19 դեկտեմբեր, 2014 14:56

Որքան էլ Թուրքիան դեգերի՝ վերադառնալու է ԵՄ-ին. Ջենգիզ Աքթար

Cengiz Aktar Sealed GateԹուրքական Today’s Zaman պարբերականում լույս է տեսել հայտնի քաղաքագետ, լրագրող և գրող Ջենգիզ Աքթարի հոդվածը՝ «Դեկտեմբերի 17-ը» վերնագրով: Հեղինակն անդրադառնում է Թուրքիայի՝ Եվրոպական Միությանն (ԵՄ) անդամակցության գործընթացին, վերլուծում իրավիճակը 2005թ. բանակցությունների մեկնարկից ի վեր և ցավով արձանագրում, որ գործընթացը հսկայական փուչիկ է հիշեցնում, որը «լի է տաք օդով»: Աքթարը գրում է, որ ուր էլ գնա Թուրքիան՝ մեկ է՝ վերադառնալու է ԵՄ-ին, քանի որ Միությունը կենսական այն դեղամիջոցն է, որն անհրաժեշտ է «անառողջ այդ հողերին»: Հոդվածը որոշ կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև:

Դեկտեմբերի 17-ը, որի մասին գրում եմ, վերաբերում է Բրյուսելում ԵՄ խորհրդի 10-ամյակին, երբ տրվեց Թուրքիայի և ԵՄ-ի միջև անդամակցության բանակցությունների մեկնարկը: 2004թ. դեկտեմբերի 19-ին Radikal թերթը գրել էր. «Եվրոպական Միության գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումը վարչապետ Էրդողանը հայտարարեց «տոն»… Ուշագրավ էին Թուրքիայի և ԵՄ-ի դրոշները՝ ճանապարհների երկայնքով, ինչպես նաև Անկարայի Քըզըլայ հրապարակում հսկայական փուչիկները, որոնց վրա պատկերված էին Թուրքիայի և ԵՄ-ի դրոշները»:

«Հսկայական փուչիկը» կատարելապես բնութագրում է այն կետը, որին հասել ենք ԵՄ-ի հետ: Այն բոլորին երևում է, սակայն լի է տաք օդով: Դա շատ հարմար է: ԵՄ առաջնորդներն ու հանձնակատարները գնում-գալիս են, հանձնառություններ են ստանձնում: Այսպիսով՝  «Էրդողանի մամուլը» կարողանում է տեղական շուկայում «վաճառել» մեր նախագահին տրված խոստումները: Ավելին՝ երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ կառավարության կողմից օգտագործվում են իր «ժողովրդավարական» գործողությունները պատկերելու համար: Իրականում բանն այն է, որ Թուրքիան՝ բանակցություններ վարող թեկնածու երկիրը, շատ վաղուց ձախողել է ԵՄ-ի հետ բանակցություններում Կոպենհագենյան պարտադիր չափանիշների իրագործումը:

Գործնականում 2005թ. հոկտեմբերից հետո (երբ սկսվեցին անդամակցության բանակցությունները) կառավարությունը մի կողմ դրեց ԵՄ-ի հետ կապված գործը: Երբ ես հայացք եմ գցում 2005թ. հոկտեմբերից ի վեր գրած իմ հոդվածներին, նկատում եմ մի շարք ահազանգեր: Նայելով ներկայիս ահավոր իրավիճակին՝ շատերը եզրակացնում են, որ ԱԶԿ-ին [Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցություն - ՍիվիլՆեթ] լիբերալների ցուցաբերած աջակցությունը, պարզապես կուրություն էր և կատարյալ սխալ: Սակայն այս աջակցությունը մշտապես պայմանավորվել է ԵՄ-ին անդամակցության շրջանակում բարեփոխումներով:

Այդ աջակցությունն այսօր էլ կցուցաբերվեր, եթե անհրաժեշտ լիներ: Այդ լիբերալներն ու ժողովրդավարները, որոնք այժմ ընդդիմության շարքերում են, երբեք չեն անտեսել իրենց աջակցության պայմանը, և անշուշտ, չեն սպասել մինչև այսօր, որ ահազանգ հնչեցնեն:

ԵՄ-ին անդամակցելու համար իրականացվող բարեփոխումները ոչ միայն ֆունկցիոնալ էին, երբ բանը հասնում էր կառավարող կուսակցության քաղաքական ռազմավարության խթանմանը, այլև գոտեպնդում էին հասարակությանը: Թուրքիայի՝ փոխվելու ցանկության և ԵՄ-ի միջև փոխգործակցությունը խթանեց բարեփոխումներ, որոնք գործի դրեց ԱԶԿ-ի կառավարությունը, սակայն փոփոխության գործակալները մարդիկ էին: Հենց այս ժամանակահատվածում էր, որ հասարակությունը վերջապես ձերբազատվեց զսպաշապիկից, որը պարտադրված էր կրել բոլոր այդ տարիներին, թերևս՝ 1913թ. երիտթուրքերի ի հայտ գալուց ի վեր:

Թուրքիան անթիվ հնարավորություններ բաց կթողնի՝ ԵՄ-ին անդամակցության հնարավորության թուլացմանը զուգընթաց: Ի վերջո, ԵՄ-ի հետ ներդաշնակեցմանն ուղղված բարեփոխումները չափազանց անհրաժեշտ դեղամիջոց էին այս «անառողջ» հողերի համար: Դրանք հնարավորություն էին ազատվելու այն սխալներից, որոնք կրկնել են այդքան շատ զարգացող երկրներ և տնտեսություններ: Բարեփոխումները հնարավորություն էին վերջապես աղբամանը նետելու դոգման, թե իսլամն ու ժողովրդավարությունն անհամատեղելի են: Եվ իհարկե, դրանք հնարավորություն էին նաև Արևմտյան Եվրոպայի համար, որն իր կազմում երբեք չի ունեցել ոչ քրիստոնեական հավատք, որին իրավահավասար կարգավիճակ կհատկացվեր:

Այդուհանդերձ, իշխող վերնախավի ջանքերը փորձել և ստիպել, որ հասարակությունը նոր զսպաշապիկ հագնի, դատարկ են: Հասարակությունն առհավետ գոտեպնդված է: Կարճ ասած՝ կառավարության հռչակած «Նոր Թուրքիայի» միջոցով այլևս հնարավոր չէ վերադառնալ Օսմանյան կեղծ ժամանակաշրջան, ոչ էլ հնարավոր է վերադառնալ արհեստական Թուրքիայի, որի մասին երազում են ազգայնականները: Թուրքիան կարող է դեգերել և դեգերել, սակայն միշտ կվերադառնա ԵՄ-ին, քանի որ, չնայած այսօրվա մեծ պատրանքներին, իսկապես ուրիշ տեղ գնալու տարբերակ չկա: Ինչևէ, հիշեք՝ անցումն առանց ԵՄ-ի ծանր է լինելու, և հնարավոր է՝ թուրքերն առաջին անգամ ծանր գին վճարեն հասարակական նոր դաշինքի հասնելու համար: