսական խնդիրների համար մեղավոր են բոլորը, բայց ոչ երբեք Հայաստանի իշխանությունները։ «Օտարերկրացիներն ու Հայաստանի հետ ինտենսիվ կապ չունեցող Սփյուռքը մնում են ժամանակավրեպ ու առասպելական պատկերացումների մեջ: Սա նվազեցնում է ներդրումները, խոչընդոտում տնտեսական զարգացմանը և խորացնում աղքատությունը»,- հայտարարել է նա։ Փաստորեն պարզվում է, որ ներդրումների նվազման համար էլ մեղավոր են օտարերկրացիներն ու Սփյուռքի պատկերացումները: Չգիտես ինչու, այդ պատկերացումները հիմնականում վատթարացել են Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում, որովհետև 2008թ. ներդրումները Հայաստանում կազմել են ՀՆԱ-ի 43 տոկոսը, իսկ 2013թ. նվազել են ու հասել 23 տոկոսի:

Հասկանալի է, որ օմբուդսմենը փորձել է մեր խնդիրների պատճառ տեսնել Հայաստանից դուրս գտնվող գործոնները, սակայն հիմնավորման համար ընտրել է հին ու փաստարկների չդիմացող թեզեր ու հայտնվել զավեշտալի վիճակում։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: