29 դեկտեմբեր, 2014 14:48

Թուրքիայում դեմ են Նոր տարվա տոնակատարություններին

Turkey New YearԹուրքիայի Սևծովյան տարածաշրջանում գտնվող Բարթընի շրջանի կրթության վարչության պետ Յաշար Դեմիրը դպրոցների տնօրեններին sms-  հաղորդագրություն է ուղարկել՝  Նոր տարվա տոնակատարությունները  համարելով «քրիստոնեական քարոզչություն»: Նա կոչ է արել  դպրոցի տնօրեններին՝ չնշել այն և միաժամանակ թույլ չտալ, որպեսզի երեխաները տարվեն այդ տոներով:

108 տնօրենների ուղարկված sms-հաղորդագրության մեջ ասված է. «Հարգելի դպրոցի տնօրեններ, թույլ մի՛ տվեք, որ քրիստոնեական քարոզչության արգասիք հանդիսացող Նոր տարվա տոնակատարությունները, որոնք հակասում են Անատոլիայի  սովորույթներին ու ավանդույթներին, գերիշխեն Անատոլիայի դպրոցներում սովորող աշակերտների գիտակցության վրա»:

Այնուհետև Յաշար Դեմիրը, մեկնաբանելով իր իսկ հայտարարությունը,  ասել է, որ թեև տարեմուտի տոնակատարությունները որևէ կապ չունեն իսլամի հետ, այնուամենայնիվ ոմանք նշում են այն:  Թուրքիայում գոյություն ունի հոսանք, որը դեմ է հանդես գալիս Նոր տարվա տոնակատարություններին, իսկ Ձմեռ պապին համարում է այլասերվածության աղբյուր:

Դեկտեմբերի 25-ին` կաթոլիկների Սուրբ ծննդյան առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել երկրի քրիստոնյաներին ու ընդգծել հանդուրժողականության կարևորությունը:

«Պատմության ընթացքում Անատոլիան եղել է մի վայր, որտեղ կողք կողքի ապրել են տարբեր հավատքների, մշակույթների ու ազգությունների մարդիկ, որտեղ երբեք բերրի հող չի եղել ռասսայականության, խտրականության, ատելության ու թշնամանքի համար»,- ասել է Էրդողանը: