24 դեկտեմբեր, 2014 16:12

Սերժ Սարգսյանի «հրաշքը»

9499_bԴեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարում՝ խոսելով իր կառավարման շրջանի տնտեսական «հրաշքի» մասին: Ինչպես հաճախ լինում է, Սարգսյանը փորձում էր կենտրոնոնանալ որոշ թվերի վրա, որպեսզի ցույց տա «հրաշքի» արդյունքները՝ մոռանալով, սակայն, որ ամբողջական պատկերում այդ թվերով հնարավոր չէ տնտեսական «հրաշք» նկարագրել:

Սարգսյանը հայտարարեց, թե իր կառավարման շրջանում Հայաստանն ունի «նորարարությամբ առաջ մղվող գիտելիքահեն» տնտեսություն: Որպես ինֆորմացիա՝ նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի 2013թ. հրապարակած զեկույցի՝ Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Իսկ մոնոպոլիզացված տնտեսությունում խոսել գիտելիքահեն տնտեսության մասին առնավազն ցինիզմ է:

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանում գործազրկությունը 2005թ. եղել է 31.2%, իսկ 2014թ. այն կգտնվի 16%-ի շրջանակներում: Սարգսյանի կառավարման ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ գործազրկությունը կրճատվում է, սակայն աղքատների թիվը մեծանում է, իսկ արտագաղթն ավելանում (Սարգսյանի կառավարման շրջանում ՀՀ-ից հեռացել է մոտ 300 հազ. քաղաքացի): 2008թ. Հայաստանում աղքատությունը կազմում էր բնակչության 26%-ը, իսկ 2013թ. այն հասավ 37%-ի: Այսինքն, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանում աղքատությունն աճեց 11%-ով: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ աշխատող մարդկանց թվի աճը գրեթե համաչափ է աղքատների թվի աճին:

Դեկտեմբերի 22-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սարգսյանը իր նստավայրում ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Այդ ժամանակ նա ասել է. «Աշխարհի յուրաքանչյուր պետությունում, յուրաքանչյուր տնտեսությունում, նույնիսկ ամենահզոր տնտեսություններում, ինչպիսիք Միացյալ Նահանգների տնտեսությունն է, Եվրամիության միասնական տնտեսությունն է, միշտ էլ հնարավոր են բարդություններ, դժվարություններ»: Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր երկրում լինում են դժվարություններ, սակայն մեր դժվարությունները տևում են ամենաերկարը: Օրինակ, Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ դեռ չի հասել 2008թ. մակարդակին: Ու այս ամենի պատճառը հենց Սարգսյանի ընտրած տնտեսական մոդելն է, որի նպատակն է կենտրոնացնել տնտեսական ռեսուրսները իր ձեռքում: Եվ նա փորձում է մեղքը բարդել արտաքին գործոների վրա:

Սարգսյանը տարին համարել է հաջողված և արդյունավետ: Ի դեպ, դեռ 2013թ. Սարգսյանը հայտարարել էր. «Այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7% տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: Իհարկե, ոչ 2013թ., ոչ էլ 2014թ. կառավարությունը չի ապահովել այդ ցուցանիշը, սակայն ավելի հետաքրքիրն այն է, որ տարեսկզբին կառավարությունը տնտեսական զարգացման թիրախ էր հռչակել 5%-ը: Հետագայում Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել թիրախային 5% աճը, այլև տնտեսական աճը ցածր կլինի ԱՄՀ-ի կանխատեսած 4.3%-ից ցածր:

Տարեվերջին դրամի փոխարժեքի տատանումները հավելյալ խնդիրներ են ստեղծել տնտեսության համար, որի պատճառով նաև գնաճ է տեղի ունեցել: Նման պայմաններում ինչպե՞ս է Սարգսյանը խոսում տնտեսական հաջողության, աճի կամ նման ինչ-որ բանի մասին:

Սերժ Սարգսյանը կարող է խոսել տարվա ընթացքում գրանցված լավ եղանակի, սպորտսմենների հաջողության, Հայաստանից մասին CNN-ի նկարահանած տեսանյութի մասին, բայց ոչ երբեք իր կառավարման շրջանի տնտեսական հաջողությունների մասին, որովհետև իրականում նման բան չի եղել:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: